Գլխավոր էջ Գլխավոր Ուսահոդերի սոնոգրաֆիա. ե՞րբ և ո՞ւմ է այն ցուցված

Ուսահոդերի սոնոգրաֆիա. ե՞րբ և ո՞ւմ է այն ցուցված

2865
0

Ուսահոդերի սոնոգրաֆիան արտասահմանյան երկրներում հանդիսանում է առաջին ըստ հաճախականության կատարվող հոդերի սոնոգրաֆիկ հետազոտություններից: Որքանո՞վ է արդյունավետ սոնոգրաֆիան ուսահոդի խնդիրների ախտորոշման գործում MedMedia.am-ը քննարկել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկ-ճառագայթաբան, բ.գ.թ Գայանե Այվազյանի հետ:

«Ոուսահոդը մեր օրգանիզմի բարդ հոդերից է, որը կոմպոնենտներն իրար են միանում ջլակապանային բարդ համակարգի միջոցով»,-մանրամասնեց բժշկուհին և հավելեց. «Ուսահոդի սոնոգրաֆիկ հետազոտությունը ունի բարձր ինֆորմատիվություն, այն դյուրին է կատարման մեջ, կարճատև է պացիենի համար և մատչելի:

Գայանե Այվազյանի խոսքով, այն հնարավորություն է ստեղծում վիզուալիզացնել հոդի գրեթե բոլոր փափուկ հյուսվածքային և կառուցվածքային միավորները, միաժամանակ տեսանելի են նաև հոդաճառի առաջային և հետին հատվածները, հոդաշապիկը, բուրսաները, ջլերը և այլն: «Հարկ է նշել, որ ուսահոդերի սոնոգրաֆիան կատարվում է առաջին հերթին ուս-թիակային ցավային համախտանիշի և դրա հետևանքով առաջացած հոդի շարժումների սահմանափակման դեպքում, որի պատճառները կարող են կապված լինել ինչպես հոդի, այնպես էլ արտահոդային խնդիրների հետ»,-ասաց մասնագետը ու առանձնացրեց ցավի պատճառները`

  1. Ուսահոդի պտտող մանժետի ջլերի թարմ կամ հնացած վնասվածքը
  2. Երկգլխանի մկանի թարմ կամ հնացած վնասվածքը
    3.Կալցիֆիկացնող տենդինիտը
    4․Ադգեզիվ կապսուլիտը կամ «սառած ուսահոդը»
    5․Հոդաբորբը

Անրադառնալով այն հարցին թե ինչ ախտանիշների դեպքում է անհրաժեշտ դիմել սոնոգրաֆիկ հետազոտության, Գայանե Այվազյանն ասաց. «Եթե նկարագրվում է ցավ ուսահոդերում՝ հանգստի և շարժումների ժամանակ, առկա են գիշերային ցավեր, անհնագստացնում է շարժումների սահմանափակումն, ինչպես պասիվ այնպես էլ ակտիվ, նկատվում է հոդի այտուցվածություն, մաշկի գույնի տեղային փոփոխություններ»:

Հարցին, թե որո՞նք են ուսահոդի սոնոգրաֆիայի առավելությունները այլ հետազոտման եղանակների համեմատությամբ, բժշկուհին մանրամասնեց. «Սոնոգրաֆիան թույլ է տալիս տեսնել հոդը կազմող փափուկ հյուսվածքային կառուցվածքային էլեմենտների վիճակը, բացի այդ այն ոչ ինվազիվ է, արագ է և արդյունավետ, դինամիկ է, թույլ է տալիս հոդը դիտել տարբեր դիտակետերում և շարժումների ժամանակ, ոչ պակաս կարևոր է ֆինանսապես մատչելի լինելն ու ճառագայթային ծանրաբեռնվածության բացակայությունը»:

Այժմ ուսահոդի սոնոգրաֆիկ հետազոտության հետ մեկտեղ իրականացվում է բազկային հյուսակի սոնոգրաֆիա, որի ախտաբանական վիճակները նույնպես հաճախ ուղեկցվում են ուսագոտու շրջանի ցավով: Նյարդերի սոնոգրաֆիկ հետազոտությունը, զրուցակցիս խոսքով, թույլ է տալիս տեսնել բազկային հյուսակը և նրանից սկիզբ առնող նյարդերն ամբողջ երկայնքով և գնահատել վերջիններիս վիճակը

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ