Գլխավոր էջ Գլխավոր Պարկինսոնի հիվանդություն կամ երբ խաթարվում է շարժումների կառավարումը

Պարկինսոնի հիվանդություն կամ երբ խաթարվում է շարժումների կառավարումը

1835
0

Նյարդային համակարգի խնդիրները խիստ տարածված են երկրագնդի բնակչության շրջանում։ Այսպես, կաթվածը, էպիլեպսիան, Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունները, գլխացավերը ամենահայտնի և ամենատարածված նյարդային խնդիրներից են։ Սա հաշվի առնելով MedMedia.am-ը Պարկինսոնի հիվանդությունների մասին զրուցել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի դասախոս, Պարկինսոնի հիվանդության մասնագետ, նյարդաբան Զարուհի Թավադյանի հետ: «Հիվանդությունն առավելապես տարածված է տարեց անձանց շրջանում, ունի դանդաղ սակայն հարաճուն ընթացք և նշանակալիորեն ազդում է հիվանդների կյանքի որակի վրա»,-ասաց բժշկուհին: Նրա խոսքով խնդրի մասին պետք կասկածել, եթե առկա են. 1. շարժումների, խոսքի դանդաղկոտություն

2. հանգիստ վիճակում ձեռքերում, ոտքերում դող

3. մկանների կարկամություն

4. հավասարակշռության խնդիրներ՝ քայլվածքի խանգարում, տեղից վեր կենալու դժվարություն, ընկնելու դեպքեր

«Հիվանդության նշանները սկզբում հազիվ նշմարելի են, սակայն հետզհետե ավելի արտահայտիչ են դառնում՝ խորացնելով խնդիրը»,-մանրամասնեց նյարդաբանն ու շարունակեց. «Առաջինը հաճախ աչքի է ընկնում դանդաղկոտությունը՝ դեմքը ոչինչ չի արտահայտում, խոսքը դանդաղած է և պարզ չի հնչում, մարմնի շարժումները դառնում են ավելի զուսպ և «ծույլ»»։ Դողը, Զարուհի Թավադյանի խոսքով, Պարկինսոնի հիվանդության բնորոշ նշաններից մեկն է՝ այն ի հայտ է գալիս հանգիստ վիճակում, իսկ շարժվելիս դողն անհետանում է և չի խանգարում գործողություններին։ «Հիվանդության արդյունքում մկանները դառնում են ռիգիդ՝ լարված և պնդացած, ինչի հետևանքով մկանային ցավերը հաճախ են անհանգստացնում հիվանդներին»,-ասաց բժշկուհին և ընդգծեց. «Պարկինսոնի հիվանդությունը թողնում է իր հետքը քնի վրա՝ որոշ պացիենտների շրջանում առկա է վարքային խանգարում՝ քնած ժամանակ երազներ տեսնելիս երազում կատարվող նույն շարժումների ու ձայների տեսքով»։ Հարկ է նշել, որ Պարկինսոնի հիվանդությունը քրոնիկ ընթացք ունի։ «Այն պահանջում է շարունակական հսկողություն շարժողական խանգարումների մասնագետի կողմից՝ ախտանիշների վերահսկման, նոր ախտանիշների հայտնաբերման, դեղորայքի նշանակման և փոփոխման, կողմնակի ազդեցությունների շտկման համար»,-ընդգծեց մասնագետն ու ավելացրեց, որ հիվանդության ամբողջական ապաքինումը դեռևս գոյություն չունի, սակայն գիտնականները ակտիվ հետազոտում են բուժման հնարավորությունները։ Բայց պետք է նաև նկատել, որ Պարկինսոնի հիվանդության վաղ ախտորոշումը կօգնի բարելավել հիվանդության ընթացքը։

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ