Գլխավոր էջ Վնասի նվազեցում Հինգ ախտանշան, որոնք հուշում են արյան մեջ գլյուկոզայի չափազանց ցածր մակարդակի մասին

Հինգ ախտանշան, որոնք հուշում են արյան մեջ գլյուկոզայի չափազանց ցածր մակարդակի մասին

2081
0

Հիպոգլիկեմիան կամ թերշաքարարյունությունը շատ վտանգավոր ախտաբանական վիճակ է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազմամբ։ Սովորաբար այս խանգարումն ի հայտ է գալիս շաքարային դիաբետով, ինչպես նաև լյարդի, ենթաստամոքսային գեղձի կամ մարսողական տրակտի ծանր հիվանդություններով հիվանդների մոտ։ Գլյուկոզայի մակարդակի անկումը կարող է շատ վտանգավոր լինել ու լուրջ խնդիրներ առաջացնել, ուստի նման խանգարման ախտանշաններն իմանալն ու ժամանակին միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թերշաքարարյունության մասին հուշող հինգ հիմնական ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Մշտական քաղցի զգացում

Հիպոգլիկեմիայի ոչ շատ ծանր տեսակն ուղեկցվում է քաղցի զգացմամբ, որը սովորաբար կտրուկ է ի հայտ գալիս։ Այս կերպ գլխուղեղն արձագանքում է գլյուկոզայի ցածր մակարդակին։ Շաքարային դիաբետով հիվանդներն այս խնդրին բախվում են ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, ինչպես նաև սննդակարգի խախտման կամ շաքարի մակարդակը նվազեցնող դեղորայքի սխալ ընդունման դեպքում։ Նման դեպքերում բարձր է նաև սրտխառնոցի հավանականությունը։

Բացի այդ, շաքարի մակարդակի նվազման պատճառ կարող է դառնալ նաև ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգը, ինչը պայմանավորված է լինում սննդակարգում մանրաթելերով հարուստ մթերքի բացառմամբ։ Մասնագետների խոսքով՝ ածխաջրերից ամբողջությամբ հրաժարվելու դեպքում քաղցի զգացումը կլինի մշտական ու չի մեղմվի։

Գլխացավեր

Արյան մեջ շաքարի ցածր մակարդակը հանգեցնում է նաև զարկերակային ճնշման անկման, ինչն էլ դառնում է գլխացավերի, գլխապտույտի, խոսքի կարճաժամկետ խանգարման և որոշակի տեսողական խնդիրների պատճառ։ Օրինակ՝ աչքերի առջև կարող են բազմերանգ բծեր հայտնվել կամ պատկերը կարող է երկակիանալ։

Կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի խանգարում

Գլյուկոզան օրգանիզմի համար էներգիայի ունիվերսալ աղբյուր է ծառայում, ուստի դրա դեֆիցիտի դեպքում նյարդային բջիջներում լուրջ խնդիրներ են առաջանում։ Նման դեպքերում կարող է նկատվել քնկոտություն, թուլություն, ժամանակի ու տարածության մեջ կողմնորոշվելու հետ կապված խնդիրներ, շարժումների կոորդինացիայի խանգարումներ ու կենտրոնանալու անկարողություն։ Բացի այդ, այս խնդիրը կարող է դրսևորվել նաև հիշողության վատթարացմամբ, վերջույթների դողով, գիտակցության կորստով ու անգամ նոպաներով։ Անհապաղ միջոցներ չձեռնարկելու դեպքում մեծ է հիպոգլիկեմիկ կոմայի հավանականությունը, ինչը կարող է մահվան ելք ունենալ։

Ջերմակարգավորման խանգարումներ

Հիպոգլիկեմիայի նոպաները հաճախ ուղեկցվում են դողով և ոտքերի ու ձեռքերի մատների սառնությամբ։ Բացի այդ, շատ դեպքերում նկատվում է նաև սառը քրտինք։ Նման դեպքերում սովորաբար քրտնում են պարանոցի ետին հատվածն ու գլխի մազածածկ հատվածը։ Գիշերային հիպոգլիկեմիան բնորոշվում է ամբողջ մարմնի առատ քրտնարտադրությամբ, ինչի հետևանքով մարդն արթնանում է խոնավ գիշերազգեստով։

Կայուն քաշ անգամ խիստ սննդակարգի դեպքում

Սննդակարգում խիստ սահմանափակումներ անելն օգնում է նվազեցնել քաշը, մինչդեռ հիպոգլիկեմիայի դեպքում խիստ սննդակարգը կարող է անարդյունավետ լինել կամ անգամ հակառակ ազդեցությունն ունենալ և հանգեցնել քաշի նվազման գործընթացի ինտենսիվության անկման։ Բանն այն է, ածխաջրերի դեֆիցիտի հետևանքով օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ էներգիա, իսկ լյարդն սկսում է վերամշակել գլիկոգենի պաշարներն ու վերածել գլյուկոզայի։ Այս ամենի հետևանքով կուտակված ճարպերի տարրալուծման գործընթացը դանդաղում է և քաշն այլևս չի նվազում։ Ցանկացած սննդակարգ ժամանակի ընթացքում նման ազդեցություն է ունենում, ինչի հետևանքով քաշը դադարում է նվազել և կայունանում է։ Նման դեպքերում քաշի նվազման գործընթացը վերագործարկելու համար հարկավոր է փոխել սննդակարգը կամ ընդունել ախորժակը կարգավորող դեղամիջոցներ։

Նյութի աղբյուրը՝ MedikForum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ