Գլխավոր էջ Գլխավոր 293 վիրավոր, 207 զոհ և անհետ կորած, գերիներ․ կարձագանքի՞ ՄԱԿ-ը

293 վիրավոր, 207 զոհ և անհետ կորած, գերիներ․ կարձագանքի՞ ՄԱԿ-ը

329
0

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Ինչի արդյունքում ունեցանք զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։

«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գնդակոծել է 36 բնակելի տարածքներ և համայնքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Գեղամասարը։ Սա սահմանային բախում չէր. դա ուղղակի, անհերքելի հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, որը դատապարտվեց և որին անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստերի ընթացքում և դրանից դուրս»,-նշել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, թե ադրբեջանական հարձակումը միտումնավոր թիրախավորել է խաղաղ բնակչությանը և կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները. Ջերմուկը Հայաստանի հիմնական առողջարանային և զբոսաշրջային վայրերից մեկն է, և այժմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկի բոլոր հյուրանոցները, առողջարանային և հանգստի կենտրոնները փակ են։

Վարչապետը տեղեկացրել է, որ փաստացի Ջերմուկի բոլոր բնակիչները տեղահանված են։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 7600 մարդ, հիմնականում կանայք և տարեցներ, որոնցից 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։

Հիշեցնենք, որ շուրջ 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն մասնակի կամ ամբողջությամբ ավերված են։ Վնասվել են 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազատար խողովակ, 1 կամուրջ։ Գնդակոծվել է 2 շտապօգնության և 4 մասնավոր ավտոմեքենա։ Թիրախավորվել և գնդակոծության է ենթարկվել Կեչուտի ջրամբարը։ Հարձակման թիրախ են դարձել նաև լրագրողներն ու շտապօգնության մեքենաներ։

Վարչապետը տեղեկացրել է, որ ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվն այս պահին գերազանցում է 207-ը, զոհերից 3-ը և անհետ կորածներից 2-ը խաղաղ բնակիչ են։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, առնվազն 20 զինծառայող գերեվարվել է։

Այս ամենի ֆոնին հատկանշական է խոշտանգումների և վայրագությունների դեպքերը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, վարչապետը անդրադարձել է նաև գերեվարված անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքին․

«Ապացույցներ կան գերեվարված կամ արդեն մահացած զինծառայողների խոշտանգումների և անդամահատման, արտադատական սպանությունների բազմաթիվ դեպքերի, հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ինչպես նաև դիերի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին։ Հայ կին զինծառայողների դիերն առանձնակի դաժանությամբ անդամահատել են, ապա «հպարտորեն» տեսագրվել ադրբեջանցի զինծառայողների կողմից»,-նշել է նա։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինծառայողները առանձնակի դաժանությամբ մասնատել էին կին զինծառայողին, կտրել էին ոտքերը, մատները, մերկացրել էին։ Այդ տեսանյութն արագորեն տարածվել էր համացանցում։ Հիշեցնենք նաև որ ադրբեջանական կողմի ագրեսիայի հետևանքով զոհվել է հինգ կին զինծառայող։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ