Գլխավոր էջ Medmedia TV Սնունդ առաքող աղջիկը ամեն օր բախվում է ոստիկանների կոպիտ պահվածքին

Սնունդ առաքող աղջիկը ամեն օր բախվում է ոստիկանների կոպիտ պահվածքին

1073
0

Սեդրակյան Հասմիկը օրական 9-ից 10 ժամ Երևանի ռեստորանային ցանցերից սնունդ է առաքում։ Ինչպես ինքն է նշում,ամեն օր վազվզում է արևի տակ ու ի վիճակի չի անընդհատ դիմակ կրել։

«Ես ինքս կարանտինի կանոնները պահպանում եմ, ալկոգել եմ օգտագործում, բայց այս շոգին երբեմն հանում եմ դիմակը ու ամեն Աստծու օր ինձ մոտենում են ոստիկանության աշխատակիցները։ Ամեն օր իրենք ինձ փողոցներում տեսնում են ու որքան կարելի է նույն մարդուն մոտենալ ու նկատողություն անել»։

Հասմիկը պատմեց, որ արդեն վախենում է Երևանի փողոցներում քայլելուց, քանի որ իրեն կրկին կարող են մոտենալ ոստիկանները և տուգանել։

«Մի անգամ կրկին մոտեցան ոստիկանները ու փորձում էին տուգանել։ Ես ասացի, որ անձնագիրս մոտս չէ, անկեղծ ասած՝ հոգնել եմ։ Երեքշաբթի օրը ինձ տարան ոստիկանության բաժին ու ինձ ընդհանրապես նրանց վերաբերմունքը դուր չեկավ։ Ինձ հետ շատ կոպիտ էին խոսում , ասում էին՝ աղջի, մենք ինչի չգիտե՞նք դու ոնց ես փող աշխատում, քեզ տեսնողա եղել։ Ո՞նց եմ աշխատում որ, ամբողջ օրը դրսում առաքում եմ սնունդ, դժվարությամբ գումար եմ վաստակում։ Ի դեպ՝  ես ավարտել եմ պոլիտեխնիկական համալսարանը ու շատ մեծ դժվարությամբ եմ վարձս վճարել»։

Հասմիկին խոցել են ոստիկանների խոսքերը ու վերաբերմունքը։

« Ինձ վիրավորելու ընթացքում վիրավորեցին նաև ծնողներիս, հատկապես հայրիկիս, իսկ հայրս մահացել է։ Իմ պատասխանը ոստիկանին չուշացավ, նրան ասացի՝ գնա ու պառկի հայրիկիս կողքին»,-հուզված պատմեց Հասմիկը։

Աղջիկը հարցազրույցի ընթացքում կրկին աշխատանքի էր շտապում, պատրաստվում էր սնունդ առաքել։ Նա նշեց, որ այսօր սրճարաններում մարդիկ կողք կողքի նստած սրճում են, ճաշում են, բայց ինչպե՞ս է ստացվում, որ մաքուր օդին, դիմակը հանելը պատժելի արարք է։

« Ես քայլում եմ իմ քաղաքում ու ցանկանում եմ մաքուր օդ շնչել, ինչու՞ պետք է ինձ տուգանեն 10 հազար դրամ։ Շունչս կտրվում է, ես թոքերի հետ կապված խնդիրներ ունեմ ու ինձ համար ահավոր դժվար է դիմակ կրելը»,-նշեց Հասմիկը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ