Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Այլ հիվանդությամբ գնում ես հիվանդանոց, կորոնավիրուսով վարակված վերադառնում. քաղաքացիներն ահազանգում են, տեսչական...

Այլ հիվանդությամբ գնում ես հիվանդանոց, կորոնավիրուսով վարակված վերադառնում. քաղաքացիներն ահազանգում են, տեսչական մարմինը՝ մեկնաբանում

2101
0

Այլ հիվանդությամբ գնում ես հիվանդանոց, կորոնավիրուսով վարակված վերադառնում ես տուն։ Կորոնավիրուսի տարածումից հետո այս արտահայտությունը բավականին հաճախ կարելի է լսել քաղաքացիների շուրթերից։ Շատ քաղաքացիներ ահազանգում են, որ տարբեր խնդիրներով այցելում են հիվանդանոցներ, ատամնաբուժարաններ, պոլիկլինիկաներ, իսկ տուն վերադառնալիս շատ քիչ ժամանակ անց զգում վիրուսին հատուկ սիմպտոմներ, ինչը շատերին թույլ է տալիս մտածել, որ վարակման օջախն իրենց համար հենց հիվանդանոցն է եղել։

Մեր խմբագրություն դիմել էր մի քաղաքացի, ով առողջական խնդիրներ է ունեցել սրտի հետ կապված։ Երևանյան հիվանդանոցներից մեկում  սրտի ստենդավորում է արել։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո քաղաքացու մոտ հայտնվել են սիմպտոմներ, որոնք հատուկ են կորոնավիրուսին՝ բարձր ջերմություն, շնչահեղձություն։ Ինչից հետո քաղաքացուն հոսպիտալացրել են և պարզվել է, որ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Վերջինիս պնդմամբ՝ իր սենյակում բացի բուժանձնակազմից և կնոջից ոչ ոք չի եղել և նա այլ տեղ չէր կարող վարակված լինել։

Այսօր էլ ԱԺ-ում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ կասկածներ ունեն այն մասին, որ տարեցների տուն-ինտերնատ կորոնավիրուսի վարակը ներթափանցել է հիվանդանոց այցի պատճառով։

ՀՀ ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ աշխատանքի բաժնի պետ Լիանա Եղիազարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ ոչ ոք հստակ չի կարող իմանալ՝ արդյոք վարակվել է հենց հիվանդանոցում, թե՝ ոչ.«Քաղաքացին կարո՞ղ է ներկայացնել տվյալներ, որ այդ պալատում բուժանձնակազմը չի պահպանել սանիտարական կանոնները։ Մանրամասները շատ կարևոր են, քանի որ քաղաքացին կարող է սիրողական եզրահանգումների գալ։ Եթե քաղաքացին նկատել է կոնկրետ խախտումներ, կարող է մեզ դիմել, և մենք դա հիմք ընդունելով մշտադիտարկում կիրականացնենք»։

Եղիազարյանը չբացառեց, որ վարակը կարող է լինել նաև հիվանդանոցներում.«Վարակն ամենուրեք էլ կարող է լինել։ Ինչ վերաբերում է բուժհաստատություններում սանիտարական նորմերի պահպանմանը, դրանց մասով պարետի որոշման մեջ հատուկ հավելված կա, որում սահմանված են անվտանգութան կանոնները և որոնցով բուժհաստատությունները պարտավոր են առաջնորդվել։ Այս ընթացքում տեսչական մարմինն այցեր է ունեցել բուժհաստատություններ։ Եղել են դեպքեր, երբ ստոմոտոլոգիական կենտրոնների աշխատանքն է կասեցվել, կամ որևէ լաբորատորիայի և այս այցերն ունեն շարունակական բնույթ»։

Հարցին՝ խոշոր ԲԿ-ներում խախտումներ արձանագրվե՞լ են, Լիանա Եղիազարյանը նշեց, որ եթե լինեն այդպիսի դեպքեր, տեսչական մարմինը դրանց մասին կհրապարակի։

Նյութի աղբյուրը՝ ArmDaily.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ