Գլխավոր էջ Վնասի նվազեցում Ինչու՞ օգտագործել կալցիումով հարուստ սնունդ

Ինչու՞ օգտագործել կալցիումով հարուստ սնունդ

504
0

Կալցիումն օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է, ուստի այն բավարար քանակությամբ օգտագործելու անհրաժեշտության մասին շատերն են լսել։ Այս տարրը սովորաբար ասոցացվում է միայն ոսկորների ու ատամների առողջության հետ, սակայն իրականում այն շատ ավելի օգտակար է քան շատերն են ենթադրում։

Մարդու օրգանիզմում կալցիումը պարունակվում է բոլոր մյուս հանքանյութերից շատ, ուստի զարմանալի չէ, որ այն կարող է լուրջ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։ Շատերին է հայտնի, որ կալցիումով հարուստ մթերքի գործածությունը շատ կարևոր նշանակություն ունի օստեոպորոզի՝ ոսկրային հյուսվածքները քայքայող հիվանդության կանխարգելման համար, սակայն ոսկրային հյուսվածքների ամրության պահպանումն այս տարրի միակ առավելությունը չէ։

Մասնագետները ներկայացրել են այս օգտակար հանքանյութի ամենակարևոր հատկությունները՝ նշելով չորս պատճառ կալցիումով հարուստ մթերք ուտելու համար։

Կարգավորում է մկանների աշխատանքը

Կալցիումը նպաստում է սպիտակուցների փոխգործակցությանը մկանների կծկումների ժամանակ, իսկ այս մեխանիզմը շատ կարևոր է, քանի որ մկանները պատասխանատու են բոլոր շարժումների համար։ Մկանների շնորհիվ է մարդը քայլում, շնչում, խոսում, շարժում աչքերն ու արտահայտում հույզերը դիմախաղի միջոցով և հենց մկանների շնորհիվ է օրգանիզմն իրականացնում արյան շրջանառությունն ու մի շարք այլ կենսական նշանակություն ունեցող գործառույթներ։ Որպեսզի բոլոր մկանները ճիշտ աշխատեն, օրգանիզմը պետք է ստանա բավարար քանակությամբ կալցիում, ուստի այս տարրով հարուստ մթերքի գործածությունը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար։

Կարգավորում է արյան մակարդելիությունը

Կալցիումն օգնում է կանխել արյան զգալի կորուստն արյունահոսությունների դեպքում։ Արյան մակարդման գործընթացը շատ բարդ է և ներառում է մի շարք քիմիական տարրեր, որոնցից մեկն էլ կալցիումն է։ Այս հանքանյութը նպաստում է արյան թանձրացմանը՝ կանխելով մեծ քանակությամբ արյան հոսքն անոթի վնասվածքների դեպքում։

Նվազեցնում է զարկերակային բարձր ճնշումը

Կալցիումով հարուստ մթերքն օգնում է ամրապնդել անոթների պատերը։ Բացի այդ, այն բարձրացնում է աղի նկատմամբ զգայունությունն ու այդ կերպ պայքարում է զարկերակային բարձր ճնշման դեմ։

Պաշտպանում է քաղցկեղից

Հետազոտությունները ցույց են տվել, որ կալցիումով հարուստ սննդակարգը նաև պաշտպանում է քաղցկեղի որոշ տեսակներից։ Այս տարրը կարող է շատ արդյունավետ լինել հաստ աղիքի քաղցկեղի, շագանակագեղձի քաղցկեղի ու կրծքագեղձի քաղցկեղի դեպքում։

Կալցիումի օրական անհրաժեշտ չափաբաժինն ու դրա լավագույն աղբյուրները

Հասուն մարդու օրգանիզմին օրական հարկավոր է առնվազն 1000 մգ կալցիում։ Սակայն հարկ է հիշել, որ այս տարրի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 2500 մգ-ը, քանի որ դրա ավելցուկը նույնպես կարող է խիստ բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա։

Կալցիումով հարուստ սննդամթերքի տեսակների շարքում առաջատարն են կաթը, կաթնաշոռն ու պանիրը։ Որպես կալցիումի բուսական աղբյուր կարելի է սննդակարգում ներառել ընկույզներ (նուշ, պեկան ընկույզ, բրազիլական ընկույզ, պիստակ), թուզ, քունջութի սերմեր, բրոկոլի, մանանեխի կանաչ հատվածները, տերևավոր կաղամբ, բամիա, նարինջ ու նարնջի հյութ, ինչպես նաև արևածաղկի սերմեր։

Նյութի աղբյուրը՝ Food News

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ