Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում «Եթե նախարարը Սպուտնիկ V-ին Սպուտնիկ հինգ է ասում, համապատասխանաբար էլ տանում է...

«Եթե նախարարը Սպուտնիկ V-ին Սպուտնիկ հինգ է ասում, համապատասխանաբար էլ տանում է պայքարը»․ Միքայել Մանրիկյան

2114
0

Համավարակի դեմ տարվող պայքարից կարելի է անվերջ խոսել ու լսել մասնագիտական գնահատականներ։

Medmedia.am-ը կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի, պատվաստանյութերի և համավարակի դեմ հետագայում պայքարելու մեխանիզմների շուրջ զրուցել է  Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, բժիշկ Միքայել Մանրիկյանի հետ։

Ինչպե՞ս եք գնահատում կորոնավիրուսի համավարակի դեմ տարվող պայքարը։

Միքայել Մանրիկյան-«Պայքարը ոչ արդյունավետ էր, կանխարգելիչ միջոցառումների շղթան ուշացած։ Գերատեսչությունների ղեկավարները, երբ սկսեցին պայքար տանել, Հայաստանում արդեն հաստատվել էին վարակման դեպքեր։ Կանխարգելիչ միջոցառումները ուշացած էին, քանի որ վարակը արդեն հասել էր հարևան երկրներ, բայց մենք ոչ մի քայլ չէինք ձեռնարկում, համապատասխան միջոցառումներ չէին արվում։ Պետք է կանխատեսեինք, որ վարակը ներխուժելու է Հայաստան։ Ամեն ինչը ուշացած էր։ Աշխատանքները ես համարում եմ ոչ լիարժեք և գնհատում եմ ոչ բավարար»։

Այս պայքարում որո՞նք էին թերությունները և որոնք էին առավելությունները։

Միքայել Մանրիկյան-«Որպես թերություն նշեմ, որ անիմաստ լոքդաունի գնացինք, բացի վնասից, առավելություն այս պարագայում  չկար։ Այն ազդեց տնտեսության վրա, լոքդաունից տնտեսությունը ուշքի չի գալիս։ Փակեցին սրճարանները, ժամանցի վայրերը, բայց ազգաբնակչությունը շարունակում էր հավաքները կազմակերպել մասնավոր սեկտրում։ Մի կողմից փակվում էին ժամանցի  հաստատությունները, մի կողմից էլ  քաղաքացիները փակ ու մասնավոր տարածքներում կրկին հանդիպում էին ու միջոցառում նշում, այս համատեքստում լոքդաունը անիմաստ էր։ Նախկին նախարարի ու Նիկոլ Փաշինյանի անլուրջ հայտարարությունները մեր ազգաբնակչության մոտ հավատ չներշնչեց ու անլուրջ մոտեցում ձևավորվեց։ Պետությունն էլ ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկեց։ Հարկավոր էր ազգաբնակչությանը նախապատրաստել ու իրազեկել։ Քանի որ գործադիր իշխանության ներկայացուցիչները հեգնեցին իրենց ելույթներում համավարակը, ժողովուրդն էլ մատների արանքով նայեց այս ամենին։ Ունենք այն ինչ ունենք։ Իսկ պայքարը հիվանդանոցներում, գրանցած դրական դինամիկան  բացառապես բժիշկների անձնուրաց աշխատանքի շնորհիվ էր»։

Ի՞նչ էր հարկավոր անել, որ չարվեց։

Միքայել Մանրիկյան-«Ազգաբնակչության հետ հատուկ ուսուցողական աշխատանքներ էին հարկավոր։ Անթույլատրելի է բերել պատվաստանյութ ու ասել՝ ժողովուրդ ջան դե պատվաստվեք։ Պատվաստանյութը առել բերել են, պոլիկլինիկայից զանգում են ու ասում՝ պատվաստվեք։ Ես չեմ զարմանում, եթե նախարը Սպուտնիկ V-ին Սպուտնիկ հինգ է ասում, համապատասխանաբար էլ տանում են մնացած աշխատանքները։ Ճիշտ ինֆորմացիոն աշխատանք էր հարկավոր։ Մարդիկ լսել են երկու պատվաստանյութի մասին, նրանց բացատրել էր հարկավոր, որ AstraZeneca-ի ժամանակ երիտասարդների շրջանում թրոմփոզների հավանականությունն ավելի մեծ է, Սպուտնիկ V-ի պարագայում ոչ, մարդիկ միայն մեկնաբանություններն են կարդում ու կարծիք կազմում այս կամ այն պատվաստանյութի մասին»։

AstraZeneca-ի ժամկետը մայիսի վերջին լրանում է, կհասցնե՞նք 24 հազար դեղաչափը սպառել։

«Եթե AstraZeneca-ի ժամկետը մայիսի վերջին լրանում է, ապա մարդկանց մեծամասնությունը երկրորդ դեղաչափը չեն հասցնի ստանալ։ Առաջին պատվաստումից հետո մոտ վեց շաբաթ հետո երկրորդ բաժինը ստանալու ժամկետն է։ Ստացվում է, եթե մարդը մայիսի 5-ին կամ 6-ին պատվաստվի, չի հասցնելու երկրորդ չափաբաժինը ստանալ։ Ստացվում է, որ 24 հազար դեղաչափը չեն հասցնելու սպառեն, դեն են նետելու, մենք էստեղ ավելի շատ ենք վնաս կրում, քան ավելի թանկ գնով Սպուտնիկ V գնելու պարագայում։ Հարկավոր էր մոնիթորինգ անել, հասկանալ ազգաբնակչությունը ո՞ր պատվաստանյութին է հակված։ Ես ինքս, որպես բժիշկ իմ ծնողին AstraZeneca-ով չեմ պատվաստելու, իսկ Սպուտնիկ V-ն վստահություն ներշնչում է, մեր կոլեգաներից ու շրջապատից դրական արձագանքներ լսելու հիման վրա ես վստահում եմ այդ պատվաստանյութին, ի վերջո փրկությունը պատվաստվելու մեջ է։ Կորոնավիրուսն իրականում շատ վտանգավոր վիրուս է, որը մուտացիայի է ենթարկվում և պատվաստվելու պարագայում կարող ենք հաղթահարել այս հիվանդությունը ու կանխարգելել տարածումը»։

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ