Գլխավոր էջ Նորություններ Որքա՞ն երկար են պաշտպանում պատվաստանյութերը Քովիդ-19-ից

Որքա՞ն երկար են պաշտպանում պատվաստանյութերը Քովիդ-19-ից

265
0

Այս հարցին պատասխանելու համար կատարվել է հետհայաց լայնածավալ հետազոտություն Շվեդիայի բնակչության շրջանում՝ 2021 թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Այս 9 ամսվա ընթացքում հետազոտությունը հետևել է բնակչության լիովին (երկու դեղաչափով) պատվաստված և չպատվաստված, այլ հատկանիշներով միանման երկու խմբերի (842 974 մարդ՝ յուրաքանչյուրում) և գնահատել է 3 տիպի պատվաստանյութերի («Պֆայզեր», «Մոդերնա» և «Աստրազենեկա») արդյունավետությունը Քովիդ-19-ով վարակվելուց, ինչպես նաև՝ Քովիդ-19-ով պայմանավորված հոսպիտալացումից և մահից պաշտպանելու հարցում:

Հետազոտությունը պարզել է, որ Քովիդ-19-ի դեմ ցանկացած պատվաստանյութի երկու դեղաչափից հետո պատվաստման արդյունավետությունն առավելագույնի է հասել 15-30-րդ օրերին: Այնուհետև արդյունավետությունն աստիճանաբար նվազել է, իսկ 7 ամիս անց որևէ արդյունավետություն հնարավոր չի եղել հայտնաբերել:

Ընդ որում՝ հետպատվաստումային իմունիտետի թուլացումն ընթացել է տարբեր արագություններով՝ կախված պատվաստանյութի տեսակից: Ավելիբարր և տևական արդյունավետություն են ցուցաբերել ի-ՌՆԹ պատվաստանյութերը («Պֆայզեր» և «Մոդերնա»): Այսպես. «Մոդերնա» պատվաստանյութի արդյունավետությունը՝ վարակվելուց պաշտպանելու հարցում, սկզբնական 96%-ից նվազել է մինչև 59%՝ երկրորդ դեղաչափը ստանալուց 6 ամիս անց, իսկ «Պֆայզեր» պատվաստանյութինը՝ սկզբնական 92%-ից նվազել է մինչև 47%՝ 4-6 ամիս անց, իսկ 7 ամիս անց նվազել է մինչև 23%: «Աստրազենեկա»-ի երկու դեղաչափով  պատվաստումը վարակվելուց պաշտպանել է առավելագույնը  68%-ով՝ հետպատվաստումային 15-30-րդ օրերին, իսկ 4 ամիս անց այլևս չի պաշտպանել վարակվելուց: Ավելի տևական պաշտպանություն է ապահովել հետերոգեն պատվաստումը, երբ առաջին դեղաչափը եղել է«Աստրազենեկա», իսկ երկրորդը՝  «Մոդերնա» կամ «Պֆայզեր»: Այս դեպքում երկրորդ դեղաչափից 15-30 օր անց վարակվելուց պաշտպանությունը  կազմել է 89%, իսկ 4 ամիս անց և դրանից հետո՝ 66%:

Պատվաստման արդյունավետությունն ավելի երկար է պահպանվել Քովիդ-19-ով պայմանավորված հոսպիատալացումից և մահից պաշտպանելու հարցում: Պատվաստման ցանկացած սխեմայի և ցանկացած պատվաստանյութի դեպքում, հիվանդության ծանր ընթացքից պաշտպանությունը կազմել է 89%՝ հետպատվաստումային 15-30-րդ օրերի ընթացքում, իսկ երկրորդ դեղաչափից 4 ամիս անց և դրանից հետո պահպանվել է 64% պաշտպանություն:

Հետազոտության արդյունքում նաև պարզվել է, որ Քովիդ-19-ի դեմ պատվաստումն ավելի բարձր պաշտպանություն է ապահովում կանանց համար, քան՝ տղամարդկանց, ինչպես նաև՝ երիտասարդների համար՝ տարեց բնակչության համեմատությամբ:

Սկզբնաղբյուր՝

https://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(22)00089-7/fulltext

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ