Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

239
0
2013 թվականից ի վեր` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ամեն տարի կազմակերպում է գլոբալ արշավներ հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այս տարվա կարգախոսն է. «Հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը բոլորի համար դարձրե՛ք համաշխարհային առաջնահերթություն»:
Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, ավելանում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց թիվը, փոփոխվում է հոգեկան խանգարումների տարածվածության համամասնությունը, ինչի պատճառը վերջին շրջանում հոգեկան առողջության վրա ազդող անբարենպաստ գործոններն են (բնակչության ծերացում, համավարակ, պատերազմ, տեղեկատվական անվերահսկելի հոսք և այլն)։
Վիճակագրական տվյալներով` Հայաստանում հաշվառման մեջ գտնվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց թիվը կազմել է. 2000թ.` 32717, 2015թ.` 51167, 2019թ.` 57164 և 2021թ.` 60222` արձանագրելով հիվանդացության աճ: Նաև աճել է դիսպանսերային հսկողության տակ վերցված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց թիվը:
Հոգեկան առողջության տեսանկյունից խոցելի խմբեր են արտակարգ իրավիճակներում կա՛մ ռազմական, կա՛մ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձինք, երեխաները, դեռահասները և տարեցները։ Նշված խմբերում հոգեկան առողջության խնդիրների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, բուժումը և վերականգնումը, բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովումը, ինչպես նաև հասարակության մեջ անձի ներառումը կկրճատեն հոգեկան խանգարումների հետևանքով կյանքի դժվար իրավիճակում հայտնված անձանց թիվը և կբարելավեն շահառուների կյանքի որակը:
Հոգեկան առողջության ոլորտի քաղաքականությունն ու օրենսդրությունը բարելավելու, որակյալ ծառայություններ մատուցելու, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունն ապահովելու, հասարակության իրազեկությունը բարձրացնելու նպատակով հաստատվել է «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների 2022-2026թթ. ծրագիրը»:
Միաժամանակ, ոլորտի շարունակական զարգացման համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Հոգեկան առողջություն» կոալիցիա` 40-ից ավելի կազմակերպությունների ներգրավմամբ, որոնց անդամների միջև կնքվել է գործակցության հուշագիր:
Նպատակն է դիմակայել Հայաստանում COVID-19 համավարակով և հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված մարտահրավերներին և հոգեկան առողջության ծառայություններն ինտեգրել առողջության առաջնային պահպանման օղակում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ