Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է

Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է

232
0
Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է, որի նպատակն է միասնական ջատագովության և գործողությունների միջոցով խթանել հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունը բոլորի համար։ Օրվան ընդառաջ Հայաստանում է առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի բարձրաստիճան պատվիրակությունը, որը առողջապահության նախարարության և «Հոգեկան առողջություն» ազգային կոալիցիայի հետ մասնակցել է հոգեկան առողջության առաջնահերթություններին նվիրված մի շարք հատուկ միջոցառումների և աշխատաժողովների։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահության քաղաքականության և համակարգերի գծով տնօրեն դոկտոր Նատաշա Ազոպարդի-Մուսկատի, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Ժիհան Թաուիլայի և հոգեկան առողջության գծով տարածաշրջանային խորհրդական դոկտոր Լեդիա Լազերիի ներկայությամբ միջոցառմանը մասնակցում էին հոգեկան առողջության ոլորտում գործող ազգային հասարակական կազմակերպությունները։
«Երբ վերջին տարիներին աշխարհում առողջապահական համայնքը խոսում է հոգեկան առողջության վրա համավարակի թողած ազդեցությունը հաղթահարելու մասին, մեզ համար կրկնակի, եռակի ծանր օրեր եղան ի թիվս համավարակի` 2020թ. 44-օրյա պատերազմ, սեպտեմբերի 13-ից սկսված սահմանային ագրեսիա, տեղահանվածներ Արցախից և ՀՀ սահմանամերձ շրջաններից, ուստի օրվա հրամայական է հոգեբանական օգնության պետական կարգավորումը և պետական ծրագրերով հոգեբանական օգնության ցուցաբերումը: 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ միջոցներ տրամադրեց հոգեկան առողջության բարելավման ծրագրեր իրականացնելու նպատակով: Մենք շարունակաբար աշխատում ենք մեր գործընկեր գերատեսչությունների հետ այս ծրագրերի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ»,-նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ