Գլխավոր էջ Uncategorized Ինչ են անելու առողջապահության նախարարության ներկայացուցիչները խոշոր կլինիկաներում

Ինչ են անելու առողջապահության նախարարության ներկայացուցիչները խոշոր կլինիկաներում

1987
0
 Երևանի հինգ խոշոր բժշկական կենտրոններում՝ Արաբկիր, Էրեբունի, Մուրացան, Աստղիկ և  Շենգավիթ, առողջապահության նախարարությունը կունենա մշտական ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացել ենք  ՀՀ առողջապահության նախարարություն  Ֆեյսբուքյան էջից: Նպատակը պետպատվերով  իրականացվող ծառայություններն ավելի արդյունավետ դարձնելն է:

Առողջապահության ոլորտի խնդրահարույց հարցերից մեկը պետպատվերով բուժումն է։ «Թեժ գծով» ստացված ահազանգերի մեծ  մասը վերաբերում է հենց պետպատվերին։ Շաբաթվա կտրվածքով առողջապահության նախարարությունը  ստանում է շուրջ 250 բողոք՝ զանգերի, գրավոր կամ  բանավոր  դիմումների տեսքով։ Պետական առողջապահական գործակալության պետ  Ծաղիկ Վարդանյանն ասում է, որ քաղաքացիներից ստացված բողոքները տարբեր են.

«Սկսած սոցփաթեթի շահառուներից՝ բազայում ներառվել են, թե ոչ, պետական պատվերների խնդիրներից մինչև  բուժանձնակազմի վերաբերմունքի հետ կապված հարցեր։ Խնդիրն այն է, որ նախարարությունը  չունի այն գործիքակազմը, որ տեղում  կարողանա ստուգել քաղաքացիների դիմում- բողոքները, հասկանա, թե իրականում ինչ է կատարվում, որտեղ է օբյեկտիվության և սուբյեկտիվության սահմանը»։

Հանրապետության տարբեր բուժհաստատություններում, հիմնականում հիվանդանոցներում,  պետպատվերից տարեկան օգտվում է շուրջ 300 000 քաղաքացի։ 2020թ-ին  շրջանակն ընդլայնվելու է։ Պետպատվերի շրջանակում, սակայն, քաղաքացի–բուժհաստատություն երկխոսությունը միշտ չէ, որ հարթ է ընթանում։ Հաճախ կամ հիվանդի հերթն է ուշանում, կամ քաղաքացին ինչ–ինչ պատճառներով զրկվում է  պետպատվերից օգտվելու հնարավորությունից։  Այս խնդիրները լուծելու համար առողջապահության նախարարությունը  որոշել է իր ներկայացուցիչներն ունենալ հանրապետության հինգ խոշոր բժշկական կենտրոններում։ Նրանք  հետևելու են  պետական առողջապահական ծրագրերի որակին  և հասցեականությանը՝ ասում է  ԱՆ  պետական առողջապահական գործակալության պետը․

«Այն կազմակերպություններում, որոնք պետպատվերով ծառայություններ իրականացնելու համար  500 մլն և ավելի գումար են ստանում, կներդրվի ԱՆ մշտական ներկայացուցչի ինստիտուտը։ Գումարի չափը ենթադրում է ծառայությունների մատուցման քանակ։ Առաջին փուլում այն կազմակերպություններն են, որտեղ քաղաքացիների մեծ հոսք է»։

Խոսքը  Արաբկիր, Էրեբունի, Աստղիկ և  Շենգավիթ  բժշկական կենտրոնների և  Մուրացան մանկական հիվանդանոցի մասին է։  Ծաղիկ Վարդանյանը կարծում է, որ ներկայացուցիչների ինստիտուտը  կօգնի պետպատվերով բժշկական օգնություն ստացող քաղաքացիների խնդիրները տեղում լուծելուն:

«Մինչև հիմա քաղաքացին պետք է գրավոր կամ  բանավոր դիմեր նախարարություն, հետո սպասեր, թե ինչպես է լուծվելու խնդիրը, հետո էլ հասկանար՝ լուծումն օրենսդրական ակտերի սահմանո՞ւմ է , թե՞ ոչ: Հիմա մեր ներկայացուցիչներին  հրահանգված է՝ եթե քաղաքացիներն  ունեն  խնդիր կամ մասնագիտական խորհրդատվության կարիք, անմիջապես տեղում լուծում տալ»։

Ներկայացուցիչները կունենան առանձին սենյակներ՝ «Առողջապահության նախարարության մշտական ներկայացուցիչ» ցուցանակներով։ Կլինեն նաև իրազեկող պաստառներ պետպատվերով մատուցվող  ծառայությունների մասին:  Նախարարությունը մտադիր է ընդլայնել  բժշկական կենտրոնների ցանկը՝ հասնելով  մարզեր։

Հոդված՝ Անահիտ Սարգսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ