Գլխավոր էջ Նորություններ Բժշկական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման և նորոգման համար պետբյուջեից կհատկացվի 3.8 մլրդ դրամ

Բժշկական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման և նորոգման համար պետբյուջեից կհատկացվի 3.8 մլրդ դրամ

266
0

կառավարության որոշմամբ՝ պետբյուջեից 3.8 մլր դրամ կհատկացվի Առողջապահության նախարարությանը՝ 6 առողջապահական կազմակերպության վերակառուցման, կառուցման, նորոգման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության ապրիլի 7-ի նիստում:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման շարունակականության ապահովման նպատակով պետբյուջեից 3.8 մլրդ դրամի հատկացում՝ Առողջապահության նախարարությանը»,-ասաց փոխնախարար Լենա Նանուշյանը:

Առողջապահության փոխնախարարը հիշեցրեց ՀՀ կառավարության հանձնառության մասին՝ 5 տարում վերանորոգելու, վերակառուցելու և կառուցելու 50 առողջապահական կազմակերպություն:  Նախարարությունը 2021-ին սկսել է այդ աշխատանքների իրականցումը: Մի շարք առողջապահական կազմակերպություններում իրականացվել են և իրականացվում են վերակառուցման, կառուցման և վերանորոգման աշխատանքներ:

«Սույն նախագծի մեջ ընդգրկված են 6 առողջապահական կազմակերպություններ, որոնց աշխատանքները սկսվել են 2021-ին: Եվ այս գումարները նախատեսված են դրանց կապիտալ ծախսերի շարունակականության ապահովման համար»,-ասաց Նանուշյանը:

Այդ 6 առողջապահական կազմակերպություններն են Արագածոտնի մարզի Թալինի ԲԿ-ն, Կոտայքի մարզի Չարենցավանի ԲԿ-ն, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի Առողջության կենտրոնը, Արարատի մարզի Մասիսի ԲԿ-ն, Սյունիքի մարզի Սիսիանի ԲԿ-ն և  Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը:

Վարչապետը հետաքրքրվեց՝ թվարկված ԲԿ-ները զրոյի՞ց են կառուցում: Փոխնախարարն արձագանքեց՝ տարբեր, օրինակ` կենտրոններ կան, որոնք 0-ից են կառուցում, օրինակ՝ Ծաղկահովիտի Առողջության կենտրոնը, Մասիսի ԲԿ-ի շինության կառուցումը: Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի մի մեծ հատվածը վերակառուցում, վերանորոգում են, բայց միաժամանակ նոր մասնաշենք են կառուցում:

Ապա Փաշինյանը հետաքրքրվեց հընթացս սարքավորումների և գույքի նոր ձեռքբերման հարցով: Նանուշյանն ասաց, որ վարչապետի հանձնարարականով իրենք հոգալու են և գույքի, և բոլոր սարքավորումների ձեռքբերումը:

Փաշինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են այն ԲԿ-ները, որոնց վերակառուցումը, կառուցումը սկսել էին: Նանուշյանը հայտնեց, որ Մարտունու ԲԿ-ի կառուցման և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման ավարտը նախատեսվում է 2022 և 2023 թվականների ընթացքում:  Այս տարի կան վերանորոգման, վերակառուցման, կառուցման մեկնարկին սպասարկող մի շարք առողջապահական կազմակերպություններ: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում վերակառուցման աշխատանքներ են իրականացվելու:

«Մենք ստանձնել ենք, որ 50 ԲԿ պետք է կառուցենք, վերակառուցենք կամ հիմնանորոգենք: Դա նաև մեր նախընտրական պարտավորությունն է: Եվ այս փուլում մենք պետք է պատշաճ պլանավորում ունենանք, որ համոզված լինենք, որ մեր նպատակները իրագործելիության տիրույթում են: Ես այս շարքում եմ նայում մեր 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը: Եվ այդտեղ էլ նույն սկզբունքով պետք է առաջնորդվենք»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բացի կազմակերպչականից ոչ մի խոչընդոտ չի տեսնում, դրանք իրականացվեն:

Նա զուգահեռ կարևորեց նաև մասնագետների պատրաստման հարցը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ