Գլխավոր էջ Գլխավոր Արդյո՞ք կինն է մեղավոր կամ ինչու՞ են դավաճանում տղամարդիկ

Արդյո՞ք կինն է մեղավոր կամ ինչու՞ են դավաճանում տղամարդիկ

982
0

Medmedia.am-ի զրուցակիցն է կլինիկական հոգեբան Տաթևիկ Նահապետյանը։

Ի՞նչը կարող է տղամարդուն դրդել դավաճանության։

Տաթևիկ Նահապետյան-Նախ հարկավոր է տարբերակել ի՞նչ ասել է դավաճանություն: Խոսքը էմոցիոնալ դավաճանության մասին է, թե՞ բացառապես սեռական կապի: Առհասարակ, դավաճանություն ասելով նկատի ենք ունենում որևէ մի գործողություն, արարք, կարծես նախապես ինչ-որ պայմանավորվածության խախտում, որը անթաքույց կնքվում է զույգերի միջև, ինչի արդյունքում հակառակ կողմն ունենում է բացասական հոգեէմոցիոնալ վիճակ, դա կլինի պարզապես ֆլիրտ, թե սեռական կապ: Դավաճանությունը գիտակցված որոշում է, գիտակցված քայլ անձի կողմից, ինչը ճանապարհ է անցնում, այսինքն՝ անձն ունենում է կյանքի ինչ-որ փուլում, ինչ-որ պահից սկսած նախ դավաճանության մտքեր, ինչը հետագայում վերածվում է բուն գործողության: Հաճախ նշում են՝ «Այն պահին, երբ մտածել ես անգամ դավաճանության մասին, ուրեմն արդեն դավաճանել ես»: Ու հետևաբար հարկավոր է հաշվի առնել նաև անգիտակցականում թաքնված մոտիվները, երբ տղամարդը չի կարողանում բացատրություն տալ՝ ինչու այդպես վարվեց: Իհարկե, պատճառները բազմաթիվ են, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց դեպքում: Թերևս առաջնային տարբերակներից էմոցիոնալ խզվածությունն է զույգի միջև, սեռական խառնվածքի անհամապատասխանությունը, ձանձրույթը, կոնֆլիկտները և այլն: Կարող է լինել ինքնահաստատման միջոց, հաճախ թերարժեքության բարդույթ ունեցող անձանց մոտ, այդպես ենթագիտակցորեն կարևորում են իրենց: Հնարավոր է անգիտակցականում թաքնված տրավման լինի պատճառը՝ երբ տղամարդը ցանկանում է ինչ-որ արգելված մի բան անել, վատը լինել, ինչը ստվերում է թաքնված և գիտակցաբար չի ընկալվում: Իրականում կարող է նա շատ դրական, բարի վերաբերմունք ունենալ կնոջ նկատմամբ, շատ սիրի, գնահատի, բայց ներսի այդ մասը դրդի նրան դավաճանության, որևէ չիրականացված ցանկության ի կատար ածման, իսկ հոգեբանական ճնշման դեմ հնարավոր չէ պայքարել: Կարող է լինել վրեժ լուծելու միջոց, երբ հաճախ անհիմն մեղադրանքներ է ստացել կնոջ կողմից: Իսկ հաճախ էլ դավաճանում են հենց այնպես, առանց որևէ պատճառի՝ համարելով, որ դրանում ոչ մի վատ բան չկա։

Սովորաբար դավաճանության համար մեղադրում են կնոջը,որքանո՞վ է այս մոտեցումը իրատեսական։

Տաթևիկ Նահապետյան- Վերևում թվարկեցի հնարավոր տարբերակները տղամարդու դավաճանության, որից թերևս առաջինում էր, որ կնոջ դերը էականորեն նշմարելի էր: «Մեղավորություն» չեմ ցանականա ասել, քանի որ շատ տարբեր կողմերից կարող ենք հարցը դիտարկել: Եթե կա դավաճանություն հարաբերություններում, ուրեմն երկուստեք իրենց ներդրումն ունեն: Եվ այն կարող է սկիզբ առնել ցանկացած անհասկացվածությունից և ընտանիքը միանշանակ ապակայունացնելու է: Իսկ եթե ընտանիքում մշտապես կոնֆլիկտներ են, լարվածություն, անհիմն խանդ, սեռական խնդիրներ, այո տղամարդը ձգտելու է նոր տպավորությունների, նոր զգացողությունների, առավել ներդաշնակ և հանգիստ հարաբերությունների, որտեղ գնահատված է, կարևոր և ինքնաբավ:

«Եթե դավաճանում է, չի նշանակում, որ չի սիրում», որքանո՞վ է ընդունելի այս տարբերակը։

Տաթևիկ Նահապետյան-Միանշանակ պատասխան լինել չի կարող, քանի որ շատ անհատական է, ունի անհատական խորքային պատճառներ, և իհարկե պայմանավորված է, թե ինչպիսի դավաճանության մասին է խոսքը: Առհասարակ ընտանեկան հարաբերություններում շատ կարևոր մի քանի փուլեր կան, դրանցից առաջինը՝ «Մայր-որդի» հարաբերություններն են, երբ կինը հոգ է տանում տղամարդու մասին, հաջորդը՝ «Հայր-դուստր», երբ տղամարդն է հոգ տանում կնոջ մասին, «Ընկերներ» և «Սիրեկաններ»: Եվ երբ սրանցից որևէ մեկը խախտվում է, զույգը այլ տեղում է փնտրելու և լրացնելու այդ բացը: Հետևաբար հնարավոր է հենց էմոցիաների բացակայությունը, սառնությունը, խզվածությունը, «չսիրելը» պատճառ հանդիսանան դավաճանության: Եվ հավասարաչափ հնարավոր է, որ ունենալով այդ ամենը, բայց «սիրեկաններ» էտապի բացակայությամբ դավաճանություն լինի բացառապես սեռական կապով: Իհարկե, յուրաքանչյուր տարբերակի դեպքում էլ, արդեն իսկ խարխլվում է ընտանիքի առողջ հիմքը:

Դավաճանությունից հետո հնարավո՞ր է փրկել հարաբերությունները։

Տաթևիկ Նահապետյան- Դավաճանությունը միշտ մեջքով ենք զգում, դա ուղիղ հարված է մեջքին, կարծես կորցնում ենք հենարանը և թուլանում: Շոկային փուլից հետո հաճախ «դավաճանված» կողմը ունենում է ինքնագնահատականի անկում, սկսում է չհարգել իրեն, չգնահատել, չէ՞ որ իր սիրելին իրեն դավաճանել է: Այն կարող է ուղեկցվել մինչև իսկ դեպրեսիվ լուրջ սիմպտոմատիկայով: «Դավաճանող» կողմն էլ հաճախ ունենում է մեղքի զգցում: Եվ հարաբերություններ փրկելը միակողմանի որոշում չի կարող լինել: Առաջ են գալիս մի կողմից ընտանիքը պահպանելու կարծրատիպեր, մյուս կողմից՝ անձնային արժեքներ: Փրկել միշտ է հնարավոր, եթե դա ցանկանում են երկու կողմերն էլ, արժեքների, ունեցած համոզմունքների հարց է: Անձը ընտրություն ունի՝ ուզում ես վերակառուցիր, ուզում ես՝ ոչ: Իսկ որոշում կայացնելու այդ սահմանային փուլում լավ կլինի մասնագիտական խորհրդատվություն, առավել հստակ և կայուն քայեր անելու համար:

Ներե՞լ դավաճանությունը։

Տաթևիկ Նահապետյան- Այստեղ նույնպես միանշանակ պատասխան չենք կարող տալ և էլի կախված է, անձի անձնային առանձնահատկություններից, արժեքներից և համոզմունքներից: Ինչ-որ մեկի համար դավաճանությունը, որպես այդպիսին որևէ սարսափելի բան չի համարվում, իսկ մեկ ուրիշը ներել չի կարող: Ինչ-որ մեկը հիմա կարող է կարդալ «ներել» բառը, և շատ տարատեսակ ու հակասական էմոցիաներ ունենալ: Ներում են միայն նրանք, ովքեր ունակ են ներելու՝ ելնելով տարբեր պատճառներից: Ամենազվարճալին այն է, որ հաճախ դավաճանությունը ցավագին են տանում այն մարդիկ, ովքեր իրենք են դավաճանել, ու այստեղ էական չէ, թե ինչպիսի դավաճանության մասին է խոսքը: Իսկ ինչ վերաբերվում է ներելուն, ապա թող յուրաքանչյուրն իր համար որոշի, ինչպես վարվել:

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ