Գլխավոր էջ Օրվա թեման «Անմեղ սպանություն»․ ինչու՞ են կանայք աբորտ անում

«Անմեղ սպանություն»․ ինչու՞ են կանայք աբորտ անում

830
0

Հին ժամանակներում հղիության արհեստական ընդհատումներ կատարելու համար օգտագործվել են խոտաբույսեր, կատարվել մերսումներ կամ այլ ավանդական մեթոդներ։ Աբորտի վերաբերյալ օրենքները և մշակութային կամ կրոնական հայացքներն աշխարհում տարբեր են։ Որոշ տեղամասերում այն օրենքով թույլատրելի է միայն հատուկ դեպքերում։ Շատ տեղերում այն բարոյական, էթիկական և օրինական մակարդակներով բուռն քննարկման թեմա է հանդիսանում։ Նրանք, ովքեր դեմ են աբորտին, պնդում են, որ էմբրիոնը կամ պտուղը մարդ է, ով ունի կյանքի իրավունք, և այն համարում են մարդասպանություն։ Իսկ նրանք, ովքեր կողմ են աբորտի օրինականացմանը, պնդում են, որ կինը իրավունք ունի որոշում կայացնել այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են իր մարմնի հետ։ Մյուսներն էլ պնդում են, որ աբորտի օրենքով թույլատրելիությունը կարող է նպաստել հանրային առողջության պահպանմանը։

Թեմայի շուրջ Мedmedia.am-ը զրուցել է գինեկոլոգ Անի Երեմյանի հետ։

«Աբորտը հղիության արհեստական ընդհատումն է մինչև 22 շաբաթական:Աբորտները լինում են ինքնաբեր(վիժումներ) և արհեստական(վիրահատական կամ դեղորայքային):Ըստ վիճակագրության, յուրաքանչյուր երկրորդ կին ընդհատում է անցանկալի հղիությունը: Այդ պատճառով ամբողջ աշխարհում ամեն տարի իրականացվում է մոտավորապես 50 մլն աբորտ»,-ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ՝  աբորտների թվով առաջին տեղերում են զարգացած երկրները` Արևելյան Եվրոպայի երկրները և ԱՄՆ-ը:

«Եթե հղիությունն ընդհատվում է պտղաձվի կամ պտղի հեռացմամբ, դա կոչվում է աբորտ: Երբեմն կնոջ օրգանիզմն ինքն է ինչ-ինչ պատճառներով արտամղում պտուղն արգանդից: Այդ դեպքերն անվանում են ինքնաբեր վիժումներ: Եթե սաղմի հեռացումն իրականանում է բժշկական միջամտությամբ, ապա դա կոչվում է հղիության արհեստական ընդհատում:Մեծամասամբ, արհեստական ընդհատումը կատարվում է կնոջ ցանկությամբ: Այստեղ կա սահմանափակում` վաղ ժամկետը մինչև 11 5/7շաբաթն է: Բացի այդ, կարող են լինել բժշկական ցուցումներ, և այդ դեպքում վիրահատությունը կատարվում է անկախ ժամկետից, ցանկացած եռամսյակում»,-մանրամասնեց բժշկուհին:

Ըստ մասնագետի՝  հղիության դեղորայքային ընդհատումը մեծ պահանջարկ ունի դեղորայքի օգնությամբ իրականացվող աբորտը, որն առաջացնում է սաղմի մահ և արգանդի պարունակության դուրսմղում:

«Դեղորայքային ընդհատումը իրականացվում է մինչև հղիության 8-րդ շաբաթը: Դեղորայքային ընդհատումից առաջ կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն: Դեղորայքային ընդհատման համար հաճախ կիրառվում է մեֆիպրիստոնը: Մեֆիպրիստոնն ընդունում են արգանդի կրճատումն ուժգնացնող դեղամիջոցների՝մեծ չափաբաժնի զուգակցությամբ: Դրական արդյունքը 96-98 տոկոս է: Անհաջողության դեպքում  հղիությունը պահպանվում է, կամ պտղաձուն մահանում է, բայց դուրս չի մղվում: Այդպիսի իրավիճակներում հարկ է դիմել գործիքային միջամտության»,-նշեց Անի Երեմյանը:

Ի դեպ՝ Հայաստանում Մինչև 12 շաբաթական հղիության ժամկետի լրանալը՝ հղիության արհեստական ընդհատումը (աբորտը) կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն:
12-ից մինչև 22 շաբաթական հղիության ժամկետի ընթացքում աբորտը թույլատրվում է բացառիկ դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սպառիչ սահմանված բժշկական կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում: Այս դեպքում ևս պահանջվում է կնոջ գրավոր համաձայնությունը:

Հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցումներն են`
1) մահացած պտուղը,
2) պտղի մոտ կյանքի հետ անհամատեղելի զարգացման արատի ախտորոշումը,
3) նույնանման զարգացման արատներով երեխայի կրկնակի ծնունդը,
4) ընտանիքում սեռի հետ փոխկապակցված ժառանգական հիվանդություններով երեխայի ծնունդը,
5) բնածին արատները, որոնք հանգեցնում են վերականգնման ոչ ենթակա կենսագործունեության սահմանափակման:
Հղիության արհեստական ընդհատման սոցիալական ցուցումներն են՝
1) հղիության ընթացքում ամուսնու մահը.
2) կնոջ կամ ամուսնու՝ օրենքով սահմանված կարգով նշանակված պատիժն ազատազրկման վայրում կրելը.
3) հղիության ընթացքում օրենքով սահմանված կարգով ամուսնալուծությունը.
4) հղիությունը` բռնաբարության արդյունքում:
Հղիության արհեստական ընդհատումը անչափահասի (օրենքով նախատեսված լրիվ գործունակություն ձեռք չբերելու դեպքերում) դիմումով կատարվում է նրա օրինական ներկայացուցիչների (ծնողների) գրավոր համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առողջապահական հաստատության ղեկավարի կողմից ստեղծված մշտապես գործող բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա:
Բժշկական միջամտությունն իրականացնելուց անմիջապես առաջ բժիշկը պարտավոր է կնոջը ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ տրամադրել անվճար խորհրդատվություն, որի մասին բժիշկը գրառում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում, և որը հաստատվում է կնոջ ստորագրությամբ:
Մինչև հղիության արհեստական ընդհատումը, առողջապահական հաստատության բժիշկն իրեն դիմած հղի կնոջը պարտավոր է տրամադրել ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու ժամանակահատված` երեք օրացուցային օր ժամկետով որը հաշվվում է կնոջ` ընդհատման համար բժշկին առաջին անգամ դիմելու պահից: Եթե ժամկետի երրորդ օրացուցային օրը համընկնում է հղիության 12-րդ շաբաթը լրանալու օրվա հետ, ապա վերջնական որոշում կայացնելու համար ժամանակահատվածն ավարտվում է մինչև հղիության 12-րդ շաբաթի լրանալը:
Հղիության արհեստական ընդհատումից հետո կնոջ առողջապահական հաստատությունում գտնվելու ժամկետը որոշում է հղիության արհեստական ընդհատումն իրականացրած մանկաբարձ-գինեկոլոգը` ելնելով կնոջ առողջական վիճակից, սակայն առնվազն 4 ժամ բավարար վիճակի դեպքում առողջապահական հաստատությունում գտնվելու պայմանով:
Հղիության արհեստական ընդհատում կարող է իրականացվել բացառապես մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող հիվանդանոցային առողջապահական հաստատություններում:
Հղիության արհեստական ընդհատում կատարելուց առաջ և հետո օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելն առաջացնում է վարչական պատասխանատվություն, իսկ արտահիվանդանողային պայմաններում համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող, ինչպես նաև նման կրթություն ունեցող ֆիզիկական անձի կողմից աբորտ կատարելը համարվում է ապօրինի և քրեական պատասխանատվություն առաջացնում նման բժշկական միջամտություն կատարած անձի համար:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ