Գլխավոր էջ Uncategorized Փաշինյանի հումանիզմը, Անահիտ Ավանեսյանի վերլուծությունները եւ Քերոբյանի անգին խորհուրդները

Փաշինյանի հումանիզմը, Անահիտ Ավանեսյանի վերլուծությունները եւ Քերոբյանի անգին խորհուրդները

1058
0
Armdaly.am-ը գրում է.

Կառավարության մեր կաբինետը լրիվ կարելի է համարել ուրախների եւ հնարամիտների ակումբ, անգամ ուղարկել արտերկիր՝ հյուրախաղերի, երկրապագել նրանց եւ սպասել հաղթանակների հումորի մեծ լիգայում։

Ամեն նիստի մեկնարկին մենք անհամբեր սպասում ենք, թե ինչպես է վարչապետը «տրորելու» ագրեսոր Թուրքիայի, օկուպանտ Ադրբեջանի քիթը, ինչպես է «շշպռելու» նրանց զորավարժությունների, մեր գերիներին չվերադարձնելու, ՀՀ սուվերեն տարածքում աշխատանքներ իրականացնելու համար, բայց, ավաղ, մեր վարչապետը անչափ բարի է։ Նա անչափ բարի է, հատկապես, երբ հարցը վերաբերում է մեր թշնամիներին, այդ է պատճառը, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին մենք պատասխանում ենք խաղաղություն մուրալով, ճանապարհների վերագործարկման, տնտեսական հնարավորությունների մասին խոսելով։

Մյուս հայտարարությունը, որից չգիտես ուրախանաս, թե լաս, Փաշինյանի թիմակցինն է՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանինը։ Երբ նա նախարար նշանակվեց, շատերը քննադատում էին, թե մասնագիտությամբ բժիշկ չէ, իրավաբան է, ինչպե՞ս պետք է աշխատի։ Բայց, պարզվեց, որ ավելի շատ գուցե եւ բժիշկ է, քան իրավաբան, համենայն դեպս, այսօրվա ճեպազրույցից հետո «փնտրվում է Անահիտ Ավանեսյանին դիպլոմ տվողը» հայտարարություններ են աչքի զարնում։ Իսկ Ավանեսյանը հայտարարել է, թե եթե աշխատակիցը ՊՇՌ թեստ չներկայացնի և չներկայանա աշխատանքի, գործատուն կարող է խզել աշխատանքային պայմանագիրը։ Մինչդեռ աշխատանքային օրենսդրության մեջ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծարելու հիմքերը սպառիչ թվարկված են, դրանց մեջ «կամավոր» դարձած պատվաստումների մասին խոսք չկա։ Ինչեւէ, իրավաբանները ատամները սրած սպասում են, թե քանի հոգու կազատեն աշխատանքից պատվաստումների պատճառով, որ օր առաջ դատարան դիմեն։ Բայց, իհարկե, մեր իրավաբան նախարարի համար այս ամենը խնդիր չէմ Մարդու իրավունքների խախտում, Սահմանադրության խախտում չի տեսնում։

Հետաքրքիր է՝ Անահիտ Ավանեսյանը կամ կորոնավիրուսի դեմ պայքարի «ստրատեգիան» մշակողները մտածել են, թե ինչպես են չաշխատողների «հախից» գալու, ինչպես են ստիպելու նրանց պատվաստվել, թե չաշխատողները ոչ վարակվում են, ոչ վարակում, կորոնավիրուսը միայն աշխատող քաղաքացիների համար է, չէ՞ որ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը 2020թ հունիսի դրությամբ ընդամենը 632 հազար է, իսկ ընդհանուր բնակչությունը՝ ավելի քան 2,5մլն։ Կամ ինչպե՞ս կարող է իրավաբան նախարարը հիմնավորել, որ պարտադիր պատվաստվելու կամ թեստ հանձնելու դրույթը չի վերաբերում քաղաքական պաշտոն զբաղեցնողներին, ինչու կորոնան քաղաքական եւ ոչ քաղաքական տարանջատո՞ւմ է։

Գործադիրի նիստերին ամեն անգամ c վիտամինի չափաքանակ մշտապես ապահովում է նաեւ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Այն, որ իրավաբան նախարարը անգամ կարող է հակաիրավական մեկնաբանություններ անել, ի՞նչ կարող ենք պահանջել առաքման ծառայություն սեփականատեր-նախարարից։ Հատկապես, երբ նրա մղումները ազնիվ են, տնազուրկ մարդկանց օգնելու նպատակ են հետապնդում։ Քերոբյանը տունը կորցրած արցախցուն սնանկ դառնալու հորդորը ամենեւին էլ բանկերին գցելու կոչ չի համարում, այն էլ կառավարության անդամի մակարդակով ասված, այլ ընդամենը փոքրիկ հուշում այդ իրավունքից օգտվելու համար։ Ահա այսպիսին է մեր գործադիրի կաբինետը՝ սկսած թիվ մեկ դեմքից, վերջացրած ամենակարեւոր, ստրատեգիական ոլորտները ղեկավարող անձանցից, նրանք օրուգիշեր այսպիսի մտածողությամբ, խելքով եւ փորձով երկիր են կառավարում։ Ինչ է մնում մեզ անել՝ ուրախանալ, թե լացել՝ որոշեք ինքներդ, բայց այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ