Գլխավոր էջ Գլխավոր Նախարարությունը բավարարվա՞ծ է․ ի՞նչ է կարծում Թորոսյանը

Նախարարությունը բավարարվա՞ծ է․ ի՞նչ է կարծում Թորոսյանը

401
0

Երեկ՝ փետրվարի 9-ին, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Ազգային ժողովում պատասխանել է լրատվամիջոցներից մեկի հարցերին։

Նա անդրադարձել է հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումներին։

«Պետք է ֆիքսենք, որ պահանջը ունի մեկ նպատակ՝ դրդել մեր համաքաղացիներին պատվաստվել, որպեսզի մենք ունենանք հնարավորինս մեծ թվով պատվաստված քաղաքացիներ, ինչը այս պահին դժբախտաբար չունենք։ Չեմ վարանի կրկնել, որ մենք աշխարհում վատագույն տեղերում ենք, ռեգիոնում ամենավերջին տեղում ենք և այս իրավիճակը պետք է ուղղվի։ Թե նման գործիքներով, որոնք պետք է ստիպեն մեր քաղաքացիներին պատվաստվել, թե խրախուսական գործիքներով»,-նշել է նա։

Նա նաև ասաց, որ շատ երկրներ անցել են այդ գործիքի կիրառմանը, երբ ունեցել են մեծ թվով պատվաստումներ և մնացել է ընդամենը մի փոքր հատված, որին պետք էր դրդել կամ պարտադրել որպեսզի անեն, բայց մեծ մասը արդեն պատվաստված էր։

«Մեզ մոտ ստացվեց հակառակը՝ մենք ունենք ցածր ծածկույթ և դրանով ուզում ենք մեծացնել, իսկ փորձը ցույց է տալիս, որ դա այնքան էլ չի աշխատում։ Նաև սա պետք է հաշվի առնեն Կառավարությունը, Առողջապահության նախարարությունը, որովհետև վերջին երկու շաբաթում պատվաստումների թվերը շատ դանդաղ են աճում և փաստացի օրական պատվաստումների թիվը անկում է ապրում, ի տարբերություն հոկտեմբերի, երբ աճ էր ապրում և երբ մտավ պարտադրանքը աշխատանքի վայրերում ՊՇՌ թեստ կամ պատվաստված լինելու սերտիֆիկատ ունենալու»,-ասել է նա։

Թորոսյանի խոսքով՝ այս հարցը վրիպել է ինչպես ազգաբնակչության, այնպես էլ գերատեսչությունների ուշադրությունից։

«Առնվազն պատասխանատու գերատեսչությունները՝ տեսչական մարմինները և թե Առողջապահության նախարարությունը պետք է հավելյալ ջանքեր գործադրի, որպեսզի մենք, այնուամենայնիվ, դասվենք այն երկրների շարքին, ովքեր այս հարցը լուծել են, իսկ լուծման այլ տարբերակ չկա»,-ասել է նա։

Անդրադառնալով հարցին, թե,այնուամենայնիվ, ինչու են ընդունվում սահմանափակումներ, որոնք լիարժեք չեն գործում Թորոսյանն ասաց․«Այստեղ մշակութաբանական հարց էլ կա։ Հնարավոր չէ ամեն ինչ ստուգել, ամեն ինչ պարտադրել մարդկանց՝ երեք միլիոն ազգաբնակչությանը։ Մենք, այնուամենայնիվ, պետք է հասունանանք, գիտակցություն ավելի ձեռք բերենք, որպեսզի ինքներս կատարենք սահմանափակումները, որովհետև այդ սահմանափակումներն ինքնանպատակ չեն, դրանք ինձ, ձեզ պաշտպանելու համար են»։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Առողջապահության նախարարությունը ճիշտ ուղղությամբ չի տանում քաղաքականությունը նա ասաց․«Ես, կարծես թե, ինչ որ բավարարավածության զգացողություն եմ նկատում, ինչը, կարծում եմ, ամենևին տեղին չէ՝ հաշվի առնելով մոտ 29-30 տոկոս ամբողջությամբ պատվաստված ազգաբնակչությունը, մի դեպքում, երբ կան երկրներ, որտեղ 80-90 տոկոսի, նույնիսկ 95-ի է հասել և փաստացի որոշում են, որ համաճարակն այլևս իրենց համար մարտահրավեր չէ»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ