Գլխավոր էջ Նորություններ ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը հանդես է եկել ուղերձով

ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը հանդես է եկել ուղերձով

398
0

ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՎԱԳ ՍԵՐՆԴԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻՆ

Հարգարժա՛ն գործընկերներ

Արդեն երկար ժամանակ է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը շրջանառվում է շահագրգիռ շրջանակներում:
Նախագիծը մասնամասն ուսումնասիրվել և հանգամանալից քննարկվել է նաև մեր համալսարանի գիտական խորհրդում, պրոֆեսորադասախոսական, բժշկական անձնակազմերի, իրավաբանների և ուսանողների շրջանում: Նախագծի վերաբերյալ մշակվել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք տարբեր ձևաչափերով ներկայացվել են իրավասու մարմիններին:

Պետք է արձանագրել, որ մի շարք առաջարկությունների ընդունմանը զուգընթաց առանձին առանցքային կարգավորումներ, այդուհանդերձ, միայն մասնակի շտկումների են ենթարկվել:

Առանձին-առանձին չանդրադառնալով դրանց, հատկապես ուզում ենք առանձնացնել ՀՀ Սահմանադրության որոշ հոդվածներին չհամապատասխանող իրավակարգավորումների առկայությունը նախագծում:

Այսպես, դրանցից մեկը վերաբերում է թափուր պաշտոն զբաղեցնելու ակադեմիական անձնակազմի համար սահմանված տարիքային սահմանափակումը, ինչն, ըստ մեզ, չի բխում ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի պահանջներից և ամենայն հավանականությամբ, կարող է հանգեցնել բուհի գիտամանկավարժական բնականոն գործունեության կազմալուծմանը: Դեռևս 2011թ. ՀՀ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ սահմանել էր, որ «…աշխատանքի ընտրելու իրավունքը պետք է բոլորի համար երաշխավորված լինի՝ անկախ տարիքային սահմանափակումներից: Կենսաբանական այնպիսի գործոնը, ինչպիսին մարդու տարիքն է, որն ինքնին միանշանակ չի կարող ներգործել տվյալ անձի աշխատունակության և մասնագիտական գիտելիքների և հմտությունների վրա, չի կարող դիտարկվել որպես աշխատանքից ազատվելու հիմք»: Մինչդեռ օրենքի նախագծով ակադեմիական անձնակազմի աշխատելու հնարավորությունը պայմանավորվել է ոչ թե աշխատունակությամբ, այլ տարիքով: Միշտ չէ, որ տարիքը խոսում է աշխատողի իրական պոտենցիալի մասին: Կան բազմաթիվ դեպքեր, երբ 35-40 տարեկաններն ի վիճակի չեն կատարելու իրենց առաջադրված պարտականությունները: Միևնույն ժամանակ ավելի տարիքով աշխատողները հաջողությամբ ու ամբողջովին ապահովում են իրենց առջև դրված աշխատանքային խնդիրների կատարումը: Մենք կարող ենք բերել օտարերկրյա փորձի օրինակներ, երբ 75, 82 և ավել տարիք ունեցող պրոֆեսորներ մրցույթով ընտրվել են ամբիոնի վարիչներ, իսկ 85 տարեկան անձը ղեկավարում է աշխարհի առաջատար բուհերից մեկը: Մենք կարծում ենք, որ տարիքի հիմքով պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը հակասում է բուհական ինքնավարության սկզբունքին (մարդկային ռեսուրսների կառավարման բաղադրիչ) և ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված բուհական ինքնակառավարման իրավունքի պատշաճ իրացմանը:

Օրենքի նախագծի առաջարկվող տարբերակի ընդունման դեպքում, բուհը ստիպված կլինի հրաժեշտ տալ, նախնական տվյալներով, շուրջ 119 փորձառու, իրենց մասնագիտությունների բնագավառի գիտամանկավարժական ասպարեզում միջազգային համբավ ունեցող մասնագետների և չենք ունենա նրանց, ըստ արժանվույն, փոխարինողներ: Հարկ է նշել, որ նաև այդ դասախոսների հեղինակության, նրանց մասնագիտական հմտությունների և համալսարանի ղեկավարության համատեղ ջանքերի շնորհիվ է, որ խիստ աճել է արտասահմանցի ուսանողների թիվը մեր բուհում:
ՀՀ բուհերի հարգարժա՛ն դասախոսներ,

Առաջարկում ենք հիշյալ հարցերի շուրջ միավորվել և համատեղ դիմել Ազգային Ժողովի պատգամավորներին՝ կոչ անելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծից հանել ՀՀ Սահմանադրությունից չբխող, հիշատակված խնդրահարույց կարգավորումները:

ԵՍ ՈՒՆԱԿ ԵՄ ԵՎ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԵԼ

Եթե համաձայն եք ներկայացված տեսակետներին, ապա կարող եք Ձեր անունից միանալ կոչին:

Շնորհակալություն համագործակցության համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ