Գլխավոր էջ Գլխավոր Միգրեն՝ համառ գլխացավ, որ փչացնում է կյանքը

Միգրեն՝ համառ գլխացավ, որ փչացնում է կյանքը

2050
0

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ գլխացավեր ունենում ենք, որի պատճառները տարբեր են. սթրես, հոգնածություն, լարվածության: Երբեմն այդ գլխացավերն անտանելի են ու փչացնում են կյանքի որակը: Իսկ եթե գլխացավն իրականում հասարակ գլխացավ չէ: Նման անտանելի ցավ է նաև միգրենով պայմանավորված գլխացավը: «Ամեն գլխացավ չէ, որ միգրեն է։ Միգրենը առաջնային գլխացավ է և լինում է երկու հիմնական տեսակի. միգրեն աուրայով և միգրեն առանց աուրայի»,-MedMedia.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանն ու ընդգծեց միգրենի առանձնահատկությունները. «Միգրենոզ գլխացավին բնորոշ հատկություններից են միակողմանի քունք-ճակատային տեղակայումը, տրոփացող բնույթը, ուղեկցող սրտխառնոցը, երբեմն փսխումը, արտահայտված լուսավախությունը և ձայնավախությունը։ Կարող են ցավալ գլխի երկու կեսն էլ, բայց՝ շատ հազվադեպ»: Նյարդաբանի խոսքով՝ ցավային նոպաները տևում են մի քանի ժամից մինչև 72 ժամ։ «Ցավը բավականին ուժգին է, հաճախ պահանջում է դեղորայքով կասեցում, քանի որ խանգարում է անձի մյուս ակտիվությանը։ Միգրենին բնորոշ է երիտասարդ չափահասության տարիքում սկսվելը, հաճախ հայտնաբերվում են այլ արյունակից հարազատներ, ովքեր նույնպես ունեն կամ ունեցել են գլխացավ»,-ասաց Սամսոն Խաչատրյանը և ավելացրեց, որ միգրենոզ աուրան սովորաբար նախորդում է գլխացավին, ունի տեսադաշտում հայտնվող սև սահմանափակ դաշտի տեսք՝ սկոտոմա է կոչվում, որում կարող են լինել փայլեր, և որը րոպեների ընթացքում տեղաշարժվելով կենտրոնից դեպի ծայրամաս անհետանում է տեղը զիջելով գլխացավին։ «Կարող են լինել նաև այլ նշաններ՝ գլխապտույտ, թմրածություն վերջույթներում և այլն»,-շեշտադրեց մասնագետն ու հորդորեց բժշկի, իսկ ավելի ստույգ նյարդաբանի դիմել.
1. Երբ երբևէ չի հետազոտվել պացիենտը
2. Երբ գլխացավի նոպաները հաճախացել են
3. Երբ պացիենտի գլխացավի հերթական նոպան շատ ավելի ուժեղ է, քան նախորդները, կամ տեղակայումը տարբերվում է, մի խոսքով տեղի է ունեցել սովորական պատկերի ձևափոխում,
4. Երբ նախկինում օգնած դեղորայքը սկսում է չօգնել
5. Երբ հայտնվել են նոր նյարդաբանական նշաններ, օրինակ, ուշագնացություն, ցնցումներ, թմրածություն կամ թուլույթուն վերջույթներում։
Անրադառնալով խնդրի առաջացման պատճառների նյարդաբանն ասաց. «Միգրենի պատճառներն անհայտ են, սակայն ախտաբանական որոշ մեխանիզմներ արդեն պարզված են։ Հայտնի են օրինակ կենտրոններ ուղեղաբնում, որոնք սկիզբ են տալիս աուրային, նաև տեղի է ունենում գլխուղեղի մակերեսի և շրջակա թաղանթների զարկերակների բորբոքում,որոնք բացատրում են միգրենոզ նոպայի տարբեր փուլերը»:
Ինչ վերաբերում է բուժելի՞ է այն, թե՞ ոչ, Սամսոն Խաչատրյանը նշեց, որ ապաքինելի չէ, բայց բուժելի է։ «Ցավոք հնարավորություն չկա ի սպառ վերացնելու հիվանդությունը՝ այսինքն ապաքինելու, բայց ազդել ընթացքի վրա հնարավոր է։ Նաև հաշվի առնենք, որ իր բնական ընթացքով էլ միգրենն ավելի սուր ու ծանր է ընթանում սովորաբար երիտասարդ տարիքում, հետագայում դանդաղ մեղմանալով, իսկ երբեմն վերանալով։ Սակայն լինում են բացառություններ»,-ընդգծեց մասնագետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ