Գլխավոր էջ Նորություններ Արտերկրից ժամանած հայ մասնագետները Հայաստանում և Արցախում 45֊ից ավելի վիրահատություն են արել

Արտերկրից ժամանած հայ մասնագետները Հայաստանում և Արցախում 45֊ից ավելի վիրահատություն են արել

310
0

Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից ժամանակ հայ մասնագետները Հայաստանում եւ Արցախում 45-ից ավելի վիրահատություններ են կատարել: Ինչպես լրագրողների հետ զրույցում պատմեց հայտնի օրթոպեդ Նորայր Զախարյանը (ՌԴ), վերջին շաբաթվա ընթացքում մասնագետները մոտ 40 վիրահատություն են արել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, որից 20-ը հոդերի էնդոպրոթեզավորում էր:

3 վիրահատություն մասնագետներն արել են Կապանում, եւ եւս մի քանի՝ Երեւանի տարբեր բուժկենտրոններում:

Բոլոր այս վիրահատություններն անցկացվում էին բարեգործական հիմունքներով: Սակայն, Նորայր Զախարյանի խոսքով, մասնագետների՝ Հայաստան այցի հիմնական նպատակը ոչ թե վիրահատություններ անել է, այլ տեղացի բժիշկներին նոր մոտեցումներ, նոր տեխնոլոգիաներ սովորեցնելը, որոնց շնորհիվ մեր մասնագետները ավելի արհեստավարժ կդառնան եւ հետագայում արտերկրից մասնագետների օգնության կարիք գրեթե չեն ունենա:

«Մեծ ռեսուրս ունենք բժշկության բոլոր բնագավառներում, թոփ մասնագետներ, բայց էդ ռեսուրսը ոչ համակարգված է օգտագործվում եւ շատ կասկածելի էֆֆեկտիվությամբ: Մեր հիմնական նպատակներից մեկն է օգտագործելով էդ ռեսուրսը անել այնպիսի որակային փոփոխություններ, որոնք թույլ կտան մեր մասնագետներին ձգտել դեպի ավելի պրոֆեսիոնալ եւ համակարգված մոտեցման», — ասաց մասնագետը:

Լոս Անջելեսի ոտնաթաթի եւ սրունքաթաթային հոդի վիրաբուժության ինստիտուտի հիմնադիր եւ նախագահ, «Հավերժ ազգ» հիմնադրամի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, ով Հայաստանում եւ Արցախում եւս վիրահատություններ է անցկացրել, նշեց, որ իրեն զարմացրել էր այն փաստը, որ երկու պացիենտ խնդրում էին իրենց վերջույթները «կտրել»:

Մասնագետի խոսքով, վերջույթները, իհարկե, պահպանվեցին, իսկ պացիենտները պետք է հիշեն, որ նույնիսկ լավագույն պրոթեզները չեն կարող փոխարինել մարդու սեփական վերջույթները: Վիրաբույժի խոսքով, երբեմն տեղացի բժիշկները հնարավորություն չեն ունենում պացիենտի վերջույթը փրկելու, սակայն այսօր մասնագետները բերել են իրենց հետ թե գիտելիքներ, եւ թե անհրաժեշտ միջոցներ (հակաբիոտիկներ, արհեստական ոսկորներ, արհեստական մաշկ եւ այլն), որոնք կօգնեն հնարավորինս խուսափել վերջույթների անդամահատումներից:

Նշենք, որ մայիսի սկզբին Երեւանում տեղի կունենա «ETERNAL NATION» («Հավերժ ազգ») հիմնադրամի գիտաժողովը, որին մասնակցելու համար Երեւան են ժամանել վնասվածքաբան-օրթոպեդներ, կրծքային եւ պլաստիկ վիրաբույժներ, էնդոկրինոլոգներ, ինչպես նաեւ այլ բժշկական ոլորտի մասնագետներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից:

Նրանցից շատերը եկել են (ընդ որում՝ իրենց հաշվին) 10 օր առաջ, որպեսզի կանգնեն վիրահատական սեղանի մոտ եւ օգնեն Հայաստանի գործընկերներին։

Ժամանած բժիշկները, որոնց թվում են ոչ միայն մեր հայրենակիցները, այլեւ այլ ազգերի ներկայացուցիչներ, անձամբ մասնակցում են բարդ վիրահատությունների իրականացմանը, նաեւ օգնում են դեղորայքով, սարքավորումներով, պրոթեզներով ապահովելու գործում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ