Գլխավոր էջ Վնասի նվազեցում Ինչպե՞ս բարելավել վահանագեղձի աշխատանքը. 5 պարզ քայլ

Ինչպե՞ս բարելավել վահանագեղձի աշխատանքը. 5 պարզ քայլ

602
0

Վահանաձև գեղձը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, ուստի զարմանալի չէ, որ դրա աշխատանքի հետ կապված ամենաչնչին խանգարումն անգամ անմիջապես անդրադառնում է ամբողջ օրգանիզմի վրա: Պարանոցի առջևի հատվածում գտնվող ու թիթեռի տեսք ունեցող այս փոքրիկ օրգանը պատասխանատու է շատ կարևոր հորմոնների արտադրության ու սինթեզի համար և մասնակցում է օրգանիզմում ընթացող ամենատարբեր գործընթացներին։ Այն ազդում է մարդու մարմնի զանգվածի, տրամադրության, վերարտադրողական գործառույթի, բջիջների վերականգնման ու նյութափոխանակության գործընթացների վրա, ուստի դրա աշխատանքի խանգարումը նույնպես կարող է անդրադառնալ վերոնշյալ գործառույթների վրա։

Այս կարևոր օրգանի առողջությունը պահպանելու համար մասնագետները հորդորում են պարբերաբար բուժզննում անցնել ու չանտեսել վահանագեղձի աշխատանքի խանգարման մասին հուշող ախտանշանները, ինչը թույլ կտա ժամանակին միջոցներ ձեռնարկել, սակայն բժիշկ-նատուրոպատ Քսենիա Մաշկինան ներկայացրել է հինգ պարզ քայլ, որոնք թույլ կտան խուսափել վահանագեղձի հետ կապված խնդիրներից ու բարելավել օրգանի աշխատանքը։

Հոգ տանել մակերիկամների մասին

Վահանագեղձի ճիշտ աշխատանքի համար շատ կարևոր նշանակություն ունի մակերիկամների առողջությունը։ Երբեմն արյան հետազոտություններն ու ուլտրաձայնային հետազոտությունը ցույց չեն տալիս առողջական որևէ խնդիր, մինչդեռ տհաճ ախտանշանները շարունակում են անհանգստացնել։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել մակերիկամներին ու բարելավել դրանց աշխատանքը։ Մակերիկամների առողջությունը պահպանելու համար հարկավոր է հնարավորինս խուսափել սթրեսից ու փորձել փոխել օրգանիզմի արձագանքը սթրեսային իրավիճակներին։ Բացի այդ, հարկավոր է անպայման կարգավորել քունն ու սննդակարգը և օգտագործել բուժիչ հատկություններով օժտված սննդամթերքի տեսակներ։

Բացառել շաքարը սննդակարգից

Շաքարը խիստ բացասաբար է անդրադառնում այս օրգանի և առհասարակ ամբողջ օրգանիզմի վրա, ուստի այն հարկավոր է բացառել սննդակարգից կամ խիստ սահմանափակել։ Այս մթերքը խթանում ու ակտիվացնում է օրգանիզմում բորբոքային գործընթացներն ու գլիկացիան, ինչպես նաև հիանալի սնունդ է հանդիսանում ախտածին միկրոֆլորայի համար՝ նպաստելով դրա զարգացմանը։ Հարկ է հիշել, որ շաքարը պարունակվում ոչ միայն քաղցրավենիքի, այլև տարատեսակ սոուսների, պատրաստի ուտեստների, պահածոների և սննդամթերքի այլ տեսակների մեջ, ուստի հարկավոր է զգոն լինել ու խուսափել նաև թաքնված շաքարից։

Լրացնել անհրաժեշտ սննդարար նյութերի պակասը

Վահանաձև գեղձի առողջության պահպանման համար մարդը պետք է ստանա բավարար քնակությամբ յոդ, սելեն, երկաթ, մագնեզիում, ցինկ ու վիտամիններ։ Այս տարրերի պակասը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, ուստի անհրաժեշտության դեպքում հարկավոր է լրացնել դրանց մակարդակը հավելումների միջոցով։ Սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ եթե մարդը նախկինում յոդ չի ընդունել, ապա առաջին երկու շաբաթը հարկավոր է ընդունել միայն մագնեզիումի ու սելենի հավելումներ, որից հետո միայն դրանց միացնել նաև յոդը։

Խուսափել սնձանից (գլյուտեն)

Սնձանի բարդ սպիտակուց է, որը բացասաբար է անդրադառնում վահանագեղձի աշխատանքի վրա։ Այն կարող է կուտակվել աղիների պատերին ու դառնալ օրգանիզմի աուտոիմուն արձագանքի պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հնարավորինս սահմանափակել գլյուտեն պարունակող մթերքի գործածությունը։

Խուսափել խաչածաղկավոր բանջարեղենից

Կաղամբը, ծաղկակաղամբը և խաչածաղկավոր բանջարեղենի այլ տեսակները պարունակում են գոյտրոգեններ՝ նյութեր, որոնք խոչընդոտում են յոդի կլանման գործընթացին։ Սա է պատճառը, որ վահանագեղձի որևէ հիվանդության առկայության դեպքում հարկավոր է խուսափել բանջարեղենի այս տեսակներից մինչ ապաքինումը։ Միակ բացառությունը կարող է լինել շոգեխաշած թարմ բրոկոլին։

Նյութի աղբյուրը՝ med2.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ