Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ է կատարվում զինվորների մասունքներն ամփոփող Կապանի դիահերձարանում

Ի՞նչ է կատարվում զինվորների մասունքներն ամփոփող Կապանի դիահերձարանում

567
0

Արցախում հարազատներին որոնող Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր Հայաստանի դիահերձարաններում՝ մասնավորապես Կապանի դիահերձարանում տիրող իրավիճակին: Նա հայտնել էր, որ Կապանի դիահերձարանի երկրորդ հարկում պարկերով դրված են զոհվածների մարմինները, պատուհանները բաց են, իսկ տարածքում անտանելի հոտ է տարածված: «Այդ հարցի պատասխանատուն է՞լ են թուրքերը… Դուք նույնիսկ զոհերի մարմինները չեք հարգում, գոնե մի հատ ռեֆրեժերատոր ուղարկեք, որ այդ մարմինները չփտեն»,- ՀՀ իշխանություններին էր դիմել Արսեն Ղուկասյանը: Aravot.am-ը փորձեց խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Առողջապահության նախարարությունից, որտեղից պատասխանեցին, որ խնդիրը ոչ թե իրենց, այլ Սյունիքի մարզպետարանի տիրույթում է: Կապվեցինք նաեւ Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանի հետ: «Կապանի ԲԿ-ն ընդամենը քաղաքացիական դիահերձարանի իր երկրորդ հարկը տրամադրել է Հանրապետական դատաբժշկական փորձագիտական կենտրոնին, ու ողջ գործընթացը՝ մասունքների հետ կապված, իրենք են իրականացնում: Այսինքն՝ Կապանի ԲԿ-ն ընդամենը տարածք է տվել: Հանրապետական կենտրոնն է ամեն ինչով զբաղվում՝ ԴՆԹ անալիզ, տրանսպորտային տեղափոխություն եւ այլն: Որեւէ գործառույթ մարզային որեւէ կազմակերպություն, հիմնարկ, ԲԿ չի իրականացնում: Ընդամենը տարածք է տրվել»,- ասաց մարզպետի խորհրդականը: Ինչ վերաբերում է տեղում սանիտարահիգիենիկ վիճակին, այս մասին էլ հավելեց. «Մեր առողջապահության պատասխանատուները հետեւյալը փոխանցեցին, որ երբ մասունքները տեղափոխվեն, կիրականացվեն համապատասխան սանիտարահիգիենիկ միջոցառումներ այդ տարածքում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ