Գլխավոր էջ Հարցազրույցներ Ինչպե՞ս COVID 19-ից հետո ինքնուրույն վերականգնել թոքերը

Ինչպե՞ս COVID 19-ից հետո ինքնուրույն վերականգնել թոքերը

34718
0
Արդեն գիտենք, COVID-19-ը ընթանում է տարբեր աստիճանի ծանրության: Այն վարակակիրների մոտ, որոնք տարել են թեթև կամ ասիմպտոմատիկ ձևերը, առավել հաճախ հետևանքներ չեն մնում: Այն հիվանդները, որոնց մոտ ախտորոշվել է COVID -19-ով պայմանավորված երկկողմանի թոքաբորբ, թոքերի ավելի քան 25% -ի ախտահարմամբ, մեծ է ֆիբրոզի առաջացման վտանգը: Medmedia.am-ը թեման քննարկել է թերապևտ Լամարա Մանուկյանի հետ:
«Ֆիբրոզը դա թոքերի նորմալ հյուսվածքի փոխարինումն է շարակցական հյուսվածքով։ Արդյունքում առաջանում են սպիական փոփոխություններ և կպումներ, որի հետևանքով նվազում է թոքերի առաձգականությունն և շնչառական մակերեսը»,-ասաց բժշկուհին և ավելացրեց. «Եթե 2-3 նման ֆիբրոզ օջախներ են ձևավորվում, հիվանդը կարող է դա չզգալ և չունենալ շնչառական գանգատներ։ Բայց եթե ֆիբրոզը մեծ է, սկսվում են շնչառության հետ կապված խնդիրներ»: Ամենատարածված շնչառական ախտանիշը՝ դա հևոցն է, որը սկզբից արտահայտվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, իսկ հետո կարող է ի հայտ գալ նաև հանգիստ վիճակում։ Ծանր դեպքերում, Լամարա Մանուկյանի խոսքով, դա հանգեցնում է շնչառական անբավարարության: «Ուստի, անհրաժեշտ է թագավարակի բուժման հետ համատեղ, մեկ շաբաթ անց, պայքարել թոքերի վերականգնման համար: Դժբախտաբար, մենք չունենք հատուկ դեղամիջոցներ, որևէ հատուկ տեխնոլոգիաներ, որոնք օգնում են թոքերը աշխատել այնպես, ինչպես հիվանդությունից առաջ»,-նկատեց մասնագետն ու շեշտեց, որ թոքերի հյուսվածքը պետք է վերականգնվի ինքնուրույն, և մեր խնդիրն է օգնել այդ ընթացքը ավելի արագ և լիարժեք անցնելու: Հիմնականում մարդը կարող է տանը ինքնուրույն կատարել շնչառական վարժություններ:
Թերապևտն ընդգծեց, որ շնչառական վարժությունները պայքարում են թոքերի կանգային երևութների դեմ, բարելավում են արտաքին շնչառությունը, շտկում են շնչառական մեխանիզմը, արագացնում բորբոքման ներծծումը և նվազեցնում ֆիբրոզի և կպումների առաջացումը:
Լամարա Մանուկյանը նշեց, որ այդ վարժությունները պետք է կատարել դանդաղ՝ կրկնելով յուրաքանչյուրը 4-6 անգամ: Լավագույն արդյունքի համար արժե օրեկան երկու անգամ 10-15 րոպե շնչառական վարժություններին նվիրել: Այսպիսով մի քանի կանոն մինչ վարժությունները սկսելը.
1. Պետք է շնչել քթի, իսկ արտաշնչել բերանի միջոցով: Արտաշնչումը պետք է լինի մեկուկես/երկու անգամ ավելի երկար, քան ներշնչումը: Կարելի է վերահսկել՝ հաշվելով շնչել 1-2-3-ին, արտաշնչել 1-2-3-4-5-ին:
2. Յուրաքանչյուր վարժության ավարտին հարկավոր է թուլացնել ուսագոտու մկանները: Նկատենք, որ վարժությունները չպետք է առաջացնեն անհանգստություն / դիսկոմֆորտ/, առավել ևս ցավ։
3. Արգելվում է զբաղվել շնչառական վարժություններով՝ առանց նախնական բժշկի հետ խորհրդակցելու սրտանոթային հիվանդություններով, թրոմբոֆլեբիտով տառապող մարդկանց, գլխուղեղի կամ սրտի կաթվածից, վիրահատություններից հետո, քրոնիկ հիվանդությունների սրացման ժամանակ:
4. Շնչառության վարժությունները պետք է կատարել լավ օդափոխվող տարածքում կամ, եթե եղանակը թույլ է տալիս, բաց պատուհանի ներքո:
5. Հագուստը պետք է լինի հարմարավետ և ազատ: Վարժությունների ընթացքում փորձեք չշեղվել և կենտրոնանալ շնչառության վրա:
Բժշկուհին առնաձնացրեց շնչառական հետևյալ վարժությունները.
1. Քթի միջոցով խոր շունչ քաշեք ՝ պահելով շունչը: Այնուհետև դադար տվեք, որքան հնարավոր է (մինչև մոտ 10 վայրկյան) և դանդաղ արտաշնչեք բերանով: Արտաշնչման ժամանակ արտասանում ենք «ՊՖ»: Կրկնել վարժությունը 4-6 անգամ:
2. Մեկնարկային դիրքը.կանգնած, ոտքերը ուսի լայնության բացեք, ձեռքերը տարածեք կողմեր, ափերը դեպի վեր, նրշնչում և արտաշնչում ենք, արագ խաչելով ձեռքերը կրծքավանդակին, որպեսզի ափերը հարվածեն թիակներին։
3. Կանգնում ենք թաթերի վրա, ձեռքերը իրար պինդ բռնած բարձրացնում ենք դեպի վեր, ներշնչում, արտաշնչում կտրուկ կռանում ենք, կարծես փայտ ենք կտրում և ասում «ՈւՀ», այնուհետև վերադառնում ենք մեկնարկային դիրքի: Կրկնել 4-6 անգամ:
4. Վերցրեք մի բաժակ ջուր, դրա մեջ մի խողովակ դրեք, կանոնավոր շունչ քաշեք և դանդաղ արտաշնչեք օդը խողովակի միջոցով: Անհրաժեշտ է դա անել ոչ ավելի, քան օրվա ընթացքում հինգ անգամ 10-15 րոպե:
Պառկած վիճակում իրականացվող վարժություններ.
1. Ներշնչել քթի միջոցով, արտաշնչել` երկարացված, բերանի միջոցով, շրթունքներով կազմել խողովակ: Կարող եք նաև փակ ատամներով արտաշնչելիս հնչյունները արտասանել «ժժժ», «սսս», «շշշ»:
2. Հենվելով ձեր արմունկներին, բարձրացրեք ձեր կրծքավանդակը, շնչեք, հանգստացեք և արտաշնչեք:
3. Ոտքերը ծալեք ծնկներում, ձեռքերը ձգեք մարմնի երկայնքով: Միևնույն ժամանակ բարձրացրեք ձեր ձեռքերը և ոտքերը դեպի վեր, շնչեք, ձեռքերը ցած, ոտքերը իջեցրեք հատակին ու արտաշնչեք:
4. Ձեռքերը դրեք ուսերին, արմունկները տարածեք կողմ, շնչեք, արմունկները իջեցրեք և սեղմեք կրծքավանդակին և արտաշնչեք:
5. Բարձրացրեք երկու ձեռքերը վերև, ներշնչեք, դանդաղորեն ցածրացրեք և արտաշնչեք։
6. Ձեռքերը դեպի կողմերը տարածեք, ներշնչեք, գրկեք ուսերին, ձեռքերը ամուր սեղմելով կրծքավանդակին և արտաշնչեք:
7. Ծալել ծնկները մեջքի պարկած։ Բարձրացրեք հետույքը ներշնչելիս, արտաշնչելիս իջեցրեք այն:
8. Դիաֆրագմալ մկանները ամրապնդելու և մարզելու համար ներշնչման ժամանակ փորը պետք է արտափքել, իսկ արտաշնչելիս, ընդհակառակը, ներքաշել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ