Գլխավոր էջ Գլխավոր Սուր շնչառական վարակներ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր մայրիկ

Սուր շնչառական վարակներ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր մայրիկ

63933
0

Ձմռան ամիսներին սուր շնչառական վարակները սրվում են, ինչպես մեծահասակների, այնպես էլ՝ երեխաների շրջանում։ Սուր շնչառական վարակների մասին մենք զրուցել ենք մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանի հետ։

 — Ի՞նչ են սուր շնչառական վարակները։

-Սուր շնչառական վարակները, հիվանդությունների խումբ է, որը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ առաջացնելով շնչառական ուղիների սուր խանգարումներ, սուր բորբոքումներ։ Ամենահայտնի սուր շնչառական վարակներից են գրիպը, պարագրիպը, ադենովիրուսը։

 — Ո՞ր տարիքի երեխաներն են հատկապես վարակվում։  

Բոլոր տարիքի երեխաները կարող են վարակվել սուր շնչառական վարակովներով, բայց ավելի ծանր ընթացք այն ունենում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ և 60-ից բարձր տարիքի մեծահասակների մոտ։

— Ինչի՞ն պետք է հատկապես ուշադիր լինեն մայրիկները։

Սուր շնչառական վարակներից խուսափելու լավագույն մեթոդներ են՝ սենյակի հաճախակի օդափոխումը, ձեռքերի հաճախ լվացումը, վարակակիրների հետ շփումից խուսափելը, ինչպես նաև ժամանակին կատարել սեզոնային և պլանային պատվաստումները։ Շնչառական վարակի հիմնական նշաններն են՝ քթով դժվարացած շնչառությունը, քթից թափանցիկ և մի քանի օր անց նաև դեղնավուն արտադրությունը, ջերմությունը, մարմնի ցավը, հոդացավը, հազը։ Շնչառական վարակների հարուցիչները հայտնվելով շնչուղիներում՝ ներթափանցում են շնչուղիների լորձաթաղանթ, որտեղ էլ բազմանում են։ Այդ փուլում հայտնվում են շնչառական վարակների առաջին նշանները։ Դրանք են՝ կոկորդացավը, թեթև հազը, փռշտոցը, մկանացավը, հոդացավը, թուլությունը, որին հետևում է ջերմության բարձրացումը, քթից արտադրությունը և դժվարացած շնչառությունը։ Շնչառական վարակների գաղտնի շրջանը մոտավորապես տևում է 2-3 օր։ Երեխաները առավել մեծ հակում ունեն շնչառական վարակներ ունենալուն՝ պայմանավորված անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններով։ Երեխաները նաև չունեն կատարյալ իմունային համակարգ, որի պատճառով ևս ավելի հաճախակի են հիվանդանում։

-Որո՞նք են վարակի թեթև և ծանր դրսևումները։

Շնչառական վարակի թեթև դրսևորումներն են՝ քթից արտադրությունը, քթի փակվածությունը, աչքերի կարմրությունը, արցունքահոսությունը, կոկորդացավը, ջերմությունը, ընդհանուր թուլությունը։ Հիվանդությունը ավելի ծանր ընթացք է ունենում մինչև մեկ տարեկան երեխաների և հատկապես պետք է ուշադիր լինել մինչև երեք ամսական երեխաների նկատմամբ։ Բնականաբար կան կարմիր դրոշակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկին։ Դրանք են՝ երեխայի մոտ առկա աղմկոտ շնչառություն, շնչառության դժվարացում, հեղուկից հրաժարվելը, գունատությունը, քնկոտություն կամ ընդհակառակը՝ անհանգիստ լինելը։

— Մեր երկրում հատկապես ո՞ր տեսակներն են տարածված։     

— Տարբեր ժամանակներում գերակշռում են շնչառական վարակների տարբեր տեսակներ։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամեն սեզոնին մի քանի վարակ կա, որ ավելի գերակշռող է։

 — Ի՞նչ է ենթադրում բուժումը։

— Բուժման մեջ գոյություն չունի հաստատված, ապացուցված բուժում՝ շնչառական վարակների հարուցչի դեմ։ Նշեմ, որ 80%-ի դեպքում շնչառական վարակները պայմանավորված են վիրուսներով։ Դրանց բուժումը չի ենթադրում հակավիրուսային դեղորայքների օգտագործում, քանի որ չկան այնպիսի միջոցներ, որոնք արդյունավետ են, հաստատված են։ Եթե հաստատված բակտերիալ վարակներ են, ապա բժշկի ցուցմամբ պետք է նշանակվեն նաև հակաբակտերիալ միջոցներ։ Սուր շնչառական վարակների դեպքում երեխաներին պետք է սովորականից հաճախ առաջարկել հեղուկներ, չպետք է անհանգստանալ, եթե երեխան հրաժարվում է սննդից։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ