Գլխավոր էջ Նորություններ Բժիշկն առանց ճշտելու, սխալ վիրահատական մեթոդով, հղիության արհեստական ընդհատում է կատարել

Բժիշկն առանց ճշտելու, սխալ վիրահատական մեթոդով, հղիության արհեստական ընդհատում է կատարել

223
0

2019 թվականի օգոստոսի 16-ին Ա․Վ.-ն հետազոտվելու նպատակով «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայում դիմել է բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Դ.-ին, որն էլ վերջինիս ենթարկել է ուլտրաձայնային հետազոտության և ճիշտ ախտորոշման համար օբյեկտիվ խոչընդոտող պատճառների (գործոնների) բացակայության պայմաններում կատարել է սխալ՝ «6 շաբաթական չզարգացող հղիություն» ախտորոշում:

Այս մասին տեղեկացնում են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Քրեական գործը վարույթ է ընդունվել 2021 թվականի նոյեմբերի 30-ին և մակագրվել է Ալավերդու ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանին:

Մեղադրական եզրակացության համաձայն, Արմեն Դ.-ն Ա․Վ.-ին որպես բուժում առաջարկել է կատարել արգանդի պատերի գործիքային քերում։ Նման միջամտությունը կին բժշկի կողմից ստանալու նպատակով, Ա․Վ․-ն նույն օրը դիմել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Բ.-ին:

Արմեն Դ.-ն՝ իմանալով Ա․Վ.-ի այդ մտադրության մասին, հեռախոսակապով Կարինե Բ.-ին հայտնել է հիվանդին իր տված սխալ ախտորոշման մասին, որն էլ առանց ուլտրաձայնային հետազոտության գրավոր եզրակացության, նույն օրը Ա․Վ.-ի նկատմամբ կատարել է սխալ վիրահատական մեթոդով հղիության արհեստական ընդհատում: Վիրահատությունից որոշ ժամանակ անց Ա․Վ.-ի ինքնազգացողությունը վատացել է և վերջինս 2019 թվականի օգոստոսի 29-ին դիմել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ և կրկին վիրահատվել:

Բացի վիրահատություններ կատարելը, Կարինե Բ.-ն առանց ուրոլոգի խորհրդատվության, Ա․Վ.-ին նշանակել է դեղորայքային բուժում և միզապարկի շրջանի ցավերի առկայության պայմաներում 2019 թվականի սեպտեմբերի 3-ին վերջինիս հիվանդանոցից դուրս է գրել: Հիվանդանոցից դուրս գրվելուց 4 օր հետո՝ 2019 թվականի սեպտեմբերի 7-ին, Ա․Վ.-ն «Վարդաբլուր ԲԱ» ՀՈԱԿ-ի «Սուր որովայն, վիճակ արգանդի հավելումների վրա կատարված վիրահատությունից հետո (28.08.19թ.)» ախտորոշմամբ ընդունվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ։

 

Արմեն Դ.-ին և Կարինե Բ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

 

Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ