Գլխավոր էջ Գլխավոր «Օր ու գիշեր աշխատեցինք ու այս ձևով անտեսվեցինք»․ բուժաշխատողները վիրավորված են

«Օր ու գիշեր աշխատեցինք ու այս ձևով անտեսվեցինք»․ բուժաշխատողները վիրավորված են

1113
0

«Շտապօգնության» աշխատակից Աննա Արսենյանը ֆեյսբուքյան իր էջում երկու օր առաջ գրել էր, թե այս ամիս «շտապի» բուժաշխատողները դեռևս աշխատավարձ չեն ստացել:

Մասնավորապես նա գրել էր․

«Մենք ամեն օր գործ ունենք ավելի քան 1000 քաղաքացու հետ, որոնք մեր կարիքն ունեն, իսկ պետությունը ոչ միայն չի գնահատռում կատարած աշխատանքը, այլեւ քննարկման չի դնում մեր աշխատավարձի վճարման հարցը… Ես հասկանում եմ, որ երկիրը վատ վիճակում է, բայց բժիշկներին հետին պլան մղելով՝ դուք ավերում եք երկրի հիմքերը»,- գրել է նա:

Նրա այս գրառումը լայն արձագանք ստացավ։ Գրառումից ժամեր անց պարզաբանում տարածեց նաև առողջապահության նախարարությունը։

Պարզաբանման մեջ նշված է, թե որոշակի տեխնիկական խնդիրների հետևանքով բուժաշխատողների փետրվար ամսվա աշխատավարձի ուշացում է եղել։

«Ի պատասխան մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ բուժաշխատողներն աշխատավարձ չեն ստացել, հայտնում ենք`  առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպություններին ամսական կտրվածքով, պետական պատվերի շրջանակում, իրականացրած բժշկական օգնության և սպասարկման դեպքերի համար փոխհատուցում է տրամադրում: 2021 թվականի փետրվարի ընթացքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով բյուջեի` թվով 24 միջոցառումներից 4-ի մասով ֆինանսական փոխհատուցումներն ուշանում են: Միևնույն ժամանակ նշենք, որ մոտ ժամանակում ֆինանսական փոխհատուցումները, համապատասխան ծավալով, կտրամադրվեն բժշկական կազմակերպություններին, այդ թվում`  «Շտապօգնություն» ՓԲԸ-ին»,- գրված է պարզաբանման մեջ:

Նշենք, որ  Շտապօգնության աշխատակիցների աշխատավարձային ֆոնդի ֆինանսավորումը գալիս է Առողջապահության նախարարությունից։

Մեզ հետ զրույցում Շտապօգնության ծառայության աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ նշեց, որ օր ու գիշեր ծանր աշխատանք են անում և հենց իրենք այսկերպ անտեսվեցին։

«Ստացվում է՝ բարձրաձայնեցինք ու նոր միայն գերատեսչությունները հետաքրքրվեցին մեր խնդրով։ Անունս էլ վախենում եմ նշել, քանի որ համարձակները միշտ էլ տուժում են, այսքանը»,-ասաց մեր զրուցակիցը, ով ծառայությունում աշխատում է մի քանի տարի։

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, մասնագիտությամբ բժիշկ Միքայել Մանրիկյանը ևս անդրադարձել էր խնդրին, նշելով, թե դարձյալ բժշկական ոլորտի աշխատակիցները անտեսված և գնահատված չեն։

«Հիշեցնեմ , որ հենց այս ոլորտի աշխատակիցներն են շուրջ մեկ տարի օրը 24 ժամ պայքարում համաճարակի դեմ, հենց այս աշխատակիցներն են, որ պատերազմի ընթացքում իրենց կյանքը վտանգելով փրկեցին հազարավոր կյանքեր։ Ու միակ մեղավորը այս հարցի Առողջապահութրան նախարարություննա»,-նշել էր նա։

Առողջապահության նախարարությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ աշխատավարձի վճարումների և ժամկետների հետ կապված տեղեկատվություն առաջիկայում սպասվում է ու այն կտեղադրվի իրենց ֆեյսբուքյան էջում։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ