Գլխավոր էջ Նորություններ Գյումրիում հիվանդանոց տեղափոխված 6-ամյա երեխան մահացել է

Գյումրիում հիվանդանոց տեղափոխված 6-ամյա երեխան մահացել է

174
0

Երեկ ՝ ապրիլի 19-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել վեցամյա աղջիկ երեխա, որը եղել է ծայրահեղ ծանր վիճակում։

«Երեխան մեզ մոտ ընդունվել է  ծայրահեղ ծանր՝ մահամերձ վիճակում։ Անմիջապես ռեանիմատոլոգներն իրականացրել են վերակենդանացման աշխատանքներ։ Երեխան միացվել է արհեստական շնչառության ապարատին, անգիտակից էր։ Վերակենդանացման աշխատանքների ընթացքում երեխայի սրտի աշխատանքը սկսել է վերականգնվել։ Նրա մոտ ախտորոշվել է ասպիրացիոն ասֆիքսիա, այսինքն՝ շնչուղիների խցանում։ Բժիշկները երեխայի շնչուղիները մաքրել են կերակրի մնացորդներից, բայց, հավանաբար, երեխայի այդ վիճակի պատճառը շմոլ գազն է եղել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Վարձելյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի հետ լոգարանում նաև մայրն է եղել, որի ինքնազգացողությունը վատացել է ու դուրս է եկել լոգարանից, հետո որոշ ժամանակ անց հայրը մտել ու տեսել է երեխային լոգարանում ընկած վիճակում։ Բժիշկների կարծիքով`երեխային շատ ուշ են տեղափոխել հիվանդանոց, քանի որ նրա մոտ կյանքի նշաններ գրեթե չեն եղել։ Գյումրեցի բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, մշտապես կապի մեջ են եղել երևանյան գործընկերների հետ, անգամ քննարկել են երեխային մայրաքաղաք տեղափոխելու հարցը, բայց, ծայրահեղ վիճակը հաշվի առնելով՝ տեղափոխություն չեն կատարել։

«Քննարկվեց երեխային սանավիացիայով տեղափոխել Երևան, բայց մեկ տոկոս հավանականություն կար, որ մինչև տեղ հասնելը նա  կապրեր։ Մեզ մոտ տեղափոխվելուց 3-4 ժամ անց՝ գիշերը 01։00-ի սահմաններում, երեխայի սիրտը կանգնեց, ամբողջ գիշեր  եղել ենք հիվանդանոցում»,- նշել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Բժիշկների ահազանգով հիվանդանոց են մեկնել նաև Շիրակի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության  աշխատակիցները։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ