Գլխավոր էջ Uncategorized Շիրակի մարզի պոլիկլինիկաներում կտրուկ ավելացել է պատվաստվողների թիվը

Շիրակի մարզի պոլիկլինիկաներում կտրուկ ավելացել է պատվաստվողների թիվը

307
0

Շիրակի մարզի պոլիկլինիկաներում ակտիվացել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը։ Սա հիմնականում պայմանավորված է ուսումնական տարվա մեկնարկով։ Պատվաստվողների մեծ մասը կրթության ոլորտի աշխատակիցներն են։ Ուսուցիչների, ուսանողների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար առողջապահության նախարարությունը երկու տարբերակ է առաջարկում՝ կա՛մ  պետք է պատվաստվեն, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն COVID 19-ի ՊՇՌ թեստի բացասական արդյունք՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության:

Արդեն երկու շաբաթ է առաջնային բուժօղակների իմունային կաբինետները մարդաշատ են: Կոլեկտիվներով ու անհատապես են քաղաքացիները պատվաստման գալիս: Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի իմունիզացիայի կաբինետի մոտ  հերթում սպասողները մանկավարժներ են՝ տարբեր դպրոցներից:

 

Առողջապահության նախարարության առաջարկած երկընտրանքում պատվաստումը այլընտրանք է երկու շաբաթը մեկ թեստավորվելուն։ Իսկ բժիշկները պատվաստանյութերի ամենակարևոր առավելությունն են նշում՝ դրանք օգնում են խուսափել հիվանդության ծանր դեպքերից: Պատվաստումն, ըստ բժիշկների, ոչ թե ապահովագրում է վարակվելուց, այլ  նպաստում է, որ վիրուսը համեմատաբար թեթև ընթացքով անցնի:

Շիրակի մարզի բնակչության մոտ 9 տոկոսն է պատվաստվել, ու այս ցուցանիշը աճի միտում ունի: Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ուսուցիչներն ու ուսանողներն են պատվաստվում: Սա փաստում են նաև իմունիզացիայի մատյաններում արված արձանագրությունները:

«Երկու օրերը միասին ունեցել ենք 120 պատվաստվողներ, նրանց թիվն ամեն օր ավելանում է։ Գիտակցում են բնակիչները, որ պատվաստումներն օգտակար են։ Այս ընթացքում պետական կառույցների աշխատակիցներն են պատվաստվում։ Բայց քիչ չեն նաև անհատներ, ովքեր որոշում ու գալիս են ցանկացած պատվաստանյութով պատվաստվելու»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի իմունականխարգելման կաբինետի պատասխանատու Անահիտ Սանդրոսյանը։

Առաջնային բուժօղակներում նաև թեստավորումների թիվն է ավելացել: COVID 19-ի ախտանշաններով օրական մինչև 10 նմուշառում են կատարում: Հաստատվող դեպքերը քիչ են: Հիվանդացության աճ բժիշկները կանխատեսում են աշնան կեսին:

Պատվաստվումների դիմելիության ակտիվացմանը զուգահեռ պոլիկլինիկաներում պատվաստանյութերի պակաս է նկատվում։ Անհրաժեշտ չափաքանակի, այսպես ասած, պատվեր են տալիս հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնին: Բժիշկներն են նշում՝ ամենաուշը հաջորդ օրն անհաժեշտ չափաքանակը ստանում են: Այժմ Հանրապետության պոլիկլինիկաներում 3 տեսակի պատվաստանյութ է առկա: Շիրակի մարզում պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 12․650 մարդ, երկրորդը՝ 8․539-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ