Գլխավոր էջ Նորություններ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը նախատեսվում է միավորել «Գյումրի» բժշկական կենտրոնին

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը նախատեսվում է միավորել «Գյումրի» բժշկական կենտրոնին

561
0

Մարզի 3 բուժհաստատություններից բացի, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը ևս նախատեսվում է միավորել «Գյումրի» բժշկական կենտրոնին։ Այսօր այս մասին որոշման նախագծի ծանուցում է ստացել ինֆեկցիոնի տնօրենը, ըստ որի՝ կպահպանվի հիվանդանոցի 40 մահճակալային ֆոնդը, փոխարենը կրճատումներ կլինեն վարչական մասում։ Այս ծանուցում էլ հիվանդանոցում բողոքի պատճառ էր դարձել։

Աշխատակիցները դեմ են ոչ թե «Գյումրի» բժշկական կենտրոնի հետ միավորմանը, այլ վարչական մասի փոփոխություններին, որոնց արդյունքում կլինեն կրճատումներ։ Ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման հարցը օրակարգում է հայտնվել դեռ մեկուկես տարի առաջ, երբ փակվեց հակատուբերկուլյոզային բաժանմունքը։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը։

«Նախագիծը կառավարության հաստատելուց հետո՝ մինչև սեպտեմբեր ամիսը, պետք է ավարտին հասցնել։ Մարզում գործում էր հակատուբերկուլյոզային հիվանդանոցը, և դա փակվեց, հետո Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում ֆինանսական խնդիրներ առաջ եկան, որովհետև պահպանման ծախսեր չէր հատկացվում այլևս պետության կողմից, ինչը բավականին օգնում էր։ Միավորման արդյունքում մենք մահճակալային կրճատումներ չենք ունենա՝ 40-ն էլ պահպանվելու են, կրճատում կունենանք վարչական մասով, բայց կփորձենք առավելագույնս անել այնպես, որ քիչ աշխատողներ կրճատվեն»,- նշել է Լեյլի Ասլանյանը։

Ըստ նրա՝ հակատուբերկուլյոզային բաժանմունքի փակվելուց հետո հիվանդանոցը 40 մահճակալով աշխատել է թերբեռնված, որն էլ հանգեցրել է ֆինանսական խնդիրների, որոնք կարգավորել, քիչ թե շատ, հնարավոր է եղել Covid 19-ի բուժման հիվանդանոց պրոֆիլավորելու ժամանակ։ Մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուն հիվանդանոցի միավորումը համարում է օպտիմալ լուծումը եղած խնդիրների։

Աղբյուրը`shantnews.am

https://www.shantnews.am/news/view/872293.html

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ