Գլխավոր էջ Գլխավոր Ե՞րբ և ինչո՞ւ են ցուցված կորսետները

Ե՞րբ և ինչո՞ւ են ցուցված կորսետները

6827
0

Կորսետները լայն տարածում ունեն ոչ միայն մանկական օրթոպեդիայում այլ նաև մեծահասակների մի շարք հենաշարժողական համակարգի խնդիրների լուծման ժամանակ:

MedMedia.am-ը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ Արարատ Նազանյանի հետ քննարկել է կորսետների կիրառությունը հատկապես սկոլիոզների դեպքում: «Կորսետների օգտագործումը թույլ է տալիս շտկել հենաշարժողական համակարգի մի շարք խնդիրներ: Մասնավորապես կորսետները նշանակվում են ողնաշարի բնածին և իդիոպաթիկ (անհայտ պատճառներով առաջացող) սկոլիոզների ժամանակ, որը հանդիպում է 9 տարեկանից բարձր երեխաների մոտ: Ընդ որում, խնդիրն աղջիկների մոտ 4-5 անգամ ավելի հաճախ է հանդիպում քան՝ տղաների»,-ասաց օրթոպեդն ու հավելեց. «Այն ունի թեքվածության շատացման հակում և կարող է 1 տարվա ընթացքում հասնել 5-10 աստիճանի»: Արարատ Նազանյանի խոսքով, ժամանակին ախտորոշման ժամանակ, երբ ողնաշարի թեքվածությունը հասնում է մինչև 14-15 աստիճան, հիվանդին նշանակվում է կորսետ, որն ի դեպ պատրաստվում է անհատական, ըստ հիվանդի մարմնի և թեքվածության աստիճանի, հատուկ օրթեզարաններում: «Այն թույլ է տալիս պահպանել այդ պահին եղած անկյունը՝ կանխելով նրա շատացումը: Կորսետի նշանակման ցուցումը կախված է ոչ միայն աստիճանի մեծությունից, այլ նաև թե ողնաշարի որ հատվածն է ախտահարված, որ տարիքում է հայտնաբերված և ինչ սեռի է»,-մանրմասնեց զրուցակիցս: Ողնաշարի կրծքային հատվածի սկոլիոզի ժամանակ, ըստ բժշկի, կորսետավորումն ավելի շուտ է ցուցված՝ խուսափելու համար կրծքավանդակի դեֆորմացիայից: «9-10 տարեկան հասակում հայտնաբերման ժամանակ կարելի է կորսետավորումը հետաձգել հետևելով ընթացքին: Աղջիկների մոտ սկոլիոզի մեծացման հակում լինում է մինչև առաջին դաշտանի ի հայտ գալը»,-ասաց Արարատ Նազանյանն ու շեշտադրեց, որ հաշվի առնելով վերը նշվածը ցանկացած անհատի համար ցուցաբերվում է անհատական մոտեցում և անհապաղ կորսետավորում անհրաժեշտության դեպքում: Կորսետավորումը սկոլիոզների միակ արդյունավետ բուժման եղանակն է: Բնածին սկոլիոզների ժամանակ, ինչպես օրթոպեդը նշեց, կորսետավորումը ավելի շուտ պետք է կազմակերպել: «Բնածին սկոլիոզի պատճառ հանդիսանում են ողերի բնածին արատները և երեխայի աճի հետ մեկտեղ ունեն հակում ավելի արագ անկյան մեծացման և հաշմանդամության զարգացման»,-ընդգծեց մասնագետը:

Անրադառնալով կորսետների մեծահասակների օգտագորմանը, բժիշկն ասաց, որ դրանք օգտագործվում են օստեոպորոզների հետևանքով առաջացած ողերի ախտաբանական կոմպրեսիոն կոտրվածքների բուժման ժամանակ: «Ոչ ճիշտ ընտրված կորսետ չի կարող լինել, քանի որ այն պատրաստվում է անհատական, իսկ կեցվածքի շտկման համար ոչ թե կորսետներ, այլ հատուկ ձգող փափուկ կապաններ պետք է օգտագործել, կամ էլ բժշկական ֆիզկուլտուրայով և լողով զբավել»,-հորդորեց Արարատ Նազանյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ