Բրիտանացի դեղագործներ Սադիկ ալ-Հասանը եւ Մայք Հյուիթսոնը The Sun-ին պատմել են սովորական սխալների մասին, որոնք թույլ են տալիս մարդկանց մեծամասնությունը, ովքեր տանը բուժում են սեզոնային վիրուսային վարակները: Նրանք թվարկել են հետեւյալ սխալները՝
- Վիտամին C-ի օգնությամբ դուք կարող եք բուժվել ՍՇՎ-ից
«Ինֆեկցիաների սեզոնին մարդիկ հաճախ վիտամին C են ընդունում, սակայն չափազանց քիչ ապացույցներ կան, որ դա օգնում է։ Որոշ հետազոտությունների համաձայն՝ դրա ընդունման շնորհիվ մրսածությունը կարող է ավելի արագ անցնել, սակայն վկայությունները դեռ բավական համոզիչ չեն»,-ասել է դեղագործ Սադիկ ալ-Հասանը։
- Էխինացեան օգտակար է մրսածության ժամանակ
Այս բույսին է վերագրվում իմունային համակարգը խթանելու ունակությունը, որի շնորհիվ մարմինը կարող է ավելի արագ հաղթահարել մրսածությունը կամ գրիպը: Ըստ դեղագործի՝ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էխինացեայի ընդունումը կարող է ինչ-որ չափով նպաստել ՍՇՎ-ի կանխարգելմանը, բայց հիվանդության դեպքում դեղամիջոցի արդյունավետությունը շատ ցածր է։
- Հակաբիոտիկների օգտագործումը
Փորձագետները շատ ավելի լուրջ սխալ են անվանել հակաբիոտիկների օգտագործումը։
Մասնագետներն նշում են՝ մրսածությունն ու գրիպը վիրուսային վարակներ են, դրանք չեն բուժվում հակաբիոտիկներով։ ՍՇՎ-ի դեմ որպես այդպիսին դեղամիջոցներ չկան։ Դեղամիջոցները, որոնք սովորաբար նշանակվում են հիվանդներին, միայն վերացնում են տհաճ ախտանիշները:
«Անմիջապես մրսածության եւ գրիպի բուժում գոյություն չունի, գլխավորը ախտանիշները թեթեւացնելն է։ Կարելի է պարացետամոլ ընդունել, որն օգնում է նվազեցնել ջերմությունը, ինչպես նաեւ շատ ջուր խմել»,- նշել են դեղագործները։
Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine