Գլխավոր էջ Գլխավոր Մտավոր խնդիրներ կարող են առաջանալ մեծահասակների մոտ՝ ծնողների հետ փոխհարաբերություններից․ Տաթև Նահապետյան

Մտավոր խնդիրներ կարող են առաջանալ մեծահասակների մոտ՝ ծնողների հետ փոխհարաբերություններից․ Տաթև Նահապետյան

402
0

Հոկտեմբերի 10-ին աշխարհը նշում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը։ Թեմայի շուրջ Medmedia.am-ի հարցերին է պատասխանել կլինիկական հոեգաբան Տաթևիկ Նահապետյանը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում հոգեկան առողջության օր ասվածը, ո՞րն է օրվա կարևորությունը։

Տաթև Նահապետյան— Այսօր՝ հոկտեմբերի 10-ին նշվում է հոգեկան առողջության համաշխարհային օրը, դեռևս 1922 թվականից: Որի շրջանակներում անցկացվում են միջոցառումներ՝ նվիրված հոգեկան առողջությանը, իրազեկող սեմինարներ, գիտաժողովներ: Հիմնական նպատակն է բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը հոգեկան առողջության խնդիրների, կանխարգելման, հոգեկան խանգարումների բուժման վերաբերյալ, հնարավորինս կրճատել հիվանդությունների տարածվածությունը: Հոգեկան խնդիրներ ունեցող անձիք թիրախային և խոցելի խմբում են, հաճախ սոցիումի կողմից չընդունված, չհասկացված և միևնույն ժամանակ պիտակավորված, նրանք պաշտպանվածության կարիք ունեն: Երբեմն առհասարակ բուժում չեն ստանում և բարձիթողի վիճակում են: Իսկ այս օրվա խորհուրդն է հենց հասարակության, պետության և մասնագետների ուշադրությունը հառել հոգեկան առողջությանը` լայն առումով: Չէ՞ որ մեզանից ոչ ոք ապահովագրված չէ նման խնդիրներից, և մասնավորապես մեր օրերում՝ անվերահսկելի, իրար հաջորդող սթրեսային իրադրությունները, տագնապի մեծ հոսքն առավել խոցելի են մեզ դարձնում: Ամեն տարի ԱՀԿ-ն ընտրում է առավել ակտուալ թեմատիկա և կարգախոս: Այս տարվա կարգախոսն է՝ «Դարձնել հոգեկան առողջությունն ու բարեկացությունը համընդհանուր առաջնահերթություն»:

Որքանո՞վ է Հայաստանում տարածված այս հիվանդությունը:

Տաթև Նահապետյան— Առհասարակ ողջ աշխարհում օրեցօր ավելանում են հոգեկան խնդիրների թիվը, ցավոք մենք նույնպես անմասն չենք մնում այդ ամենից: Հայաստանում առավել շատ տարածված են տագնապային-ֆոբիկ խանգարումները, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումները (կպչուն-սևեռուն), մտավոր հետամնացությունը, խորքային դեպրեսիան: Վերջին երկու տարում առավել շատ խնդիրներ են առաջացել պատերազմի և covid-19-ի արդյունքում:

Ինչի՞ց կարող է առաջանալ մարդկանց մոտ հոգեկան խանգարումներ, հիմնական պատճառները որոնք են։

Տաթև Նահապետյան- Հարցը բավական լայն է և խորքային, որ դեռևս Հիպոկրատից սկսած ուսումնասիրվում է: Թերևս առանձնացնենք ներքին և արտաքին գործոններ հոգեկան խնդիրների առաջացման գործում: Ներքին գործոններին կարող են պատկանել օրինակ՝ գլխուղեղային տրավմաները, գլխուղեղի ուռուցքները (բարորակ և չարորակ), ինսուլտը, շաքարային դիաբետը, զարգացման անոմալիաները և այլ հիվանդություններ: Իսկ արտաքին գործոններին կարող ենք դասել ընտանիքում բռնությունը, սուր կոնֆլիկտները, ուժեղ սթրեսը, մշտական տագնապային վիճակը, էմոցիոնալ լարվածությունը: Հնարավոր գործոններից կարող են լինել նաև քիմիական տարրերի կիրառումը՝ ալկոհոլ, դեղորայք, քիմիկատներ, թմրանյութ և այլն: Առավել հաճախ հոգեկան խնդիրները առաջանում են քրոնիկ և սուր սթրեսի արդյունքում: Իսկ ընդհանուր առմամբ հոգեկան առողջության վրա բացասաբար կարող են ազդել անքնությունը, բռնությունը, թե ֆիզիկական, թե հոգեբանական, չէ՞ որ մեր ուղեղը չի կարողանում տարբերակել դա ինչ բռնություն էր, երկուսն էլ միևնույն կերպ է ընկալում: Անառողջ մթնոլորտը տանը, աշխատավայրում, մշտական ճնշումները: Նույնիսկ շատ հետաքրքիր է, որ մտավոր խնդիրներ կարող են առաջանալ մեծահասակների մոտ ծնողների հետ փոխհարաբերություններից, օրինակ՝ գերխիստ դաստիարակություն, պահանջներ, որոնք չեն կարող իրականցնել երեխաները:

Ինչպե՞ս զերծ մնալ հոգեկան խնդիրներից, մի քանի խորհուրդ։

Տաթև Նահապետյան— Հաճախ երբ ասում ենք առողջություն, չգիտես ինչու առաջնային պատկերացնում ենք ֆիզիկական առողջությունը: Սակայն «Առողջ» ենք այն դեպքում, երբ հոգեպես և ֆիզիկապես հավասարաչափ ենք առողջ: Մենք ամեն առավոտ արթնանում ենք, հոգ ենք տանում մեր մաքրության, արտաքին տեսքի մասին, սնվում ենք, սակայն շատ հաճախ մոռանում ենք ՀՈԳԵՀԻԳԻԵՆԱՅԻ մասին: Թվում է կկարողանանք արտաքին տեսքի տակ քողարկել ներքին էմոցիաները: Հենց այդ կուտակած զգացողությունները, չարտահայտած, զսպած խոսքերը, ներքին կոնֆլիկտները «կեղտոտում» են մեր հոգեկանը: Իսկ մենք անվերջ անտեսում ենք: Առօրյա կյանքում երբեմն խեղդվում ենք ընտանեկան և անձնային խնդիրներից, մասնագիտական և էմոցիոնալ այրվում ենք, այդ ամենը հանգեցնում է դեպրեսիվ վիճակի, բայց միևնույնն է մտածում ենք՝ «Դե հա, կանցնի»: Եկեք հոգ տանենք մեր հոգեկանի մասին և իսկապես այն առաջնահերթություն դարձնենք:

Հավելենք, որ ըստ ՀՀ Առողջապահության նախարարության վերջին տվյալների Հայաստանում  հաշվառման մեջ գտնվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց թիվը կազմել է. 2000թ.` 32717, 2015թ.` 51167, 2019թ.` 57164 և 2021թ.` 60222` արձանագրելով հիվանդացության աճ։

Հ․Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ