Գլխավոր էջ Օրվա թեման Սրտանոթային հիվանդությունների ռիսկային խմբում տղամարդիկ են

Սրտանոթային հիվանդությունների ռիսկային խմբում տղամարդիկ են

435
0

Սեպտեմբերի 29-ը համարվում է Սրտի համաշխարհային օրը, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը սրտանոթային հիվանդությունների, դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում այդ հիվանդությունների կանխարգելմանն ու առողջ ապրելակերպի քարոզմանը։

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Դիանա Անդրեասյանը, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով սրտանոթային հիվանդությանն ու դինամիկային, նշել է, որ ռիսկային խմբում են տղամարդիկ քան կանայք՝ ծխախոտի օգտագործման, աղի չարաշահման և մի շարք այլ գործոններով պայմանավորված։ Նա նաև կարևորել է հասարակության իրազեկվածության բարձրացումը․

«Յուրաքանչյուր անձ պետք է վերահսկի իր ապրելակերպը, ազատվի վատ սովորություններից և հետևողական լինի իր վարքագծի նկատմամբ, հակառակ դեպքում լավ արդյունքի չենք կարող հասնել»,-նշել է նա։

ՀՀ ԱՆ սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը ևս մատնանշել է առողջապահական մշակույթի անտեսումը։

Ըստ նրա՝ սրտանոթային հիվանդությունների դեպքում մարդիկ ստիպված են անընդհատ պահպանել սահմանված ռեժիմը․

«Պացիենտը մշտապես պետք է պահպանի դեղորայքային հետևողական բուժումը, ցավոք մեր երկրում առողջապահական մշակույթը բարձր որակի վրա չէ։ Մենք առաջ ենք տանում այն քաղաքականությունը, ըստ որի քաղաքացին պետք է հետևի իրեն և երեք գործոն կարևորի՝ կենսակերպը, քաշը և ֆիզիկական ակտիվությունը»,- հավելել է նա։

ՀՀ առողջապահության նախարարության hիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանն էլ նշել է, որ նախարարության կողմից մշակվել և իրականացվում են մի շարք ծրագրեր․

«Կանխարգելիչ ծրագրերից է սքրինինգային ծրագիրը, որն իրականացվում է զարկերակային գերճնշման վաղ ախտորոշման նպատակով, որի շրջանակներում 35-ից 68 տարեկան մեր քաղաքացիները կարող են այցելել իրենց պոլիկլինիկաներ, հետազոտվել՝ հիվանդությունը հայտնաբերելու նպատակով։ Մյուս ծրագիրը 2015թ-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրն է, որի շրջանակում սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշման դեպքում սկզբնական շրջանում իրականացվում էր ոչ դեղապատ ստենդի տեղադրում, իսկ հետագայում ծրագիրը ընդլայնվեց և ոչ դեղապատ ստենդը փոխարինվեց դեղապատով»,-ներկայացրել է նա։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ