Գլխավոր էջ Գլխավոր ՀՀ-ում զենք ձեռք բերելու պայմանները մեղմացվեցին․ ինչպե՞ս խուսափել սպանություններից

ՀՀ-ում զենք ձեռք բերելու պայմանները մեղմացվեցին․ ինչպե՞ս խուսափել սպանություններից

422
0

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Արմեն Խաչատրյանը փոփոխություններ էին առաջարկում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում՝ նոր կանոններ սահմանելով քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության համար:

Ըստ նախագծի՝ քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին՝ ոստիկանությունից ստացած համապատասխան թույլտվության պարագայում: Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է ոստիկանություն ներկայացնել վերջինիս կողմից սահմանված դիմում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր: Նշենք, որ գործող օրենքով 18 տարեկան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, դառնալով Որսորդ միության անդամ, ձեռք է բերում ողորկափող հրազեն, և միայն հինգ տարի անց կարող է ձեռք բերել ակոսափող հրազեն: Իսկ առաջարկվող նախագծով՝ այլևս պարտադիր չէ լինել Որսորդ միության անդամ զենք ունենալու թույլտվություն ստանալու համար:

Ըստ Վիլեն Գաբրիելյանի՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը, որն ընդունվել է 1998 թվականին, մինչ օրս որևէ բովանդակային փոփոխության չի ենթարկվել:

Նախագծի հեղինակները հավաստիացնում են, որ նախագիծը չի կարող ենթադրել բանակի դերը գերազանցող գործառույթ, քանի որ զինված ուժերն են զբաղվում սահմանների պաշտպանությամբ, նախագծի նպատակը բխում է քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքից:

Հիշեցնենք, որ Զենքի մասին օրենքը ընդունվել է Ազգային ժողովի կողմից 1998 թ․ հուլիսի 3-ին, Հոդված 10-ով սահմանված է․

Հայաստանի Հանրապետության տարածքում զենք ձեռք բերելու իրավունք ունեն`

ա) պետական ռազմականացված կազմակերպությունները.

բ) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք.

գ) զենքի արտադրությամբ կամ առևտրով զբաղվող իրավաբանական անձինք (այսուհետ` մատակարար իրավաբանական անձինք).

դ) զենքի հավաքածուներ կազմելով կամ դրանք ցուցադրելով զբաղվող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք.

ե) մարզական և որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունները.

զ) ուսումնական հիմնարկները.

է) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

ը) օտարերկրյա քաղաքացիները:

Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովն  երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքում ու կից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Դրանով ՀՀ քաղաքացիների համար զենք ձեռք բերելու ու օգտագործելու կանոններն էապես մեղմացվում են։ Զենք ձեռք բերելու համար նվազագույն տարիքային շեմը կլինի 21 տարեկանը, ակոսափող զենք ձեռք բերելու համար այլևս պարտադիր չի լինի ողորկափող զենքի տիրապետման առնվազն 5 տարվա փորձ ունենալը։

Քաղաքացիները նաև ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորման իրավունք են ստանում։

Նշենք, որ նոր օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս անց:

Նախկինում քաղաքացիներին տրված լիցենզիաներն ու թույլտվությունները կշարունակեն գործել մինչեւ դրանց ժամկետների ավարտը: Բայց պատգամավորները չեն հիմնավորում նման նախագծի ընդունման հրատապությունն ու անհրաժեշտությունն այն պարագայում, երբ ամեն օրվա լրահոսում կարդում ենք կրակոցների ու դրանց հետևանքով մարդկանց մահերի մասին:

Այս պարագայում առաջանում են բազմաթիվ հարցեր, ինչպես է վերահսկվելու ցանկացած վեճի ու տարաձայնության ժամանակ զենքի կիրառության թույլատրելիության սահմանը, ինչպես է պաշտպանվելու այն քաղաքացին ով չունի զենք և կարող է դառնալ անմեղ զոհ, ինչպես է կարգավորվելու զենքի օգտագործման, զենքի հետ վարվեցողության կանոնները, ստացվում է՝ զենքը, ինչպես սառը զենքը ցանկացած իրավիճակում հարցեր լուծող և վրեժխնդրության  առարկա է դառնալու, այս պարագայում մարդկանց մահերի ու առողջությանը հասցված վնասի հավանականությունն էլ, էլ ավելի մեծանում:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ