Գլխավոր էջ Medmedia TV Կորոնավիրուսից մահացածների թեստերի պատասխանները ոչ ոք չի տեսել

Կորոնավիրուսից մահացածների թեստերի պատասխանները ոչ ոք չի տեսել

1799
0

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի հավաստմամբ՝ շփվելով կորոնավիրուսից մահացած անձանց հարազատների հետ հայտնաբերել են, որ այդտեղ կան մի շարք իրավական և սոցիալական խնդիրներ։ Պաշտոնական վարկածով կորոնավիրուսի հետևանքով հիվանդանոց տեղափոխված, ապա մահացած անձանց կորոնավիրուսի դրական թեստերը նրանց հարազատները չեն տեսել»,-փաստեց Հովհաննիսյանը:

Նա պատմեց, որ ըստ իր տեղեկությունների՝ հիվանդանոց կամ վիրաբուժական բաժանմունք տեղափոխվելուց հետո նրանք իրենց հարազատի հետ ոչ մի կապ չեն ունեցել: Հարազատներն անգամ չգիտեն, թե երբ է տեղի ունեցել իրենց հարազատի կենսաբանական մահը:

«Մահանալուց հետո, նրանք իրենց մահացած ազգականին չեն տեսել, իսկ դիակը հանձնվել է փակ, կնիքված դագաղով: Ունենք դեպք, երբ մարդը հիվանդանոց է տեղափոխվել ինսուլտի ախտանշաններով, նրա մոտ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել, և երրորդ օրը նոր ախտորոշվել է կորոնավիրուս: Այսինքն՝  ըստ հարազատների, նա վարակվել է հիվանդանոցում: Բոլոր ազգականների մոտ կուտակված է վրդովմունք, զայրույթ, որը գալիս է դեպքերի անորոշությունից, անգիտությունից»:

Փաստաբանը նշել է, որ  այս դեպքերով որեւէ պետական մարմին, պաշտոնատար անձ, գրավոր պաշտոնական որևէ իրազեկում չի տվել, թե ինչի հետևանքով և երբ է տեղի ունեցել իրենց հարազատի մահը:

Բանախոսն ասուլիսի ընթացքում  ընթերցեց վճռաբեկ դատարանի որոշումը, որտեղ նշվում է, թե կոնվենցիայով նախատեսված կյանքի իրավունքի պաշտպանությունը պետությունից պահանջում է անձանց մահվան կապակցությամբ պաշտոնապես օբյեկտիվ քննություն իրականացնել.

«Նման պարտականությունը ծագում է կասկած հարուցող մահվան դեպքերում: Նշվում է, որ պետական մարմինները պետք է իրականացնեն երեք գործողություն՝ վկաների հարցաքննություն, դատաբժշկական փորձաքննությունների նշանակում, եզրակացության ստացում և դիահերձում: Այս երեք գործողությունները միայն կարող են կատարվել քրեական գործ հարուցելուց հետո, նախաքննության ժամանակ, սակայն մենք բոլորս տեսնում ենք, որ ոչ մի դեպքով քրգործ չի հարուցվում, հետևաբար պետությունը չի իրականացնում իր պարտականությունը: Դա չանելով պետությունը խախտել է մարդկանց կյանքի իրավունքը»:

Փաստաբանը վստահեցնում է, որ հիվանդանոցային մահվան յուրաքանչյուր դեպքում ոստիկանության աշխատակիցը պարտավոր է ներկայանալ հիվանդանոց և նախապատրաստվեն նյութեր:

«Առնվազն պետք է զննվի մատյանը, պետք է բացատրություններ վերցվեն  մահացածի ազգականներից և նշանակելով դատաբժշկական փորձաքննություն ու ստանալով եզրակացություն, որ մահը բնական երևույթների արդյունք է, կազմվում է եզրակացություն նյութերով քրգործի հարուցումը մերժելու մասին որոշում»:

Փաստաբանի հավաստմամբ՝ իրենց հետագա գործողություններն ուղղված են լինելու ընտանիքների հետ անհատական աշխատանքներ տանելուն։

«Մենք յուրաքանչյուր դեպքով պետք է պարզենք, թե տեղի ունեցե՞լ է արդյոք բուժաշխատողների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների թերացում: Եթե պարզվի, որ այդպիսիք կան, հանցագործության մասին հաղորդմամբ դիմելու ենք համապատասխան մարմիններին:Եթե մենք պարզենք, որ որևէ դեպքով հետաքննություն չի իրականացվել, մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու համապատասխան մարմիններին, որ պարզեն այն պաշտոնատար անձին, ում հրահանգով այդ հետաքննությունը չի իրականացվել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ