Գլխավոր էջ Uncategorized Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» հաղթած, բայց չընտրված տնօրենը

Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» հաղթած, բայց չընտրված տնօրենը

2100
0

Անցնող շաբաթը առողջապահական ոլորտում կարևորվեց և քննարկման արժանացավ Գյումրու «մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրենի ընտրության հանգամանքով։

Հունվարի 14-ին Շիրակի մարզպետարանում անցկացվեց Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրենի մրցույթ, որին մասնակցելու համար նախապես հայտ էր ներկայացրել երեք թեկնածու՝  բուժհաստատության երկարամյա տնօրեն Աշոտ Կուրղինյանը, նույն հիվանդանոցի, նաև «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկ-տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը և «Գյումրի» բժշկական կենտրոնի վիրաբույժ Հրաչ Մարտիրոսյանը: Վերջինս, սակայն, մրցույթին չի մասնակցում ներկայացված թերի փաստաթղթերի պատճառով։ Արդյունքում հանձնաժողովի անդամների բոլորի կողմ ձայներին արժանանում է  Աշոտ Կուրղինյանը, 6 կողմ և 1 դեմ ձայն էլ հավաքում է Ժորժիկ Սերոբյանը։ Նույն օրը նրանք երկուսն էլ ճանաչվեցին հաղթողներ, և արդյունքում 3 օր անց՝ հունվարի 17-ին   Շիրակի մարզպետը Տիգրան Պետրոսյանի որոշմամբ հիվանդանոցի տնօրեն նշանակվեց Ժորժիկ Սերոբյանը։  Այս իրողությունը տարբեր հարցերի ու վերլուծությունների առիթ դարձավ և՛ առողջապահության ոլորտի կազմակերպիչների և՛ հասարակության շրջանում։

Ուստի իրադարձությունները տարբեր կողմերից ուսումնասիրելու և պարզաբանումներ մտցնելու համար անհրաժեշտ համարեցինք կապ հաստատել և՛ Շիրակի մարզպետի, և՛  Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի արդեն նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանի հետ։

Մարզպետի որոշման հրապարակումից հետո չուշացավ  հիվանդանոցի երկարամյա տնօրեն Աշոտ Կուրղինյանի մամուլի ասուլիսը։  Վերջինս այս որոշումը ոչ օբյեկտիվ որակեց՝ նշելով, որ անընդունելի է փորձաշրջանով Գյումրու «Մոր ու մանկան հիվանդանոց»-ի տնօրեն նշանակելը։ Գնահատականներ և կարծիքներ լսելու համար Medmedia-ն զրուցեց Աշոտ  Կուրղինյանի հետ։

Վերջինս Շիրակի մարզպետի որոշումը որակեց  անարդարություն և կողմնակալություն։

«Եթե դու փոխում ես տնօրենին, ով թոշակի տարիքի է կամ լավ չի ղեկավարել, կամ իր ղեկավարման արդյունքում որևէ բացթողում է ունեցել, կարելի է համակերպվել, բայց եթե  փաստեր չկան, դա անիրատեսական է։ Եվ դնել թուղթ թափ տալ ու ասել, որ  քեզ փոխում եմ, միանշանակ կողմնապահություն է ու կոռուպցիա, որը պոզով-պոչոց չի լինում։ Դեմ չեմ, որ երիտասարդ կադրերը պետք է աշխատեն, բայց թող  աշխատեն այն հիմնարկում, որը տնօրեն չունի»։

Կուրղինյանը  կտրականապես բացառեց անձնական շահերի շահարկումը  տնօրենի ընտրության հարցում։

«Նրանց պարզապես պետք էր հիմնարկը։ Կուրղինյան Աշոտը գենետիկորեն անարդարության հետ համակերպվող չէ։ Եվ ես ցանկացած ձևով հասնելու եմ այս խնդրի արդար լուծմանը»,-եզրափակեց նա։

Այնուհետև հունվարի 18-ին հաջորդեց Շիրակի մարզպետի մամուլի ասուլիսը, որի ընթացքում վերջինս ներկայացրեց, թե  ինչու է նախապատվությունը տրվել ոչ թե երկարամյա տնօրենին, այլ երիտասարդ բժշկին և ամեն կերպ փորձեց արդարանալ, որ գործել է օրենքի սահմաններում: Տիգրան Պետրոսյանը հայտարարեց, որ իր նշանակումը բխում է մարզի ազգաբնակչության շահերից։

Այսուհանդերձ բոլոր վերը թվարկված իրողությունները ընդգծում են տեսանելի կողմը, մինչդեռ կան չքննարկված և չպարզաբանված մի շարք հանգամանքներ։

Ինչպես հայտնի է տնօրենի մրցույթն ընթացել է 3 փուլով՝  առաջին փուլն առնչվում էր օրենքների իմացությանը,  2-րդը՝ կառավարման գործառույթների մասին նրանց օրենսդրական գիտելիքներին։ Իսկ 3-րդ փուլն արդեն բուժհաստատության զարգացման հնգամյա ծրագրերի ներկայացումն էր, որտեղ թեկնածուներն իրենց պատկերացումներն ունեին հիվանդանոցի հետագա գործունեության մասին:  Բոլոր փուլերը ամփոփելու արդյունքում  Աշոտ Կուրղինյանը ստանում է 7 կողմ, 0 դեմ ձայներ, իսկ Ժորժիկ Սերոբյանը՝ 6 կողմ, 1 դեմ ձայներ, սակայն  այս փաստը որևէ կերպ չի անդրադառնում արդար ընտրություն կատարելու վրա, և տնօրեն է նշանակվում Ժորժիկ Սերոբյանը։ Մինչդեռ Առողջապահական ընկերությունների տնօրենների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման կարգը հաստատում է, որ ընտրություն պետք է կատարվի ձայների մեծամասնության հիման վրա։

Պարզաբանումներ մտցնելու համար Medmedia-ն կապ հաստատեց Տիգրան Պետրոսյանի հետ։  Նա տնօրենի ընտրությունը համարեց արդարացված։ «Սա ընդունելության քննության մրցույթ չի, որի հիմար վրա պետք է որոշվի՝ անցնում է մասնակիցը անվճար մրցույթը, թե չի անցնում»։

Այս փաստարկումը հարց է առաջացնում, թե  անհրաժեշտ էր արդյո՞ք անցկացնել մրցութային մի քանի փուլեր ու  քվեարկություն սահմանել, եթե վերջնական արդյունքը չէր ենթադրելու արդար ու  թափանցիկ ընտրություն մասնակիցների միջև։

Չնայած բոլոր հավաքագրված հանգամանքներին պատմության մի կողմը ներկայացնում է շղթայական գործարք, որն առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը  պայմանավորում է դեռ ամսիներ առաջ պլանավորած «բարտերով»։ Վերջինս տնօրենների ընտրություններից մի քանի օր անց իր ֆեյսբուքյան անձնական էջում հրապարակում է տեղեկատվություն, որն առնչվում է «բարեկամ-ծանոթ» կոնտեքստին և շղթայական կապին։

Առավելապես նա նշում է․ «Այս ամենը պատմության երևացող կողմն է, իսկ չերևացողը այն է, որ սա ուղղակի հիշեցնում է սովորական «բարտերային գործարք ու մարզպետը այստեղ ուղղակի կատարողն է։ Քչերն են տեղեկացված, որ առողջապահության նախարարի զարմուհին մոտ 8-9 ամիս առաջ փորձաշրջանի նախապայմանով, իսկ սեպտեմբերից արդեն մշտական նշանակվեց Շիրակի Պետական Համալսարանի ռեկտորի խորհրդական, ինչի դիմաց, ըստ իմ ունեցած տեղեկատվության, առողջապահության նախարարը խոստացել է հիվանդանողի տնօրենի պաշտոնը  և այս բարտերը պայմանավորված էր դեռ ամիսներ առաջ»։

Վերլուծելով բոլոր կատարված իրադարձությունները՝ պարզ է դառնում, որ փաստացի ոչ թե բախվեցին տնօրենների շահերը, այլ հատվեցին առողջապահության նախարարի, մարզպետի շահերը, իսկ հին տնօրենը պարզապես դուրս մնաց խաղից։

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ