Գլխավոր էջ Գլխավոր Հասարակությունը ինչպե՞ս վստահի, եթե նախարարն ինքն էր անլրջացնում համավարակը․ Սուրենյանց

Հասարակությունը ինչպե՞ս վստահի, եթե նախարարն ինքն էր անլրջացնում համավարակը․ Սուրենյանց

631
0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Medmedia.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի դեմ տարվող պայքարին, նշեց, որ իշխանության հակահամավարակային քաղաքականությունը տապալված է, դրա մասին խոսում է թվերի տխուր վիճակագրությունը։

«Հունվարի 30-ին արդեն ստեղծված էր կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով, փաստորեն արդեն այս օրը ՀՀ կառավարության անդամները գնահատել էին համավարակի հետ կապված ռիսկերը և գիտակցել են վտանգը։ Այդ հանձնաժողովը աչք է փակել նրա վրա, որ երկրում հանրահավաքներ են անցկացվում։ Ու մինչև մարտի 13-ը մեր իշխանությունները ԱՅՈ-ի քարոզարշավը շարունակում էին։ Սուրենյանցի գնահատականներով՝ մայիսի 4-ին Հայաստանում կարանտին է հայտարարվում, տարօրինակ է, որ դիմակներ կրելու պահանջը դրանից երկու շաբաթ հետո է որոշվում, սա խիստ տարակուսելի որոշում է։

«Անհասկանալի է, թե ինչու դիմակներ կրելու պահանջը ուշացավ։ Կարող ենք արձանագրել, որ հակահամաճարակային գործիքակազմը կառավարության բացթողման հետևանքով երկու շաբաթ հետաձգվել է։ Իմ կարծիքով սա խորապես նպաստել է կորոնավիրուսի տարածմանը ու խորացմանը»։

Քաղաքագետը համավարակի այսչափ տարածման պատճառ է համարում  նաև զանգվածային թեստավորումների բացակայությունը։

«Այն երկրներում, որտեղ զանգվածային թեստավորում են արել, հայտնաբերել են ասիպտոմ հիվանդներին։ Մեր մոտ շատ սահմանափակ թեստավորումներ արեցին։ Հիմա համեմատաբար թեստերի թվերը ավելացել են, բայց դա ևս բավարար չէ։ Կառավարությունը և նախարարը ևս խոստովանում են, որ ասիպտոմ հիվանդների թիվը 80 կամ 90 տոկոս կարող է կազմել։ Մարդիկ ոտքի վրա հիվանդությունը տանում են, բայց կարող են վարակել ռիսկային հիվանդներին»։

Սուրեն Սուրենյանցը հիշեցրեց, որ իրենք անցած ամիսներին կոչ են արել կառավարությանը շեշտակի մեծացնել թեստավորումների քանակը ։

«Հազար ու մի պատճառաբանություն կարող են բերել, թե փայտիկները կամ թեստերը բավարար չեն։ Նախարարության կարևոր առաջնահերթությունը պետք է լիներ հենց թեստերի ձեռքբերումը։ Համակարգը կանգնեցվել է կոլապսի առաջ։ Այսօրվա ցուցանիշները շատ մտահոգիչ են, օրական մի քանի հարյուր վարակակիր ունենք ու տասնյակից ավելի մահեր»։ Քաղաքագետը անդրադարձավ նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին, նշելով, որ դրանք դեռ պետք է փորձարկվեն ու մոտակա ժամանակներս չի սպասում դրանց կիրառումը մեր երկրում։

«Պատվաստանյութը լավագույն դեպքում պատրաստ կլինի մյուս տարի, դա նախ երկարատև փորձարկում պետք է անցնի։ Ռիսկերը պետք է արդյունավետ գնահատակվեն։ Մեր իշխանության մակարդակով պատվաստանյութ ունենալը լուրջ չեմ համարում։ Հայաստանը ռեսուրսներ չունի պատվաստանյութ ունենալու,չեմ էլ հասկանում այս պարագայում մեր առողջապահության նախարարը ինչ բանակցություններ է վարում»։

Վերջում Սուրենյանցը հավելեց, որ կորոնավիրուսի հետ կապված պաշտոնական տեղեկատվությանը թերահավատորեն են մոտենում, որովհետև կառավարությունը մարտի սկզբին  հնարավորինս անլրջացրեց վերաբերմունքը այս համավարակի նկատմամբ, ԱՆ նախարարը այն սովորական գրիպ էր որակում, իսկ վարչապետը համավարակը վերագրում էր սովորական սպիրտով բուժելուն։

Սյուզի Ասատրյան

 

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ