Գլխավոր էջ Նորություններ Ունեմ հիվանդներ, որոնք պատվաստված են, բայց հիվանդացել են. Գյումրու ԲԿ֊ի փոխտնօրեն

Ունեմ հիվանդներ, որոնք պատվաստված են, բայց հիվանդացել են. Գյումրու ԲԿ֊ի փոխտնօրեն

257
0

Lragir.am-ի զրուցակիցն է Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն, covid ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը

Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում համավարակով պայմանավորված իրավիճակը։

Այս պահի դրությամբ՝ շատ ծանր։ Վերջին ժամանակահատվածում 100 և ավելի տոկոս ծանրաբեռնվածությամբ ենք աշխատում։ Մեզ հատկացված 70 մահճակալի համար օր է լինում, որ մենք ունենում ենք 70-ից ավելի հիվանդներ։ Կարելի է ասել՝ մոտ 120 տոկոս ծանրաբեռնվածությամբ ենք աշխատում։ Ես նկատի ունեմ Գյումրու ԲԿ covid բաժանմունքը։ Մեր բժշկական կենտրոնին միացված է նաև Ինֆեկցիոն հիվանդանոցը, որը ևս ծանրաբեռնված է աշխատում, բայց ի տարբերություն Ինֆեկցիոն հիվանդանոցի, մեր բաժանմունքում հիմնականում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներն են հոսպիտալացված։

Ինչո՞վ եք բացատրում հիվանդացության աճը։

Սա շատ մեծ վարակելիություն ունեցող վիրուս է։ Այս վիրուսի վիրուլենտությունն ավելի բարձր է, քան նախորդ ալիքների ժամանակ էր։ Ճիշտ է, նախորդ ալիքների ժամանակ էլ ենք ունեցել 100 տոկոսանոց ծանրաբեռնվածություն, ծանր դեպքեր, բայց վերջին ժամանակահատվածի տեմպը մեծ է։ Բացի այդ, ես նկատում եմ, որ մեր բնակչությունը տարրական կանոնները չի պահպանում։ Ես որպես քաղաքացի ասեմ՝ մտնում եմ ցանկացած վայր, երբեմն ամաչում եմ, որ ես դիմակով եմ, որովհետև միայն ես եմ դիմակով։

Հավանաբար անլուրջ վերաբերմունքն այս հիվանդության նկատմամբ շարունակվո՞ւմ է։

Այո, անլուրջ վերաբերմունքը կար և նախորդ ալիքներին ժամանակ, և հիմա։ Ունենք հիվանդներ, որոնք շատ ծանր վիճակում են գտնվում, և ինձ ասում են՝ «ես կորոնա չեմ, մրսել էի, ինչո՞ւ ինչ կորոնա հանեցիք, բերեցիք պառկեցրեցիք այստեղ»։

Իսկ պատվաստումներին մարզերում ինչպե՞ս են վերաբերվում մարդիկ։

Մեզ մոտ սկզբում շատ քիչ էին պատվաստվում, հետո այս սահմանափակումների ֆոնին ոնց որ թե սկսեցին պատվաստվել։ Այնպես չէ, որ ես պատվաստված հիվանդներ չունեմ մեր բաժանմունքում։ Հենց այսօր ունեմ հիվանդներ, որոնք պատվաստված են, հիվանդացել են, նրանց թվում ախտահարված թոքերով հիվանդներ էլ կան։ Բայց ոնց որ թե, թու-թու, այդ հիվանդները դուրս են գալիս վատ վիճակից։ Պատվաստանյութի առաջին չափաբաժին ստացած հիվանդներ էլ ունեմ, բայց չեմ կարող նրանց վերաբերյալ հստակ գնահատական տալ։ Պատվաստումը կարծես թե սկսել է թափ հավաքել մեզ մոտ։ Հիմա մեզ մոտ որոշում է կայացվել, որ ամեն օր պատվաստումներ իրականացնենք նաև մեր հիվանդանոցում։ Երևի մարդիկ արդեն հասկանում են, որ այս հիվանդության դեմ պայքարի այլ մեթոդ չկա։ Եթե պատվաստումը պետք է լինի 3 հոգու համար, ես գտնում եմ, որ դա հարց չի լուծի։ Մենք պետք է պատվաստվենք զանգվածաբար, որպեսզի կարողանանք վիրուսի ճանապարհը կտրել։

Այդուհանդերձ, որպես մասնագետ կարո՞ղ եք վստահ ասել, որ երկու դեղաչափ պատվաստված անձն ավելի թեթև է տանում այս հիվանդությունը։

Այո, անհամեմատ թեթև են տանում, թեկուզ նրանց թվում շատ ախտահարված թոքերով անձինք կան։ Երկու դեղաչափով պատվաստված անձանց շրջանում ես մահեր չունեմ։

Իսկ ի՞նչ տարիքային խմբի են հիվանդները։

Այս ալիքի ժամանակ շատ տարբեր է տարիքային խումբը։ Մենք ունեցել ենք 19 տարեկանից մինչև 90-ն անց տարիքի պացիենտներ։ Մեր բաժանմունք ընդունվում են նաև այն հիվանդները, որոնք գալիս են մեր տրիաժ բաժանմունք։ Բայց տրիաժ կենտրոնում էլ որպես կանոն պառկում են ծանր հիվանդները, որովհետև տեղերի սուղ լինելու պատճառով մենք թեթև հիվանդներին չենք էլ ընդունում։ Տրիաժ կենտրոնի հիվանդների 80 տոկոսի թեստի պատասխանը դրական է լինում։ Այս պահին մենք ունենք հերթում՝ տներում սպասող շատ հիվանդներ, թիվ հստակ չեմ կարող ասել, բայց նրանք սպասում են տրիաժ կենտրոնի արձագանքին։

Որպես մասնագետ՝ ի՞նչ կանխատեսում ունեք՝ առաջիկայում կնվազե՞ն հիվանդացության թվերը։

Ես արդեն այնքան վախեցած եմ, որ չեմ կարող հստակ ասել։ Մենք դեռ աճում ենք, ես դեռ չեմ տեսնում նվազում։ Մեր տրիաժ կենտրոնը կարծես հանրապետության փոքր մոդելը լինի, և այդ կենտրոնի թվերից ելնելով՝ ես տեսնում եմ, որ եթե նախկինում ունենում էինք 10-ից 2 դրական դեպք, այսօր 10-ից 8-ը դրական են։

Ի՞նչ եք խորհուրդ տալիս բնակչությանը։

Բնակչությանը նախ խորհուրդ կտամ, որ պատվաստվեն բոլորը։ Երկրորդ, մի քիչ պետք է սահմանափակեն իրենց տեղաշարժը, մնան իրենց տներում, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում դուրս գան։ Եվ, իհարկե, պետք է պահել տարրական կանոնները՝ դիմակ կրել, հաճախակի ախտահանել ձեռքերը։ Չեմ ասում, թե դա 100 տոկոսով կպաշտպանի իրենց, բայց որոշ չափով կպաշտպանի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ