Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում մանկական պալիատիվ օգնության կարիք կունենա մոտ 3000 երեխա. Լիլիթ Ավետիսյան

Հայաստանում մանկական պալիատիվ օգնության կարիք կունենա մոտ 3000 երեխա. Լիլիթ Ավետիսյան

190
0

Հայաստանի Հանրապետությունում դեռևս մանկական պալիատիվ օգնություն ստանալու կարիք ունեցող երեխաների հստակ թիվ չկա»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ Մանկաբույժների հայկական ասոցիացիան, Պետական բժշկական ինստիտուտը ուսումնասիրել են վիճակագրական տվյալները և վեր են հանել մոտավոր թիվ, ըստ որի՝ Հայաստանում նման օգնության կարիք կունենա 3000 երեխա:

Լիլիթ Ավետիսյանը հայտնեց, որ ԱՄՆ-ում 0-17 տարեկան բնակչության մոտավորապես 27 %-ը (11 մլն երեխա) ունի հատուկ խնամքի պահանջ և նրանց 15%-ը՝ 3 մլն երեխա կարիք ունի պալիատիվ օգնության, իսկ զարգացող պետոթյուններում այդ պահանջն ավելի բարձր է:

Հայտնելով, որ վերջին 10 տարում աշխարհի երկրների մեծ մասում, այդ թվում նաև Հայաստանում գրանցվում է երեխաների առողջության պահպանման ոլորտում էական հաջողություններ՝ հիվանդացության և մահացածության թվի նվազում, բժիշկ մասնագետն ասաց. «Դրան զուգահեռ դիտարկվում է հոգեշարժային խանգարումներով երեխաների թվի աճ, ինչպես նաև անհաս, ծանր պերինալ ախտահարումներով հիվանդացության դեպքեր»:

Նրա խոսքով՝ նման խնդիրներ ունեցող երեխաների կյանքի տևողությունն ավելի է երկարում բժշկական օգնության որակի լավացմանը զուգահեռ, բայց նաև նրանց կարիքների համապարփակ և համալիր բավարարման՝ պալիատիվ օգնության անհրաժեշտություն է առաջանում:

«Եթե նախկինում այդ երեխաները, ցավոք սրտի, չէին ապրում և մահը վրա էր հասնում ավելի վաղ, ապա բժշկական ծառայությունների որակի լավացմանը, ինտենսիվ թերապիայի հագեցմանը և ծառայությունների որակի բարելավմանը զուգահեռ այնպիսի հիվանդություններով երեխաները, ինչպիսիք են ծանր նյարդաբանական, ուռուցքաբանական, էնդոկրին, քրոմոսոնային, ժառանգական խրոնիկ հիվանդ երեխաների կյանքի տևողությունը երկարում է»,- ասաց բժիշկը՝ արձանագրելով, որ առողջապահության խնդիրը հենց այդ երեխաներին որոշակի խումբ ծառայությունների ուղղումն է, որոնք միտված կլինեն երեխաների հոգեհուզական տառապանքների մեղմմանը, ինչպես նաև նաև ընտանիքին աջակցմանը:

Նա բացատրեց, որ այդ խնդրին է ուղղված մանկական պալիատիվ օգնությունը:

Լիլիթ Ավետիսյանի ներկայացմամբ՝ մեծահասակների մոտ պալիատիվ օգնությունը մեծամասամբ տրվում է ուռուցքաբանական հիվանդություններով տառապողներին, իսկ երեխաների մոտ կարող են լինել բնածին անոմալիաները, նյութափոխանակային ժառանգական խախտումներ, քրոմոսոմային և ուռուցքաբանական հիվանդություններ:

Բաժնի պետը հայտնեց, որ Առողջապահության նախարարությունը նախատեսում է նման հիվանդների համար հիվանդանոցային ծառայություննեից բացի անցնել արտահիվանդանոցային բուժման, որի համար մշակվել է հայեցակարգ, որում օգտագործվել է Ավստրալիայի բժիշկների փորձը:

Լիլիթ Ավետիսյանի խոսքով՝ մանկական պալիատիվ օգնության կարիք ունեցողները 4 հիմնական խմբերի են բաժանվում, առաջինում կյանքին սպառնացող խրոնիկ հիվանդության վիճակում գտնվողներն են, որոնց դեպքում կա բուժում, սակայն դրանք կարող են անարդյունավետ լինել, օրինակ՝ քաղցկեղը, տարբեր օրգանների ախտահարումը, սրտի ծանր հիվանդությունները:

«Երկրորդ խմբում ընդգրկված են հիվանդություներ, որոնց դեպքում վաղաժամ մահվան հավանականությունը բարձր է և պահանջում է երկարատև և ինտենսիվ բուժում, օրինակ երիկամային անբավարարվածությամբ երեխաները:

Երրորդ խումբը կազմում են պրոգրեսիվ հիվանդություններ ունեցող երեխաներ, որոնք ի սկզբանե պալիատիվ բուժման օգնության կարիք ունեն, օրինակ՝ սախարոզով և ցիտոզով հիվանդները:

Չորրորդ խումբը կազմում են ոչ պրոգրեսիվ ծանր անդառնալի փոփոխություններով երեխաները, որոնք չեն ենթարկվում վերականգնողական բուժման: Դրանք են ծանր գլխուղեղային տրավմաներով երեխաները, որոնց դեպքում բարձրանում է վաղ մահվան հավանականությունը և այդ խմբի երեխաները գիտակցում են, որ իրենց մահն անխուսափելի է»,- հայտնեց ԱՆ բաժնի պետը և հավելեց, որ մանկական պալիատիվ օգնությունը պետք է հիմնված լինի երեխայի իրավունքների պաշտպանության վրա, նաև պետք է լինեն հասարակության լիիրավ անդամ:

 

Աղբյուր` Panorama.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ