Գլխավոր էջ Նորություններ Առճակատում «Իմ քայլի» և Արսեն Թորոսյանի միջև․ նախարարը վրդովված է

Առճակատում «Իմ քայլի» և Արսեն Թորոսյանի միջև․ նախարարը վրդովված է

535
0

«Իմ քայլը» խմբակցության եւ առողջապահության նախարարության Արսեն Թորոսյանի միջեւ նոր սկանդալ է հասունանում՝ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի, Հովիկ Աղազարյանի եւ Վլադիմիր Վարդանյանի՝ ԱԺ ներկայացրած նոր նախագծի հետ կապված:

Նախագիծն առաջարկում է հետաձգել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի 2021թ. հունվարի 1-ից ուժի մտնող դրույթների իրականացումը:

Իր հերթին առողջապահության նախարարությունը կոչ է անում գործընկերներին հիշյալ փոփոխությունը հանել ԱԺ օրակարգից:

Այս կապակցությամբ նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում, ասնավորապես, ասվում է.

«2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարեւոր դրույթներ: Մասնավորապես.

  • ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում եւ հանրային սննդի օբյեկտներում,
  • ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրման արգելքը,
  • ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման արգելքը hյուրանոցային տնտեսության օբյեկտներում, աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից, առևտրի կենտրոններում, ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները (որոշ բացառություններով):

Օրենքի մյուս կարեւոր հոդվածները եւ մասնավորապես` հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների եւ փոխարինիչների օգտագործման արգելքն ուժի մեջ է մտնում 2022թ. մարտի 15-ից:

Այսօր ԱԺ պաշտոնական կայքի նախագծեր բաժնում տեղադրվել է սույն օրենքի 2021թ. հունվարի 1-ից ուժի մտնող դրույթների հետաձգման վերաբերյալ նախագիծ:

Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, օրենքն ընդունելիս համակողմանիորեն քննարկվել են դրա բոլոր դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները եւ հաշվի առնելով ԱԺ պատգամավորների առաջարկները` որոշվել է այնպես խմբագրել օրենքը, որպեսզի դրա դրույթներն ուժի մեջ մտնեն աստիճանաբար` ժամանակ տալով հանրությանը եւ տնտեսվարողներին պատրաստվել դրան:

Մեզ համար անհասկանալի է այս հարցը կրկին ԱԺ օրակարգ բերելը, երբ երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, որոնք հանգուցալուծում կամ դիմագրավում են պահանջում պետական բոլոր ինստիտուտների կողմից, նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն օրենքը միտված է ավելի առողջ սերունդ ունենալուն, ինչն ախուսափելիորեն ավելի է ուժեղացնելու մեր երկրի տնտեսությունը եւ ընդհանուր դիմադրողականությունը:

Բազմիցս ներկայացվել են ապացուցողական փաստեր, որ օրենքով սահմանված դրույթները ոչ միայն նպաստելու են երկրի զարգացմանը, այլեւ հնարավորություն են ընձեռելու նվազեցնել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի դեպքերը` նպաստելով դրանց դեմ արդյունավետ պայքարին ու նաեւ տարբեր համավարակների դեպքում (ինչպիսին է կորոնավիրուսը) այս հիվանդությամբ ապրող անձանց շրջանում ծանր հիվանդացության դեպքերի և մահերի կանխմանը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, կոչ ենք անում մեր գործընկերներին հիշյալ փոփոխությունը հանել ԱԺ օրակարգից: Միաժամանակ, պատրաստակամություն ենք հայտնում, ինչպես նախկինում, քննարկել մեր երկրի բնակչության առողջության ամրապնդմանը միտված ցանկացած նախաձեռնություն»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ