Գլխավոր էջ Գլխավոր Դիաբետիկ սիրտը՝ որպես էնդոկրին սրտի տարածված և լրջագույն բարդություն

Դիաբետիկ սիրտը՝ որպես էնդոկրին սրտի տարածված և լրջագույն բարդություն

1350
0

Որպես կանոն, էնդոկրին բոլոր հիվանդություններն ընթանում են կոնկրետ հորմոնների քանակի արտազատման խանգարումներով, որոնք ազդում են թիրախային օրգանների, այդ թվում և՝ սիրտ- անոթային համակարգի ֆունկցիոնալ վիճակի վրա՝ բերելով մի շարք ախտանիշների ի հայտ գալուն՝ այսինքն՝ էնդոկրին սրտի դրսևորմանը: Խնդրի շուրջ MedMediaam-ը զրուցել է «Կուալիս Վիտա» ԲԿ-ի բուժ. գծով փոխտնօրեն, բ.գ.թ, դոցենտ, ընդհանուր պրակտիկայի բժիշկ, սրտաբան Հռիփսիմե Կռնատյանի հետ: «Առավել տարածված էնդոկրին պաթոլոգիաներից շաքարային դիաբետի (ՇԴ) ժամանակ են հաճախ հանդիպում սիրտ- անոթային բարդությունները, որոնք էլ հենց դառնում են վաղաժամ հաշմանդամության և մահվան պատճառ՝ 50-60% դեպքերում»,-ասաց բժշկուհին և հավելեց. «Այսպես, հաշվի առնելով, որ աշխարհում, այդ թվում և մեր հանրապետությունում ազգաբնակչության շրջանում դիտվում է դարի հիվանդության՝ ՇԴ-ի պրոգրեսիվող աճ, ընդ որում դա տեղի է ունենում հատկապես դիաբետի 2-րդ տիպով հիվանդացության աճման հաշվին՝ հարկ եմ համարում խոսել «դիաբետիկ սրտի», որպես էնդոկրին սրտի կլինիկական կարևոր տարատեսակի մասին:
Ըստ ՀԱԿ-ի տվյալների, ՇԴ ի 2 տիպով հիվանդների մոտ, սրտի իշեմիկ հիվանդությունների (ՍԻՀ) զարգացման ռիսկը մեծանում է 3-4 անգամ՝ դիաբետ չունեցող պոպուլյացիայի համեմատ: «ՍԻՀ -ն իր կլինիկական առանձնահատկությունն ունի ՇԴ ունեցող հիվանդների մոտ: Այն բնորոշվում է « Լուռ իշեմիայի» ախտանիշով, այսինքն հիվանդը կարող է ունենալ լրջագույն իշեմիկ պրոցես, սակայն ցավային համախտանիշի լիովին բացակայություն: Մյուս բարդությունը դիաբետիկ խիստ սպեցիֆիկ բարդությունն է, այսինքն՝ դիաբետիկ կարդիոմիոպաթիան»,-ընդգծեց սրտաբանը:
Սակայն, ինչպես Հռիփսիմե Կռնատյանը նշեց, նշված բարդության ժամանակին չախտորոշելու և չբուժելու արդյունքում՝ հիվանդների մոտ զարգանում է սրտային անբավարություն ՝սրտի չափերի մեծացման հետևանքով: «Այս դեպքում արդեն հիվանդների մոտ ի հայտ են գալիս լրջագույն գանգատներ՝ հևոց, օդի պակասի զգացողություն, ֆիզիկական թեթև ծանրաբեռվածության հանդեպ տոլերանտության անկում»,-ասաց բժշկուհին:
Մյուս բարդությունը, որը համեմատաբար ավելի հազվադեպ է հանդիպում, Հիփսիմե Կռնատյանի խոսքով, դա կարդիալ ավտոնոմ նեյրոպաթիան է, որի հիմքում ընկած է սրտի նյարդային կարգավորիչ մեխանիզմների ախտահարումը: «Կլինիկորեն այս պրոցեսն արտահայտվում է զարկերակային հիպոտոնիայով, օրթոստատիկ խանգարումներով և համառ արագախփությամբ»,-մանրամասնեց սրտաբանը:
Դիաբետիկ սրտի կանխարգելելման և բուժման նպատակով դիաբետով հիվանդներն, բժշկուհին հորդորում է անխտիր կերպով մշտապես հսկվել ոչ միայն էնդոկրինոլոգի, այլ նաև սրտաբանի կողմից ենթարկվել կլինիկական մանրամասն հետազոտության:
«Դիաբետիկ սրտի հնարավոր բարդություններն են սրտային անբավարաությունը, որը զարգանում է սրտի չափերի մեծացման և սրտամկանի կծկողականության անկման պատճառով:Հաջորդ բարդությունը սրտամկանի ինֆարկտն է, որը, որպես կանոն հանդիպում է ՇԴ ի 2 տիպով հիվանդների ավելի քան 50% ի մոտ և ոչ հազվադեպ դեպքերում՝ նաև հանկարծամահությունը»,-եզրափակեց զրուցակիցս:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ