Գլխավոր էջ Նորություններ Երկու հիվանդանոցներում կգործի հաստ և ուղիղ աղիքների քաղցկեղի սքրինինգային ծրագիրը

Երկու հիվանդանոցներում կգործի հաստ և ուղիղ աղիքների քաղցկեղի սքրինինգային ծրագիրը

1614
0

Հանրային ռադիոյի եթերում Արսեն Թորոսյանն անդրադարձել է ուռուցքաբանության ոլորտում նոր փոփոխություններին` մասնավորապես հաստ աղիքի և ուղիղ աղիքի քաղցկեղի սքրինինգային ծրագրին:

«Քանի որ այս ծրագիրը փորձնական է, հիվանդանոցները, որտեղ պետք է գործի ծրագիրը, ընտրվել են երկու պարզ պատճառով: Առաջինը, որ լինի կառավարելի, և երկրորդը` որ հագեցած լինի սարքավորումներով: Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն, ընտրվել է, քանի որ այն մեր ենթակայության տակ է և սարքավորումներով հագեցած է: Մեր հաշվարկներով այս ծրագիրը փորձնական կգործի մեկ մարզում և Երևանում: Եվ հաջող արդյունքների դեպքում` մենք հաշվարկել ենք, թե ինչքան բյուջե պետք կլինի ամբողջ հանրապետության համար»,- ասել է Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ նման ծրագիր սկսվելու է նաև Լոռու մարզում: Այդ դեպքում մամոգրաֆիայի սարքը  կայանելու է Լոռու մարզի բոլոր քաղաքներում, և այդ տարածաշրջանի կանանց կատարելու է կրծքագեղձի անվճար հետազոտություն, որից հետո, բուժման անհրաժեշտության դեպքում, նպատակային ծրագրերի շրջանակում նաև բուժում:

«Եթե դեղը ձեռք է բերվել օրինական ճանապարհով, ապա այն նույնքան էֆֆեկտիվ է, որքան այդ դեղը` օրինակ` Գերմանիայում: Եթե այն ապօրինի ճանապարհով է ձեռք բերվել, ապա այն կարող է անարդյունավետ լինել: Մնացած դեպքերում այդ թեման առավել շատ միֆ է: Օրինակ` երբ ասում են Ֆրանսիայից գնված «Նուրոֆեն»-ն ավելի լավն է, քան Երևանից գնվածը»,- նշեց Արսեն Թորոսյանը` անդրադառնալով դեղորայքային բուժմանը:

Իսկ այն հարցին, թե ի վերջո անվճար ի՞նչն է` վիրահատությու՞նը, բուժու՞մը, նախարարը պատասխանեց.

«Անվճար չէ, պետությունն է վճարում այս պահին վիրահատության համար, երկու ճառագայթային բուժիչ սարքերով ճառագայթային ամբողջ բուժման համար, և այս պահին պետությունն է վճարում մասամբ քիմիոթերապիայի համար` համավճարի տեսքով: Եվ այս տարվանից մենք ևս մեկ քիմիոթերապևտիկ  պրեպարատի համար` կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար, որը հաղթել է մրցույթում` «Հերցեպտին» դեղը լինելու է անվճար»:

 

Սառա Հարությունյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ