Գլխավոր էջ Նորություններ Դեռահասների շրջանում հոգեկան և վարքի խանգարումների տարածվածությունը 20% է

Դեռահասների շրջանում հոգեկան և վարքի խանգարումների տարածվածությունը 20% է

860
0

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» մեկնարկել է «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները․ միջմասնագիտական համագործակցություն»                      հայ-ֆրանսիական երկօրյա գիտաժողովը, որին մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Նախարարի տեղակալը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և կարևորել երեխաների և դեռահասների լիարժեք հոգեկան առողջությունը` որպես հասարակության ապահով զարգացման և ազգային անվտանգության արհրաժեշտ պայման:

«Մանկական հոգեբուժական ծառայությունը մանկական բնակչությանը սպասարկող առողջապահական համակարգի կարևորագույն ոլորտներից է։ Հոգեկան/հոգեբուժական օգնության ծառայության անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով` մանկական հասակում հոգեկան և վարքի խանգարումների լայն տարածվածություն, դրանցով պայմանավորված կայուն և ծանր հետևանքներ, սոցիալական դեզադապտացիա, ուսումնառության հիմնախնդիրներ, մանկական հաշմանդամություն: Հարկ է նշել, որ մանկական հաշմանդամության կառուցվածքում հոգեկան հիվանդությունները և խանգարումներն ունեն բավականին մեծ տեսակարար կշիռ՝ զիջելով միայն նյարդային համակարգի ախտաբանությանը», — ասել է Լենա Նանուշյանը:

Բացման խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` երեխաների և դեռահասների շրջանում հոգեկան և վարքի խանգարումների տարածվածությունը կազմում է մինչև 20%։ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, նկատվում է հոգեկան առողջության խանգարումների աճ։

«Մենք վստահ ենք, որ ֆրանսիացի գործընկերների հետ ծավալված այս կայուն համագործակցությունը կշարունակի տալ իր դրական արդյունքը` օգնելով ոտքի կանգնեցնել մանկական հոգեբուժական ծառայությունը մեր երկրում», — ասել է Լենա Նանուշյանը:

Լիոնի Վինաթյե կլինիկայի տնօրեն Պասկալ Մարիոտին և Ֆրանսիայի փոխդեսպան Քլեր Լը Ֆլեշերը ևս ողջույնի խոսքեր են ուղղել գիտաժողովի մասնակիցներին և ընդգծել նմանատիպ միջոցառումների կարևորությունը հոգեբուժության ոլորտում` հավելելով, որ փորձի փոխանակումը կնպաստի մասնագիտական հմտությունների կատարելագործմանը:

Երկօրյա գիտաժողովի շրջանակներում բանախոսները կանդրադառնան նաև Հայաստանում աուտիզմով հիվանդացության իրավիճակին, զարգացման խանգարումներ ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը, սննդի ընդունման խանգարումներին երեխաների և դեռահասների մոտ, մանկական դեպրեսիային և այլ հիմնախնդիրներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ