Գլխավոր էջ Վնասի նվազեցում Որո՞նք են կոճապղպեղի օգտակար հատկությունները

Որո՞նք են կոճապղպեղի օգտակար հատկությունները

452
0

Կոճապղպեղն ամենատարածված համեմունքներից մեկն է, որի կիրառումը յուրահատուկ համ ու բույր է հաղորդում ուտեստներին ու ըմպելիքներին, սակայն այս մթերքը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, քանի որ օգնում է պայքարել առողջական մի շարք խնդիրների դեմ։ Ընդ որում՝ կոճապղպեղի օգտակար հատկություններից շատերը վաղուց ապացուցված են հետազոտությունների միջոցով։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս մթերքի ամենաօգտակար հատկություններն ու յոթ պատճառ սննդակարգում կոճապղպեղ ներառելու համար։

Մեղմում է բորբոքումներն արթրիտի դեպքում

Օստեոարթրիտն ու ռևմատոիդ արթրիտը դրսևորվում են ուժգին հոդացավերով, սակայն կոճապղպեղի կանոնավոր գործածությունն օգնում է զգալիորեն մեղմել ցավն ու վերականգնել հոդերի շարժունությունը։ Սա պայմանավորված է նրանով, որ կոճապղպեղի մեջ պարունակվող կենսաակտվ նյութերն ազդում են իմունային համակարգի վրա և ճնշում են բորբոքումների զարգացմանը նպաստող նյութերի առաջացումը։

Բարելավում է մարսողությունը

Կոճապղպեղի ակտիվ բաղադրիչները խթանում են աղիների աշխատանքն ու մարսողական տրակտի մկանային ակտիվությունը, ինչը դրական ազդեցություն է ունենում մարսողության գործընթացի վրա։ Բացի այդ, այն օգնում է մեղմել փորափքանքի տհաճ դրսևորումներն ու շատ օգտակար է մարսողության քրոնիկ խանգարումների դեպքում։

Պայքարում է վնասակար բակտերիաների դեմ

Կոճապղպեղը նպաստում է աղիների առողջ միկրոֆլորայի պահպանմանը։ Այս բույսի հյութահանուկը ճնշում է մի շարք վնասակար բակտերիաների, այդ թվում՝ աղիքային ցուպիկի, ստաֆիլակոկի, ստրեպտոկոկերի և սալմոնելայի աճը։ Բացի այդ, այն կարող է շատ արդյունավետ լինել նաև բերանի խոռոչի ախտածին բակտերիաների դեմ պայքարում՝ դրանով իսկ կանխելով լնդերի մի շարք բորբոքային հիվանդությունների զարգացումը։

Նվազեցնում է սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը

Իր բաղադրության մեջ պարունակվող հզոր հակաբորբոքային բաղադրիչների շնորհիվ կոճապղպեղն օգնում է զգալիորեն նվազեցնել արյան մեջ լիպիդների մակարդակն ու կանխել զարկերակային ճնշման բարձրացումը, ինչն էլ նվազեցնում է սրտանոթային մի շարք հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Պայքարում է քաղցկեղի դեմ

Կոճապղպեղի գործածությունն օգնում է նվազեցնել քաղցկեղի որոշ տեսակների վտանգը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դրա մեջ պարունակվող ակտիվ միացությունները նվազեցնում են բջջային ակտիվությունը, որը հանգեցնում է ԴՆԹ-ի փոփոխությունների, բջիջների ոչնչացման ու չարորակ նորագոյացությունների տարածման։ Մասնագետները ենթադրում են, որ կոճապղպեղի ակտիվ բաղադրիչները նպաստում են լիմֆոմաների, հեպատոմաների, ինչպես նաև աղիների, կրծքագեղձի, մաշկի, լյարդի ու միզապարկի չարորակ նորագոյացությունների զարգացման կանխարգելմանն ու ճնշում են արդեն իսկ ի հայտ եկած ուռուցքների հետագա զարգացումը։ Բացի այդ, այդ տարրերը բարձրացնում են ուռուցքների զգայունությունը բուժման այնպիսի մեթոդների նկատմամբ, ինչպիսին են քիմիաթերապիան ու ճառագայթային թերապիան։

Մեղմում է ցավը

Կոճապղպեղն օժտված է հզոր հակաբորբոքային ու սպազմոլիտիկ հատկություններով, ինչի շնորհիվ կարող է օգտագործվել որպես բնական ցավազրկող միջոց դաշտանային ցավերն ու միգրենի ախտանշանները մեղմելու համար։

Բարելավում է բջիջների զգայունությունն ինսուլինի նկատմամբ

Հետազոտությունները ցույց են տվել, որ կոճապղպեղի գործածությունը բարելավում է նյութափոխանակությունն ու բջիջների զգայունությունն ինսուլինի նկատմամբ։ Իր այս հատկությունների շնորհիվ այն շատ օգտակար է երկրորդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների համար և օգնում զգալիորեն նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ