Գլխավոր էջ Գլխավոր Առաջին բուժօգնությունը՝ այրվածքների դեպքում

Առաջին բուժօգնությունը՝ այրվածքների դեպքում

3909
0

Մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հաճախ են հանդիպում տարբեր տեսակի ու աստիճանի այրվածքներ: Այրվածքի դեպքում, իմանալով առաջին օգնության ճիշտ քայլերը, դուք զգալիորեն կթեթեւացնեք տուժածի վիճակը եւ կկանխեք բարդությունները:
Ըստ առաջացման պատճառի այրվածքները լինում են ջերմային, քիմիական, էլեկտրական եւ ճառագայթային:

Ծանր այրվածքները վտանգավոր են վարակի անցման, ջրազրկման ու շոկի զարգացման տեսակետից եւ պահանջում են անհապաղ մասնագիտական բուժօգնություն: Դրա համար շատ կարեւոր է ժամանակին ճանաչել ծանր այրվածքները:
Այրվածքի ծանրությունը պայմանավորված է դրա խորությամբ, մակերեսով, տուժածի տարիքով, առողջական վիճակով, մարմնի վրա այրվածքի տեղակայմամբ:
Բնականաբար որքան խորն է այրվածքը, այնքան այն վտանգավոր է:

Շատ կարեւոր է ճիշտ գնահատել այրվածքի մակերեսը, քանի որ ինչքան մեծ է այն, այնքան մեծ է շոկի զարգացման վտանգը:
Այրվածքի մակերեսը կարելի է որոշել, գիտենալով, որ ձեռքի ափը կազմում է մարմնի ընդհանուր մակերեսի 1 տոկոսը:
Չափահաս մարդու գլխի եւ պարանոցի մակերեսը կազմում է մարմնի ընդհանուր մակերեսի 9%-ը, յուրաքանչյուր ձեռքը՝ 9%, յուրաքանչյուր ոտքը՝ 18%, իրանի առջեւի կամ հետեւի մասը՝ 18% եւ շեքի շրջանը՝ 1%: Եթե վնասվել է մարմնի մակերեսի 1%-ից ավելին, ապա պետք է դիմել բժշկի:
Իսկ եթե վնասվել է չափահաս մարդու մարմնի մակերեսի 10%-ից ավելին, ապա պետք է անհապաղ ահազանգել կամ տուժածին հասցնել հիվանդանոց, քանի որ այս չափերի այրվածքները կյանքին անմիջական վտանգ են սպառնում:

Ինչ անել

Այրվածքների դեպքում ճիշտ առաջին օգնություն ցուցաբերելով՝ կկարողանաք զգալիորեն թեթեւացնել տուժածի վիճակը: Քիչ չեն այն դեպքերը, երբ այրվածքների ժամանակ սխալ օգնության հետեւանքով տուժածի վիճակն ավելի է ծանրացել:

Այրվածք ստանալու դեպքում առաջին հերթին դադարեցրեք այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը: Արձակեք եւ այրվածքի մակերեսից հեռացրեք տաք հեղուկով ներծծված հագուստը: Որոշ սինթետիկ գործվածքներ ջերմությունից հալվում են եւ կպչում մաշկին: Հիշե´ք, պետք է  Չպոկեք մաշկին կպած հագուստը, որպեսզի մաշկը լրացուցիչ չվնասեք, այլ մկրատով զգուշությամբ կտրելով հեռացրեք հագուստի ազատ մասերը:
Եթե վնասված է վերջույթը, ապա հնարավորին չափ արագ հեռացրեք մատանիները, ժամացույցը, այլ զարդերը եւ բոլոր ճնշող իրերը:

Քիմիական նյութերով այրվածքի դեպքում պետք է շտապ հեռացնել այն մաշկի վրայից՝ լվանալով հոսող ջրի տակ, որովհետեւ քանի դեռ քիմիական նյութը մաշկի վրա է, նրա ազդեցությունը շարունակվում է: Որոշ նյութեր, օրինակ՝ չհանգած կիրը, նաեւ որոշ թթուներ, ջրի հետ փոխազդելով,՝ ջերմություն են արտադրում, այդ պատճառով մինչեւ ջրով լվանալը աշխատեք հնարավորին չափ արագ հեռացնել քիմիական նյութը չոր գործվածքով կամ փափուկ խոզանակով:

Եթե քիմիական նյութը վնասել է աչքը, ապա առնվազն 15 րոպե լվացեք այն հոսող ջրի տակ: Վնասված աչքը պահեք առողջ աչքից ներքեւ: Աշխատեք, որ ջուրը մուտք գործի կոպերի տակ: Այրվածքի մակերեսը պետք է սառեցնել առնվազն 15-20 րոպե:

Վարակի ներթափանցումը նվազեցնելու համար ծածկեք այրված մակերեսը մանրէազերծ անձեռոցիկով կամ մաքուր գործվածքով եւ թույլ վիրակապեք:
Եթե այրվածքը ընդգրկում է մեծ մակերես, ապա այն ծածկեք մաքուր չոր սավանով կամ մազախավ չունեցող այլ մաքուր գործվածքով:
Ինչպես արդեն նշեցինք, այրվածքները վտանգավոր են շոկի զարգացման տեսակետից: Շոկի զարգացումը կանխելու համար, եթե տուժածի շնչառությունը դժվարացած չէ, պառկեցրեք նրան, ոտքերը բարձրացրեք 20-30 սմ: Բարձր պահեք նաեւ տուժածի վնասված հատվածը: Եթե տուժածը գիտակից է, տվեք նրան հեղուկներ՝ հյութեր, հանքային ջրեր:

Ինչ  ՉԻ կարելի անել

Երբեք մի´ փորձեք այրվածքի վրա քսել ձեթ, յուղ կամ նման այլ միջոցներ: Դրանք, պատելով այրված մակերեսը, խանգարում են ջերմատվությանը: Արդյունքում այրվածքը ծանրանում է: Այս միջոցները կարող են նաեւ վարակի աղբյուր հանդիսանալ: Բացի այդ, պատելով այրված մակերեսը, դրանք փոխում են այրվածքի տեսքը, դժվարացնում ախտորոշումը եւ բուժումը:
Երբեք մի´ բացեք եւ մի’ վնասեք բշտերը, այլապես շատ կմեծանա վարակի ներթափանցման վտանգը: Մի´ դիպեք այրվածքին եւ մի´ շնչեք նրա վրա:
Մի՛ պոկեք մարմնին կպած հագուստը:

Նյութի աղբյուրը՝ mes.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ