Գլխավոր էջ Նորություններ Քննարկվել են Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաների շենքային պայմանների բարելավմանն...

Քննարկվել են Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաների շենքային պայմանների բարելավմանն առնչվող հարցեր

232
0

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի, «Առողջապահական ԾԻԳ» տնօրեն Երվանդ Էլիբեկյանի, նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաներ։

16 հազար ազգաբնակչություն սպասարկող «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի» շենքային պայմանները վատթար վիճակում են, շենքը հիմնանորոգման կարիք ունի։ Հիմնանորոգման կարիք ունի նաև 27000 ազգաբնակչություն սպասարկող «Գյումրու Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկան», որի շենքը կառուցվել է 1930-ական թվականներին:

Պատասխանատուները շրջել են կառույցներում, շենքային պայմաններին ծանոթացել, քննարկել շենքերի վերանորոգմանն առնչվող ծրագրերն ու տարբերակները։

«Մեր երկու պոլիկլինիկաներն էլ գտնվում են Գյումրու կենտրոնական հատվածներում և բավական թվով ազգաբնակչություն են սպասարկում, շատ ուրախալի է, որ կառավարությունը գումարներ է հատկացնում առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման համար սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով: Լիահույս ենք, որ կառավարության, առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքների արդյունքում կիրականացվեն նաև այս բուժհաստատությունների արդիականացման ծրագրերը ևս»,- նշել է Շիրակի մարզպետը։

«Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի» շենքի վերակառուցման աշխատանքներն ընդգրկված են ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ, քննարկվում է նաև «Գյումրու Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի» շենքի ուժեղացման-վերականգնման աշխատանքներն ընդգրկել առողջապահական հաստատությունների արդիականացման ծրագիր։

Պատասխանատուներն այցելել են նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել, ծանոթացել աշխատանքների ընթացքին։

Աղբյուրը` Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ