Գլխավոր էջ Գլխավոր Ցածր ինքնագնահատականով անձը հակված է մշտապես ինքնաքննադատության. կլինիկական հոգեբան Տաթև Նահապետյան

Ցածր ինքնագնահատականով անձը հակված է մշտապես ինքնաքննադատության. կլինիկական հոգեբան Տաթև Նահապետյան

1329
0

Ինքնագնահատականի մասին Medmedia.am-ը զրուցել է կլինիկական հոգեբան Տաթև Նահապետյանի հետ:

Ի՞նչ է ինքնագնահատականը և որքանո՞վ է այն կարևոր առողջ հոգեկերտվածք ունենալու համար:

— Ինքնագնահատականը մարդու ինքնագիտակցության բաղկացուցիչ մասն է, որի միջոցով անհատը գնահատում է սեփական կարողությունները, հնարավորությունները, հմտությունները, իր տեղը սոցիումում, արժանիքներն ու թերությունները: Այն մի փոքր ավելին է, քան ուղղակի վստահությունը սեփական անձի նկատմամբ: Ինքնագնահատականը մեր հուզական գնահատականն է մեր «ես» -ին: Այն չունի ինչ-որ արտաքին գնահատման ցուցանիշներ: Մարդու ինքնագնահատականի մասին կարելի է դատել հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես է մարդը մտածում իր մասին: Օրինակ՝  ինչ-որ իրավիճակում ասում է՝ «Ես դա կհաղթահարեմ», թե՞ «Ես դա երբեք չեմ կարողանա անել, թույլ եմ», «Ինձ այստեղ ճանաչում և հարգում են», թե՞ «Ես այստեղ ոչ մեկ եմ»: Ենթադրենք, որ կինը կատարյալ արտաքին տեսք ունի։

Բայց եթե թեկուզև հոգու խորքում վստահ է, որ մեծ քիթ ունի ու ինչ-որ չափանիշներին ոչ համապատասխան արտաքին, ապա միանշանակ կարող ենք ասել, որ վերաբերմունքը իր իսկ նկատմամբ ձևավորում է հետագա վարքային մոդելը: Կամ եթե անձն ունի բավարար կրթություն, գիտելիքներ, բայց նրան թվում է՝ ինչպես միշտ չի կարողանա գլուխ հանել որևէ գործում, այստեղ նույնպես խոսքը ինքնագնահատականի մասին է:

Ինքնագնահատականը ձևավորվում է մանկության ժամանակ, նույնիսկ կարող ենք ասել դեռևս պրենատալ շրջանում՝ ծնողի ունեցած վերաբերմունքից և գնահատականից երեխայի նկատմամբ: Ինչն էլ առաջնային ու կարևոր հիմք է հետագա անձնային որակների, կոմունիկատիվ հմտությունների, սոցիալիզացիայի, ընտանիք կազմելու և այլնի համար:

Ինչի՞ կարող է հանգեցնել ցածր ինքնագնահատականը:

— Ցածր ինքնագնահատականով անձը հակված է մշտապես ինքնաքննադատության, ինչպես նաև ծայրահեղ հուզական է վերաբերվում ցանկացած քննադատությանը, ինչն էլ ուղեկցվում է նեղացվածությամբ: Օրինակ եթե ցածր ինքնագնահատականով մարդուն տանք բացասական հետադարձ կապ, շատ մեծ է հավանականությունը, որ նա այնքան սրտին մոտ կընդունի և կվիրավորվի, որ շատ դժվար և երկար ժամանակ կպահանջվի այն վերականգնելու համար: Նրանց թվում է, որ շրջապատի սերը իր նկատմամբ, կախված է միայն իրենց հաջողություններով, իրենց արտաքին տեսքով, իսկ մի փոքր անհաջողության դեպքում, իրենք այլևս ոչ ոքի պետք չեն: Նրանք ունակ չեն ադեկվատ գնահատելու իրենք իրենց, մշտապես սպասում են շրջապատի գնահատականին: Շարժվում են հետևյալ սկզբունքով՝ «Ի՞նչ կասեն իմ մասին մարդիկ»: Նրանք մշտապես անորոշ վիճակում են ու գերիշխում է սխալվելու վախը: Հետևաբար բնորոշ է բարձր տագնապայնությունը: Եթե որևէ ծրագրավորած գործողություն այս կամ այն պատճառով չի ստացվում, ունենում են մեղքի զգացում, դյուրագրգիռ վիճակ, նեգատիվ տրամադրվածություն ամբողջ աշխարհին: Ժամանակավոր անհաջողությունները ադեկվատ չեն կարողանում գնահատել և վերագրում են դա մշտական վիճակի:

Խուսափում են որևէ նոր բան սկսել, նոր շրջապատ մտնել, պատասխանատվություն ստանձնել: Այս ամենը միանշանակ կարող է հանգեցնել մեկուսացման և դեպրեսիվ վիճակի:

Կարո՞ղ է արդյոք բարձր ինքնագնահատականը երեխաների մոտ հանգեցնել վարքի վատ դրսևորումների:

— Այստեղ հարկավոր է անպայման հասկանալ՝ ինչ ասել է բարձ ինքնագնահատական: Մենք տարբերակում ենք ցածր, բարձր և ադեկվատ: Բարձրը շատ դեպքերում ուղիղ հակառակն է ցածր ինքնագնահատականի, ինչը նույնպես հանգեցնելու է բավական լուրջ անձնային խնդիրների: Երբ մարդը չի կարողանում ադեկվատ գնահատել իրավիճակը, իր անձնային որակները գերագնահատում է, ապա շատ հավանական է, որ հիասթափություններ կրի կյանքում: Երեխաների դեպքում այս ամենը ծնողի մոտեցումից է գալիս, երբ մշտապես երեխային գերագնահատում են, իրեն կարևորում, բայց փոխարենը իջեցնում և նսեմացնում մյուսներին, սա կարող է բերել մոտիվացիայի պակասի, երեխան իրենից ցածր է համարում բոլորին, չի շփվում, քանի որ ինքն «ավելիին» է արժանի և այլն:

Ինչպիսի՞ դեր ունի  ինքնագնահատականը մարդու հոգեվիճակի համար մանուկ հասակում և հասուն տարիքում:

— Ինչպես արդեն նշեցի երեխաների դեպքում շրջապատը, ծնողներն են ձևավորում ինքնագնահատականը: Սակայն ինքնագնահատականը ժամանակի ընթացքում անընդհատ կրում է փոփոխություններ: Առավել սրացած են արտահայտվում դեռահասության տարիքում՝ կամ գերբարձր, կամ չափազանց ցածր: Եվ հենց այստեղ էլ կարևոր է շրջապատի ճիշտ գնահատականը՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար: Պրենատալ շրջանում մոր և երեխայի էմոցիոնալ կապն առաջնային է: Թե որքանով է երեխան ցանկալի, կարևոր և սպասված, ինքնագնահատականի ձևավորման առաջին կետն է: Այնուհետև մանկության ընթացքում մենք ունենում ենք որոշակի վերաբերմունք, դաստիարակման մոդել, ինչը նույնպես հանգեցնում է հետագա զարգացմանը:

Շատ ժամանակ ծնողներս բավարար ուշադրություն չենք դարձնում երեխային, նա մեր էմոցիայի պակասն է ունենում, երբեք չենք գնահատում, կամ միշտ համեմատում ենք այլ երեխաների հետ, չենք տեսնում հաջողությունները, մեղադրում ենք, մատնանշում սխալները, երեխան դժվարանում է որևէ քայլ անել ինքնուրույն, կարծում է, որ ոչինչ չի կարող անել, ոչինչ չի ստացվի, կամ չունի բավարար հմտություններ, արտաքին տեսք: Քանի որ երբեք չի տեսել և լսել քաջալերանք, գովասանք:

Նույնը կարող է լինել նաև գերխնամքի դեպքում, երբ մշտապես ամեն բան կատարում ենք նրա փոխարեն, ինքնուրույն չենք թողնում որոշում կայացնի, կամ որևէ գործողություն կատարի, այս դեպքում նույնպես երեխան չի կարողանա ոչինչ անել՝ ենթագիտակցաբար վստահ լինելով, որ չի կարող անել, չէ՞ որ իր փոխարեն միշտ ամեն բան արել են, վախենում է: Հարկավոր է շատ զգույշ լինել նույնիսկ արտահայտած ֆրազաներում:
Ինչ-որ պահի, մենք կարող ենք զգալ, որ մեզ շրջապատողները առավել են մեզնից, հիասթափություն ապրենք, չկարողանանք հասնել մեր նպատակին և ինքնագնահատականը իջնի: Հասուն տարիքում ադեկվատ ինքնագնահատականը անհրաժեշտ է ինքնակայացման, հարաբերությունների կառուցման, աշխատանքային և անձնային աճի համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ