Գլխավոր էջ Գլխավոր Ռևմատիզմը՝ մանկական հիվանդություն․ ի՞նչ պետք է իմանան մայրիկները

Ռևմատիզմը՝ մանկական հիվանդություն․ ի՞նչ պետք է իմանան մայրիկները

60344
0

Ռևմատիզմի մասին մենք զրուցել ենք ռադիոլոգ-ռևմատոլոգ Անահիտ Հունանյանի հետ։ Նրանից պարզել ենք, թե ի՞նչ է ռևմատիզմը և երեխաների շրջանում այն ինչպե՞ս է դրսևորվում։

-Ի՞նչ է ռևմատիզմը։  

— Ռևմատիզմը կամ սուր ռևմատիկ տենդը համարվում է աուտոբորբոքային հիվանդություն, դասվում է շարակցական հյուսվածքի հիվանդությունների խմբին և ավելի հաճախ ախտահարում է սիրտանոթային համակարգը։ Ռևմատիզմով հիվանդանում են հիմնականում 7-15 տարեկան երեխաները և հարուցիչը հանդիսանում է A խմբի բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկը, որի և սրտամկանի բջիջների հիմքը նույնն է, ինչի պատճառով սկսում են արտադրել աուտոհակամարմիններ, որոնք ոչնչացնում են ոչ միայն A խմբի բետա հեմոլիտիկ ստրեպտակոկին, այլ նաև կարդիոմիոցիտներին։ Սրա հետևանքով էլ՝ ախտահարվում է սիրտանոթային համակարգը։

— Ինչպե՞ս է երեխաների շրջանում դրսևորվում հիվանդությունը։

Սուր ռևմատիկ տենդը կամ ռևմատիզմը ավելի հաճախ հանդիպում է դպրոցական և դեռահասության տարիքում, հազվադեպ հանդիպում է մինչև 3 տարեկան հասակը և ավելի հաճախ հանդիպում է աղջիկների մոտ։ Հետազոտությունները փաստում են, որ ռևմատիզմի կլինիկական դրսևորումները շատ բուռն են։ Կլինիկական դրսևորումների մեջ ամենաակտիվը շատ բարձր ջերմությունն է, թուլությունը, մկանացավը, հոդերի շրջանում կարկամվածությունը և բնականաբար, թարախային անգինան։

— Ի՞նչ ախտանշաններին պետք է հատկապես ուշադիր լինեն ծնողները։  

Հաճախակի կրկնվող թարախային անգինաները ուղիղ պատճառ են ռևմատիզմի առաջացման համար։ Եթե երեխան չի ստացել համապատասխան բուժում, ապա հետագայում մեծ է կարդիտների առաջացման հավանականությունը և ամեն անգամ հիվանդությունը կրկնվելով՝ ավելի է խորանում առաջացած բարդությունները։ Խորհուրդ է տրվում անհապաղ դիմել մանակական ռևմատոլոգի հետևյալ ախտանշանների դեպքում՝ թարախային անգինա տարեկան երկու և ավելի անգամներ, չկառավարվող ջերմություն, թուլություն, տենդ, սարսուռ, հոդերի շրջանում այտուցվածություն և արտահայտված մկանացավեր։

— Կա՞ կոնկրետ տարիք, երբ երեխաները հակված են հիվանդանալու այդ հիվանդությամբ։  

— Հիմնականում հիվանդանում են 7-15 տարեկանում, շատ ավելի հազվադեպ հանդիպում է մինչև 3 տարեկան երեխաների շրջանում։ Ավելի հաճախ հիվանդանում են աղջիկները, բայց դա չի բացառում, որ տղաները ևս կարող են հիվանդանալ։ Իրականում, ռևմատիզմը բավականին տարածված հիվանդություն է։

— Խորհուրդներ մայրիկներին։

— Եթե երեխաների մոտ կրկնվում են սուր թարախային անգինաները, եթե երեխաների մոտ նկատվում են սրտի հետ կապված խանգարումներ, երբ երեխան ունի բարձր ջերմություն, երեխայի մոտ դրսևորվում է ադինամիա, անընդհատ թուլություն, գունատություն, հաճախակի արտահայտված քրտնարտադրություն, քթային արյունահոսություն, ինչպես նաև որովայնային ցավեր, բոլոր այս դեպքերում անհրաժեշտ է դիմել մասնագետի։ Բուժումը պետք է իրականացնել անհապաղ, որը պետք է լինի կոմբինացված։ Սրա նպատակը ոչ միայն սուր ռևմատիկ տենդի սուր վիճակի բուժումն է, այլ նաև հետագա բարդություններից խուսափելը, մասնավորապես՝ սրտի արատների առաջացման կանխարգելումը։ Այս հիվանդությամբ տառապող երեխաները պարտադիր պետք է լինեն բժիշկների հսկողության ներքո և տարեկան մի քանի անգամ կատարեն  համապատասխան հետազոտություններ։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ