Գլխավոր էջ Վնասի նվազեցում Որո՞նք են ընկճախտի նախանշանները

Որո՞նք են ընկճախտի նախանշանները

523
0

Ընկճախտը (դեպրեսիա) ժամանակակից մարդկանց շրջանում ամենատարածված խնդիրներից մեկն է, որը կարող է երկար ժամանակ զարգանալ առանց ակնհայտ ախտանշանների և չափազանց ուշ դրսևորվել լուրջ հոգեկան խանգարումներով: Այնուամենայնիվ մասնագետները նշում են, որ կան որոշ ախտանշաններ, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել:

Դյուրագրգիռություն

Ընկճախտով հիվանդների մեծ մասի խոսքով՝ գալիս է մի պահ, երբ իրենք սկսում են ավելի վատ կառավարել իրենց հույզերն ու դառնում են շատ ավելի դյուրագրգիռ: Ընդ որում՝ նման բռնկումները կարող են անակնկալ լինել անգամ իրենց համար, սակայն սովորաբար դրանք վերագրվում են սթրեսին ու հոգնածությանը:

Քնի տևողության փոփոխություն

Ընկճախտը կապված է գլխուղեղում ընթացող կենսաքիմիական գործընթացների խանգարման ու էներգիայի դիսբալանսի հետ, ուստի զարմանալի չէ, որ այն կարող է դրսևորվել քնի տևողության փոփոխություններով: Օրինակ՝ մարդը կարող է չափազանց երկար քնել ու չազատվել հոգնածության զգացումից կամ առհասարակ չկարողանալ քնել անգամ գերհոգնածության դեպքում

Սոցցանցերի գործածություն

Ընկճախտի մասին հուշող ախտանշան կարող է լինել նաև սոցցանցերին ու համացանցին չափազանց երկար ժամանակ տրամադրելն ու իրական շփումներից խուսափելը: Այս դեպքում մարդը խուսափում է շփումից, մինչդեռ նրա ենթագիտակցությունը փորձում է սոցցանցերի միջոցով լրացնել այդ դեֆիցիտը:

Մեջքի ու գոտկատեղի ցավեր

Ընկճախտի ու մեջքի ցավերի կապը վաղուց է հայտնաբերվել: Մասնագետները ենթադրում են, որ ընկճախտի դեպքում նյարդային վերջավորություններն ավելի զգայուն են դառնում, ուստի անհարմար դիրքի կամ շարժման դեպքում մարմինն արձագանքում է սուր ցավով:

Ախորժակի փոփոխություն

Ընկճախտի դեպքում հաճախ են նկատվում նաև ախորժակի փոփոխություններ: Ընդ որում՝ այս դեպքում մարդը կարող է չափից շատ ուտել ու չհագենալ կամ առհասարակ հրաժարվել սննդից: Առավել հաճախ սկզբնական փուլում մարդու ախորժակը վատթարանում է, իսկ սիրելի ուտեստներից կամ մթերքից հրաժարվելը համարվում է ընկճախտի ամենավառ ախտանշաններից մեկը:

Ընտրություն կատարելու անկարողություն

Ընկճախտին բնորոշ ախտանշաններից է նաև անվճռականությունն ու ընտրություն կատարելու անկարողությունը: Այս դեպքում անգամ ամենահասարակ ընտրությունը կարող է փորձություն լինել մարդու համար և իրական խուճապ առաջացնել: Սա է պատճառը, որ մարդը շատ հաճախ որոշումներ կատարելու պարտականությունը բարդում է ուրիշի վրա կամ սկսում է անդադար խորհուրդ հարցնել:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ