Գլխավոր էջ Գլխավոր «Պետք է պարզաբանվի, թե ինչու՞ է «Նորք» ԻԿՀ-ի տնօրենն ազատվել». Լուսինե Բադալյան

«Պետք է պարզաբանվի, թե ինչու՞ է «Նորք» ԻԿՀ-ի տնօրենն ազատվել». Լուսինե Բադալյան

629
0

Երեկ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը հայտարարություն տարածեց, որ աշխատանքից ազատվել է հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը:

Այսօր այն հաստատեց նաև առողջապահության նախարարությունը:

Դավիդյանցի աշխատանքից ազատման պատճառներից մեկը նվում էր, որ տարաձայնություններ կային Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Ֆեյսբուքում էլ նշում էին, որ Դավիդյանցը կորոնավիրուսի օրերին հսկայական աշխատանք է կատարել և գոնե, այս փուլում նման որոշում չպետք է լիներ:

ArmDaily.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նշեց, որ տեղյակ չէ` նրան ազատել են աշխատանքից, թե սեփական դիմումի համաձայն է ազատվել. «Ես ինքս էլ բազմիցս լսել եմ շատ շատերից և որքանով էլ որ վերահսկողությունը պահպանել եմ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը իրեն ընձեռնված հնարավորությունների շրջանակներում այս ամբողջ ընթացքում կատարել է առավելագույնը: Եվ մեծ դժգոհություններ չեն եղել: Տարաձայնությունների մասին գիտեմ, գիտեմ նաև վաղուց կային դրանք, բայց մանրամասն տեղեկություններ չունեմ, դրա համար ինձ համար էլ է անհասկանալի ազատման տարբերակը: «Նորք» ինֆեկցիոնի բժիշկները նույնպես գոհունակությամբ են արտահայտվել իրենց տնօրենի մասին: Ի սկզբանե այնտեղ կային որոշումներ նախարարության կողմից հնչեցված, վերակենդանացման բաժանմունքի փակման, կրճատման հետ կապված շատ հարցեր կային, բայց բժիշկները կոնկրետ տնօրենից շատ գոհ էին և կարծում էին, որ իրենց համար ամեն ինչ անում է: Ամենակարևորը, որ ես այս ընթացքում լսել եմ «Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցներից, մասնավորապես բժիշկներից, որ կոռուպցիան իսպառ բացակայում էր հիվանդանոցից, քանի որ աննախադեպ քայլեր էին արվել այդ կապակցությամբ: Այս իմաստով ինձ համար անհասկանալի են տարաձայնությունները»:

Հարցին` եթե պարզվի, որ տնօրենին հեռացրել են աշխատանքից նախարարի հետ տարաձայնություն ունենալու պատճառով, արդյոք պարզաբանումներ կպահանջեն նախարարությունից, պատգամավորը նշեց. «Անկախ նրանից Արսեն Թորոսյանն է ազատել աշխատանքից, թե սեփական դիմումի հիման վրա է ազատվել, երկու դեպքում էլ պարզաբանման կարիք կա: Այստեղ և’ ազատումը պետք է հասկանանք, թե ինչի համար է եղել,և’ սեփական դիմումի համաձայնն էլ պետք է հասկանանք, թե ինչու է արել, ինչ հարց է անլուծելի թվացել, որ տնօրենը կարծել է, որ հնարավոր չէ լուծել և որոշել է, որ դուրս գա: Երկուսն էլ խնդրահարույց են և պարզաբանման կարիք ունեն: Ես կարծում եմ, որ կորոնավիրուսի հետ կապված ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովը մեծ ուսումնասիրություններ է կատարում և պիտի կատարի և հաշվետվություն պահանջի` ի վերջո ամփոփելու համար կորոնավիրուսի շրջանակներում ընդհանուր բոլոր գործողությունները` սկսած գումարների ծախսումից, կենցաղային հարցերից մինչև բժշկական»:

Աղբյուրը՝ Armdaly.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ